Հա

Քաղաքական

23/09/2021 - 12:10

«Ապօրինի է պնդելը, որ Սովետական քարտէզներն են Հայաստան-Ադրբեջան բաժանման հիմքը»․ Արամ Օրբէլեան

Կոորդինատներ եւ քարտէզ չկայ ո՛չ Վարչատարածքային բաժանման մասին օրէնքի նախագծում, չկայ օրէնսդրական փաթեթում, չկայ ԱԺ ընդունած փաստաթղթերում, չկայ դրա հիման վրայ ընդունած քարտէզ որեւէ մարմնի կողմից, կայ օրէնք, որն ասել է՝ սա Հայաստան է, սա Ադրբեջան է, սա՝ Արցախի հարցն է, բայց գիծը որտեղ է՝ այստե՞ղ է, թէ՞ մի քիչ վերեւ կամ ներքեւ է, չկայ, հետեւաբար այդ հարցերը պէտք է քննարկման դառնան՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց միջազգային իրաւունքի մասնագէտ Արամ Օրբէլեանը:

«alikonline.ir» - Կոորդինատներ եւ քարտէզ չկայ ո՛չ Վարչատարածքային բաժանման մասին օրէնքի նախագծում, չկայ օրէնսդրական փաթեթում, չկայ ԱԺ ընդունած փաստաթղթերում, չկայ դրա հիման վրայ ընդունած քարտէզ որեւէ մարմնի կողմից, կայ օրէնք, որն ասել է՝ սա Հայաստան է, սա Ադրբեջան է, սա՝ Արցախի հարցն է, բայց գիծը որտեղ է՝ այստե՞ղ է, թէ՞ մի քիչ վերեւ կամ ներքեւ է, չկայ, հետեւաբար այդ հարցերը պէտք է քննարկման դառնան՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց միջազգային իրաւունքի մասնագէտ Արամ Օրբէլեանը՝ խօսելով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Խորհրդային վարչատարածքային գծով բաժանելու՝ այսօր սփռւող մտայնութեան մասին։

«Հարցը հետեւեալն է՝ արդեօ՞ք մենք ընդունում ենք, որ Հայաստան-Ադրբեջան սահմանն անցնում է Խորհրդային քարտէզով, թէ՞ ոչ․ եթէ մենք ընդունում ենք, որ դա անցնում է Խորհրդային քարտէզներով, ոչ մի քննադատութիւն ես չունեմ։ Եթէ չենք ընդունում, ոչ թէ կարող էինք, այլ պարտաւոր էինք չյանձնել նաեւ Արցախի՝ ազատագրւած տարածքները։ Մենք մարդկանց անուղղակի սվորեցրել ենք, որ Սովետական քարտէզներն են բաժանման հիմքը՝ այն Ադրբեջանն է, սա՝ Հայաստանը․ նման պնդումը ապօրինի է եւ, իմ գնահատմամբ, եթէ դա արւում է պետական իշխանութիւնների կողմից, յանցագործութիւն»,- ասաց Արամ Օրբէլեանը։

Նա պնդեց, որ նախ՝ պէտք է որոշւի, թէ ինչ սկզբունքով է գծւելու սահմանը։

«Պէտք է սկսենք բանակցային գործընթաց, որի շրջանակում պէտք է քննարկենք սկզբունքները․ ես գտնում եմ, որ դրանք պէտք է լինեն արդարութեան եւ տրամաբանութեան սկզբունքները։ Եթէ Ադրբեջանը համաձայնութիւն չի տալիս, ապա մենք պէտք է հարց բարձրացնենք, որ այս խնդիրը պէտք է լուծւի միջազգային դատարանի կամ արբիտրաժի կողմից»,- ասաց իրաւագէտը։

Օրբէլեանը վստահեցրեց, որ միեւնոյն է՝ ինչ էլ որոշի արբիտրաժը, աւելի վատ չի լինելու, քան այն, ինչ արւում է հիմա։

«Վատագոյն սցենարը կարող է լինել, որ ասեն՝ փոքր Հայաստանի քարտէզն էք վերցնում, դա 70-ականների քարտէզն է։ Ընդ որում հիմա վերցրել են այն քարտէզը, որտեղ Հայաստանը ամենափոքրն է։ Մենք ունեցել ենք 31 հազար քառ․ կմ-անոց տարածք՝ չհաշւած Արցախը, որով մտել ենք Խորհրդային Միութիւն, սկսել ենք փոքրանալ, փոքրանալ, յետոյ 89-90 թթ Հայաստանը մի քիչ մեծացել է, չէ՛, դա հաշւի չեն առնում, յետ են գնացել այն շրջան, երբ Հայաստանն ամենափոքրն է եղել»,- ասաց Արամ Օրբէլեանը։

Այս պատճառով նա շատ կարեւոր է համարում, որ ֆիքսենք, որ չենք ընդունում Խորհրդային քարտէզների հիման վրայ սահմանագծումը․ դա գործիքներից մէկն է, որը կարող ենք նայել, եթէ պէտք է՝ քննարկման առարկայ դարձնել, բայց պէտք է գնահատւի «արդարութեան» սկզբունքը։

«Արդարութեան սկզբունքը ենթադրում է տրամաբանական մօտեցում՝ ճանապարհի մի հատւածը չի կարող անցնել ուրիշին, դա միջպետական ճանապարհ է եւ որեւէ տրամաբանութիւն չկայ, որ ճանապարհի վրայ տեղ-տեղ այլ պետութիւն մտնի, այդ ճանապարհը ամբողջութեամբ պէտք է լինի մեր վերահսկողութեան տակ։ Ընդ որում, ամբողջապէս պէտք է լինի հայկական տարածքում եւ ոչ թէ ճանապարհի եզրով լինի սահմանը, որտեղ ադրբեջանցիները կանգնած լինեն, այլ մի քանի կիլոմետր խորութեամբ»,- ասաց իրաւագէտը։

Սա նշանակում է, որ անթոյլատրելի է ադրբեջանական անունն օգտագործել, ասենք, Քեարքի կամ հայկական Տիգրանաշէն, ու դրա հիման վրայ քննարկել՝ Ադրբեջա՞ն է, թէ՞ Հայաստան․ դա Հայաստա՛ն է, չի կարող քննարկման առարկայ դառնալ՝ Տաւուշի մարզում ինչ-որ տարածքներ տալի՞ս ենք Ադրբեջանին, որովհետեւ դա նշանակում է Հայաստանի ամբողջական բլոկադա եւ խեղդում, սա Հայաստանի անվտանգութեան խնդիրն է եւ «արդարութեան» սկզբունքը ենթադրում է, որ Հայաստանը չի կարող սահմանային բլոկադայի ենթարկւել ամբողջապէս։

Այս գործընթացին զուգահեռ՝ մինչեւ սահմանազատման յանձնաժողով գնալը, Արամ Օրբէլեանը կարեւոր է համարում, որ ՀՀ ԱԺ յանձնաժողովի նախագահը վեր չկենայ եւ չասի՝ օգտագործել ենք ադրբեջանական անուններ, որովհետեւ մենք գտնում ենք, որ դա Հայաստան չէ․ ինչո՞ւ, որովհետեւ պետութեան տարածքի հարցերը դա ինչ-որ առանձին քաղաքան գործիչների որոշման հարց չէ, դրանք ունեն ընդունման յատուկ ընթացակարգ, այդ թւում նաեւ Սահմանադրական դատարանի միջոցով դրանց սահմանադրականութեան քննարկման հարց, այդ թւում նաեւ, ըստ անհրաժեշտութեան, որակեալ մեծամասնութեան հարց կարող է առաջանալ։

«Սրանք գործընթացներ են, որ պէտք է անցնել եւ, հետեւաբար, կարող ենք քննարկել, ունենալ փաստաթուղթ, ինչ ուզում են, թող գրեն՝ թէկուզ Երեւանն էլ է Ադրբեջան, բերեն, ԱԺ-ում քննարկենք, անցնի կամ չանցնի, բայց չենք կարող մինչեւ այդ բերել-քննարկելը յայտարարել, որ մենք ընդունում ենք, որ դա մեզ համար վերջնական է․ ինչո՞ւ, որովհետեւ միջազգային իրաւունքում պետութեան ներկայացուցիչների միակողմանի յայտարարութիւնները, որոնք արւել են հրապարակային, նոյնպէս միջազգային իրաւունքի աղբիւր են եւ դա կարող է պարտադիր դառնալ երկրի համար»,- ասաց Արամ Օրբէլեանը։

Նա նաեւ անհրաժեշտ համարեց միջազգային իրաւական լուրջ գործիքակազմ կիրառել, անել ներառական գործընթացներ։

«Այսինքն, ՀՀ տարածքում առկայ է հսկայական ռեսուրս եւ հայկական Սփիւռքում առկայ է հսկայական ռեսուրս, ի յաւելումն դրա, եթէ չենք կարողանում կամ անվճար կամ էժան գնով այդ ռեսուրսը իրացնել հետազօտական ինստիտուտների, առանձին անհատների միջոցով, կայ նաեւ միջազգային բաւականին մեծ պրակտիկա՝ խորհրդատուներ, գործընկերներ, պէտք է նրանց հետ աշխատել»,- ասաւ Արամ Օրբէլեանը։

Նա յիշեցրեց, որ Ադրբեջանը նոր հրապարակել է անգլիացի մի շարք իրաւաբանների կողմից մշակւած՝ «Հայաստանի կողմից Ադրբեջանում իրականացւած յանցագործութիւնների մասին» զեկոյց։ Այս զեկոյցի համար առանձին կայք են բացել։ Ադրբեջանը վարձել է իրաւաբաններ եւ աուդիտորներ, ովքեր հաշւում են օկուպացիայի արդիւնքում հասցւած վնասը։ Հայաստանն ի՞նչ գործընթացներ է անում․ ինչ-որ պրոցեսներ տեղի ունենում են, բայց, իրաւագէտի գնահատմամբ, խիստ սահմանափակ եւ խիստ ներքին՝ «մենք մեր ուժերով ինչ կարող ենք, կանենք, մենք ուժեղ ենք, խելօք ենք» սկզբունքով։

 

Աննա Բալեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։