Հա

Քաղաքական

25/09/2021 - 08:30

«Ակնյայտ է, որ ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ գաղտնի կապեր եւ բանակցութիւններ կան, որոնք չեն բխում մեր երկրի շահերից». Իշխան Սաղաթելեան

Սեպտեմբերի 26-ին Գարեգին Նժդեհի հրապարակից համախմբման եւ ոգեկոչման երթ ենք անելու՝ ի յիշատակ մեր հերոսների։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրոյցի ընթացքում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը։

«alikonline.ir» - Սեպտեմբերի 26-ին Գարեգին Նժդեհի հրապարակից համախմբման եւ ոգեկոչման երթ ենք անելու՝ ի յիշատակ մեր հերոսների։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրոյցի ընթացքում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը։

Վերջինս, անդրադառնալով համայնքների խոշորացման նախագծին, այն որակեց հակասահմանադրական գործընթաց։

«Սա ապօրինի գործընթաց է, որովհետեւ ՍԴ-ի ուղիղ պահանջը չի իրականցվել։ Համապատասխան քննարկումներ չեն եղել, համայնքների բնակիչների կարծիքները հաշւի չեն առնւել։ Մենք խոշորացմանը դէմ չենք, բայց դէմ ենք նման կազմակերպմամբ համայնքների խոշորացմանը։ Սա քաղաքական պրոցես է` համայնքների ղեկավարներից ազատւելու, իրենց քաղաքական շահը առաջ տանելու համար։ Ապարանում, օրինակ, մէկ գիւղ միացրել են, որպէսզի ազատւեն համայնքի ղեկավարից եւ նշանակեն նոր ընտրութիւն։ Գեղարքունիքի 18 բնակավայրերից բաղկացած խոշորացւած Գեղամասար համայնքը մէկ քաղաքական նպատակով միացնում են Վարդենիսին։ Սա ապօրինի գործընթաց է, որին մասնակցելու պատճառ եւ հիմնաւորում չենք տեսնում»։

Սաղաթելեանը նշեց, որ համայնքներում կան դժգոհութիւններ, սակայն համայնքների ղեկավարները եւ աւագանու անդամները, հաշւի առնելով իշխանութիւնների գործելաոճը, համարձակութիւն չունեն դուրս գալու փողոց եւ իրենց դժգոհութիւնը յայտնելու։

Նիստին չմասնակցելու միւս հիմնաւորումը, Սաղաթելեանի խօսքով, երկում առկայ անվտանգութեան խնդիրների առաջնահերթութիւնն է։

«Ադրբեջանցիները ոստիկանական յենակէտ են դրել ՀՀ տարածքում, Նիկոլ Փաշինեանը «սիրախաղ» է սկսել Էրդողանի հետ, երկրում սպառնալիքները աւելի են խորանում, այս ֆոնին ընդունելի չէ գալ եւ մասնակցել այս ապօրինի գործընթացին»։

Հարցին` ինչ ընթացքի մէջ է պաշտպանութեան նախարարի, ԱԱԾ տնօրէնի հետ ԱԺ-ում փակ հանդիպումներ կազմակերպելու պայմանաւորւածութիւնը, Սաղաթելեանը նշեց, որ թէեւ կայ պայմանաւորւածութիւն, սակայն տարբեր մանկական պատճառներով այն դեռ տեղի չի ունեցել։

«Հայաստանին այս պահին սպասում է թուրքացման գործընթաց, մենք ունենք լրջագոյն մտահոգութիւն՝ այս ամենի հետ կապւած։ Պատահական չէր, որ եւս Էրդողանը յայտարարեց, որ Հայաստանից ստանում են դրական ազդակներ։ Ակնյայտ է, որ գաղտնի կապեր եւ բանակցութիւններ կան ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ, եւ դա չի բխում ՀՀ շահերից։ Թուրքիայի երեք նախապայմաններին, այն է` հրաժարում Արցախից, Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացից, ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականութիւնը, աւելացել է եւս չորրորդը` միջանցք Սիւնիքով։ ՀՀ իշխանութիւնները ո՞ր նախապայմանն են պատրաստ բաւարարել»։

Խօսելով փողոցային պայքարի եւ ընդդիմութեան նկատմամբ ունեցած ժողովրդի մի մասի հիասթափութիւնից՝ Սաղաթելեանն ընդգծեց.

«Մենք ծանօթ ենք մեր բազմաթիւ քաղաքացիների կարծիքներին, մարդիկ մեզ ձայն են տւել, որպէսզի մեր միջոցով հեռացնեն այս իշխանութիւններին, որը չի բաւարարւել, եւ դժգոհութիւններ կան։ Անհրաժեշտ է ժողովրդի նոր համախմբում, աւելի լայն զանգւածների կազմակերպում։ Մենք սկսելու ենք փողոցային պայքարը, որովհետեւ միայն խորհրդարանական գործունեութեամբ չենք կարող չէզոքացնել երկրում առկայ սպառնալիքները։ Ամսի 26-ից յետոյ պարբերաբար կը տեսնեք տարբեր ակցիաներ եւ գործողութիւններ, իսկ հոկտեմբերից «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորները սկսելու են մարզային այցելութիւններ»։

Անդրադառնալով բազմաթիւ քաղաքացիների այն մտահոգութիւններին, որ Տաւուշում ադրբեջանցիները վրան են խփել, առաջխաղացում են ունեցել՝ Սաղաթելեանը ասաց.

«Իշխանութիւնները այլեւս չեն ժխտում, որ նոր զիջումների եւ կապիտուլեացիայի չեն գնալու, իրենք փորձում են դա հիմնաւորել՝ ասելով, որ այդ տարածքները ադրբեջանական են։ Իշխանութիւնները մեծ ձեռքբերում են համարում, որ ճանապարհից գերեվարւած քաղաքացիներին կարողանում են ինչ-որ ճանապարհով յետ բերել, բայց չեն ասում՝ ինչպէս գերեվարւեց։ Ընդդիմութիւնը պէտք է կազմակերպի հասարակութեանը, կանխի Հայաստանի թուրքացումը եւ մեր պետականութեան կործանումը։ Եթէ հայ ժողովուրդը դուրս գայ փողոց եւ ասի՝ ես պատրաստ չեմ գնալ նոր կապիտուլեացիայի, այս իշխանութիւնները յաջորդ օրը կը հեռանան»։

Իշխան Սաղաթելեանը յայտարարեց ընդդիմութեան կողմից փողոցային պայքարը վերսկսելու մասին։

«Միայն խորհրդարանական գործունէութեամբ այն մարտահրաւէրները, սպառնալիքները, որոնց առջեւ մեր երկիրը կանգնած է, չենք կարող չէզոքացնել: Սեպտեմբերի 26-ին ունենք երթ, դրանից յետոյ կը տեսնեք բազմաթիւ ակցիաներ եւ գործողութիւններ»։

Պատգամաւորը յայտնեց, որ հոկտեմբերից «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորները վերսկսելու են նաեւ մարզային այցելութիւններ։

«Սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը պլանաւորւած բազմաթիւ միջոցառումներ կան»,- յաւելեց Սաղաթելեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։