Հա

Քաղաքական

26/09/2021 - 10:00

Իրանի դեսպանատունը շեշտել է Կապան-Գորիս ճանապարհի երթեւեկութիւնը երաշխաւորելու կրկնակի կարեւորութիւնը

Սիւնիքի տարածքում նոր սահմանազատումների վերաբերեալ պայմանաւորւածութիւնների հետեւանքով Կապան-Գորիս ճանապարհի երթեւեկութիւնը երաշխաւորելու անհրաժեշտութիւնը եւ տրանսպորտային փոխադրումների կարգաւորման ջանքերը կրկնակի կարեւոր են դարձել ինչպէս Իրանի Իսլամական Հանրապետութեան, այնպէս էլ Հայաստանի Հանրապետութեան համար:

«alikonline.ir» - Սիւնիքի տարածքում նոր սահմանազատումների վերաբերեալ պայմանաւորւածութիւնների հետեւանքով Կապան-Գորիս ճանապարհի երթեւեկութիւնը երաշխաւորելու անհրաժեշտութիւնը եւ տրանսպորտային փոխադրումների կարգաւորման ջանքերը կրկնակի կարեւոր են դարձել ինչպէս Իրանի Իսլամական Հանրապետութեան, այնպէս էլ Հայաստանի Հանրապետութեան համար: Այդ մասին «Արմէնպրես»-ի հարցմանն ի պատասխան յայտնել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան (ԻԻՀ) դեսպանութիւնից՝ անդրադառնալով Կապան-Գորիս աւտոճանապարհին իրանցի վարորդների համար ադրբեջանցիների՝ իրենց վերահսկողութեան տակ անցած հատւածներում առաջացրած խոչընդոտներին:

Իրանի դեսպանատունը նաեւ տեղեկացրել է, որ հայ պաշտօնեաների բացատրութիւնները մեծ յոյսեր են ներշնչում միջպետական ճանապարհի՝ Տաթեւով անցնող այլընտրանքային ուղու արագ զարգացման վերաբերեալ, եւ Իրանը յոյս ունի, որ մօտ ապագայում ականատեսը կը լինենք անվտանգ ենթակառուցւածք ունեցող ճանապարհի բացման: Միեւնոյն ժամանակ, իրանական կողմը ակնկալում է, որ մինչեւ այլընտրանքային ճանապարհի շահագործումը ընթացիկ ճանապարհով երթեւեկութիւնը կը շարունակւի իր բնականոն հունով:

Ստորեւ ներկայացնում ենք «Արմէնպրես»-ի եւ Իրանի դեսպանութեան հարցուպատասխանը:

 

Հարց - Ըստ պաշտօնական հաղորդագրութեան՝ սեպտեմբերի 22-ին Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին Հայաստանի ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է ս. թ. օգոստոսի վերջից միջպետական ճանապարհի Կապան-Գորիս հատւածում Ադրբեջանի առաջացրած խոչընդոտներին՝ մտահոգութիւն է յայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցւածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների վերաբերեալ: Ի՞նչ տեղեկութիւններ կարող էք հաղորդել այդ խնդիրների կարգաւորման ուղղութեամբ ձեռնարկւող գործողութիւնների ընթացքից եւ խնդրի շուրջ հայկական եւ յատկապէս ադրբեջանական կողմի հետ քննարկումների վերաբերեալ: Ադրբեջանական կողմը շարունակո՞ւմ է խոչընդոտներ առաջացնել իրանցի վարորդների համար Կապան-Գորիս աւտոճանապարհին:

Պատասխան - Վերջին ամիսներին դեսպանատունը, ՀՀ համապատասխան մարմինների հետ խորհրդակցելիս, փորձել է գնահատել Գորիս-Կապան ճանապարհի յատուկ վիճակը, դրա շահագործման հեռանկարները եւ տարբեր կողմերը՝ կապւած այս ճանապարհից եւ այլ հնարաւոր ճանապարհից ապրանքների եւ ուղեւորների տարանցման հետ: Կասկած չկայ, որ մինչեւ այս ճանապարհի ներկայ փուլը այն եղել է երկու երկրների միջեւ առեւտրի շարունակման եւ երկու երկրների քաղաքացիների տեղաշարժի հիմնական ուղին: Այնուամենայնիւ, Սիւնիքի տարածքում նոր սահմանազատումների վերջին պայմանաւորւածութիւնների արդիւնքում՝ երթեւեկութիւնը երաշխաւորելու անհրաժեշտութիւնը եւ տրանսպորտային փոխադրումների կարգաւորման ջանքերը կրկնակի կարեւոր են դարձել ինչպէս Իրանի Իսլամական Հանրապետութեան, այնպէս էլ Հայաստանի համար:

Մենք հաւատում ենք, որ Հայաստանի ցամաքային ճանապարհի անվտանգութիւնը, անկախ դրա դրական ազդեցութիւններից ներկայիս կապի հարթութեան վրայ, կարող է տարածաշրջանի կայուն պատկերը ներկայացնել երկու երկրների եւ տարածաշրջանի գործարարներին ու ներդրողներին եւ ուղղորդել նրանց պլանաւորելու իրենց տնտեսական գործունէութիւնը եւ բարձրացնելու փոխազդեցութիւնների մակարդակը: Այս երկկողմանի ճանապարհի անվտանգութիւնը, ի լրումն, կարող է ցոյց տալ Հայաստանի յուսալի դիրքը տարածաշրջանում ենթակառուցւածքների խոշոր նախագծերի առաջխաղացման համար: Անկասկած, այն, ինչ վերջին ամիսներին առաջարկւում էր որպէս նպատակ՝ վերացնել տարածաշրջանի տրանսպորտային ուղիների արգելափակումը, նոյնպէս այս ձեւաչափով է, որ արդիական է դառնում:

 

Հարց - Սկզբունքորեն ինչպէ՞ս կարող է, ըստ Ձեզ, լուծւել Իրանը Հայաստանին կապող ճանապարհի խնդիրը: Ունէ՞ք արդեօք առաջարկւած ինչ-որ բանաձեւ այդ հարցի առնչութեամբ:

Պատասխան - Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանի եւ պարոն Արմէն Գրիգորեանի վերջին հանդիպմանը քննարկւել է Գորիս-Կապան ճանապարհի առանձնայատուկ վիճակը եւ այն անսովոր գործողութիւնը, որն իրականացւում է միայն իրանական բեռնատարներից տուրքերի գանձման ուղղութեամբ եւ ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնութիւնները: Հայ պաշտօնեաների բացատրութիւնները մեծապէս յոյսեր են ներշնչում Տաթեւի այլընտրանքային ուղու արագ զարգացման վերաբերեալ, եւ մենք յոյս ունենք, որ մօտ ապագայում ականատեսը կը լինենք անվտանգ ենթակառուցւածք ունեցող ճանապարհի բացման:

Իհարկէ, Իրանի Իսլամական Հանրապետութիւնն ակնկալում է, որ մինչեւ այլընտրանքային ճանապարհի շահագործումը ընթացիկ ճանապարհով երթեւեկութիւնը կը շարունակւի իր բնականոն հունով: Տարբեր առիթներով այս նկատառումները բարձրացւել են հայ պաշտօնեաների մօտ: Միեւնոյն ժամանակ, այս հարցը, բացի Հայաստանի կառավարութեան կողմից իր գործընկերների հետ պատշաճ ուշադրութիւնից եւ խորհրդակցութիւնից, պահանջում է այլ կողմերի ջանքերը: Հետեւաբար, Հայաստանի իշխանութիւնների հետ Իրանի Իսլամական Հանրապետութեան ակնկալիքները յայտնելուն զուգահեռ, առանձին հետեւումներ են ընթանում այլ կողմերի, այդ թւում՝ Ադրբեջանի պաշտօնեաների հետ:

 

Հարց - Ադրբեջանի գործողութիւններում քաղաքական ենթատեքստեր տեսնո՞ւմ էք՝ հաշւի առնելով ոչ վաղ անցեալում ադրբեջանական մամուլում հրապարակւած այն տեղեկութիւնները, որ իրանցիները բեռնափոխադրումներ են կատարում դէպի Արցախի Հանրապետութիւն:

Պատասխան - Երկկողմ հարթութիւնում, համագործակցութեան ծրագրերն աւելի առաջ մղելու նպատակով, պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել երկու երկրների միջեւ անցկացնել տնտեսական համագործակցութեան համատեղ յանձնաժողով, որը, յոյսով ենք, շուտով կիրականացւի: Բարեբախտաբար, Դուշանբէում կայացած գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցաւ երկու նախագահների կառուցողական բանակցութիւնները, եւ կայ համատեղ համագործակցութեան ընդարձակ ծրագիր:

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։