Հա

Քաղաքական

22/09/2021 - 13:50

«Ծիծեռնակաբերդը պղծելը, ոչնչացնելը, Հայոց Ցեղասպանութեան յիշողութիւնն ամբողջովին աղաւաղելը գնում է երեք շղթայով՝ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ». Հայկ Դեմոյեան

Միջոցառման ընթացքում Հանրապետութեան հրապարակի երկնակամարում յայտնւեցին ՀՀ եռագոյնի, Մեսրոպ Մաշտոցի եւ մի քանի այլ պատկերներ։ Լուսային յատուկ էֆեկտներով հրապարակում պատկերւեց նաեւ Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիրի՝ Ծիծեռնակաբերդի յուշակոթողը։ Այս հանգամանքը զարմանք է առաջացրել հանրութեան շրջանում, թէ ի՞նչ կապ ունի յուշակոթողը «գունագեղ» միջոցառման հետ։

«alikonline.ir» - Սեպտեմբերի 21-ին Հանրապետութեան հրապարակում իշխանութիւնը ցուցադրեց անկախութեան 30-ամեակին նւիրւած մասշտաբային ու գունագեղ միջոցառումը, որի մասին Նիկոլ Փաշինեանը յայտարարել էր դեռեւս սեպտեմբերի 8-ին՝ կառավարութեան նիստի ժամանակ։

Թէեւ 44-օրեայ պատերազմում զոհւած տղաների ծնողները, հարազատները իշխանութիւններից պահանջում էին չեղարկել գունագեղ միջոցառումը, քանի որ իրենց տղաների մահւան մէկ տարին դեռ չի լրացել, եւ միջոցառման գումարով կարող էին օգնել այն ընտանիքներին, որոնք պատերազմի հետեւանքով կորցրել են իրենց տունը, սակայն իշխանութիւնը նրանց կոչերն անտեսելով՝ իրականացրեց «գունագեղ» միջոցառումը։

Միջոցառման ընթացքում Հանրապետութեան հրապարակի երկնակամարում յայտնւեցին ՀՀ եռագոյնի, Մեսրոպ Մաշտոցի եւ մի քանի այլ պատկերներ։ Լուսային յատուկ էֆեկտներով հրապարակում պատկերւեց նաեւ Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիրի՝ Ծիծեռնակաբերդի յուշակոթողը։ Այս հանգամանքը զարմանք է առաջացրել հանրութեան շրջանում, թէ ի՞նչ կապ ունի յուշակոթողը «գունագեղ» միջոցառման հետ։

168.am-ի հետ զրոյցում անդրադառնալով այս հանգամանքին, Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի նախկին տնօրէն, պատմական գիտութիւնների դոկտոր Հայկ Դեմոյեանն ասաց, թէ չի ուզում գնահատել միջոցառման բովանդակութիւնը, որովհետեւ ապաշնորհ գործ կը լինի՝ մեկնաբանել մի համերգի մտայղացում, որի գլխաւոր շարժիչ ուժը եղել է մեծ փողեր դուրս գրելը՝ հարկատուների հաշւին։

«Համոզւած եմ, այդ ամէնն արւել է վաղուց մշակւած սցենարի հիման վրայ։ Ես չեմ ուզում հանդէս գալ նրանց գնահատական տւողի կամ քննադատի դերում, որովհետեւ, ինչպէս ասում են, դա արքայական գործ չէ։ Բայց որ Ծիծեռնակաբերդն իրենք վերջին երեք տարիների ընթացքում յաջողութեամբ մսխեցին, հնարաւորինս բոլոր ձեւերով պղծեցին, այնտեղ արւեցին բոլոր այլանդակութիւնները՝ փաստ է։ Ֆէյսբուքեան իմ էջում մօտ մէկ շաբաթ առաջ հրապարակեցի կոնկրետ մեղադրանքներ, որոնք ուղղւած էին թանգարան-ինստիտուտի տնօրէն Յարութիւն Մարութեանին, բայց այստեղ պէտք է հասկանալ, թէ ովքեր են գլխաւոր հասցէատէրերը։ Յարութիւն Մարութեանին ընտրող հոգաբարձուների խորհուրդն է մեղաւոր, իսկ այն ձեւաւորւել է Նիկոլ Փաշինեանի որոշմամբ՝ 2018 թւականի յունիսի 15-ին։ Ծիծեռնակաբերդը պղծելը, ոչնչացնելը, Հայոց Ցեղասպանութեան յիշողութիւնն ամբողջովին աղաւաղելը գնում է երեք շղթայով՝ Նիկոլ Փաշինեան, հոգաբարձուների խորհուրդ, տնօրէն»,- նշեց Հայկ Դեմոյեանը։

Ըստ նրա, իր հասկանալով՝ միջոցառման ժամանակ խորհրդանիշների խառնիճաղանջ կոյտ էր ներկայացվում՝ Հայկ Նահապետ, Սարդարապատ։

«Այդ ամէնն այնքան չարչրկւած ու հին են, որ որքան էլ իրենք փորձեն ներկայացնել սիւր ու աննախադէպ՝ չի ստացւում։ Երբ Հայոց Ցեղասպանութեան տարելիցին յուշահամալիրի վրայ հրապարակւեց մարդկանց անուններ, յաջորդ օրը յիշո՞ւմ էք՝ ինչպիսի կենացներ էին հնչում կազմակերպիչներին նւիրւած։ Նիկոլ Փաշինեանն անուն առ անուն յիշատակում էր, թէ ովքեր են գլուխգործոցներ ստեղծողները, ովքեր են ապահովել լուսային դիզայնը։ Հիմա էլ այն նոյն մարդիկ են, որոնք աշխատում են, նոյն փողերը բաշխւում են նոյն հասցէներով, հարստանում են նոյն մարդիկ՝ գործում է այս սխեման։ Այս ամենով նաեւ փոշի են փչում չտես զանգւածի աչքին, որոնց համար այդ ամէնը վերջին գլուխգործոցն է, այս ամէնն անիմաստ բան էր։ Կարող էին աւելի զուսպ միջոցառում կազմակերպել, լինել այն մարդկանց կողքին, ովքեր ուշադրութեան կարիք ունեն, իսկ մենք գիտենք՝ այդ մարդիկ ովքեր են»,- եզրափակեց Հայկ Դեմոյեանը։

 

Զւարթ Խաչատրեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։