Հա

Քաղաքական

28/09/2021 - 09:50

«Պատերազմը Արցախ եւ Հայաստան բերել է Նիկոլ Փաշինեանը». Էդգար Ղազարեան

Պատերազմը միշտ զսպւել է երկու հիմնական միջոցներով՝ առաջինը ռազմական հաւասարակշռութիւնն էր, որ Հայաստանը պահում էր Ադրբեջանի հետ յարաբերութիւններում՝ չնայած իր սահմանափակ ռեսուրսներին, միւսը դիւանագիտական ջանքերն էին՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանի Հանրապետութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Էդգար Ղազարեան։

«alikonline.ir» - Պատերազմը միշտ զսպւել է երկու հիմնական միջոցներով՝ առաջինը ռազմական հաւասարակշռութիւնն էր, որ Հայաստանը պահում էր Ադրբեջանի հետ յարաբերութիւններում՝ չնայած իր սահմանափակ ռեսուրսներին, միւսը դիւանագիտական ջանքերն էին՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանի Հանրապետութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Էդգար Ղազարեան։

Ռազմական հաւասարակշռութիւնը պահելուն մեծապէս օգնում էր ՀԱՊԿ-ին մեր անդամակցութիւնը, նշեց նա, ինչը հնարաւորութիւն էր տալիս Ռուսաստանի ներքին գներով ձեռք բերել սպառազինութիւնների այնպիսի տեսակներ, որոնք բացառիկ էին, մասնաւորապէս, «Իսկանդեր» համակարգերը, որ Ռուսաստանի զինւած ուժերից բացի միակ երկիրը, որ իր տնօրինութեան տակ ունէր՝ դա Հայաստանն էր։

Հայաստանի կողմից իրագործւող դիւանագիտական ջանքերի յաջողութիւնը, նրա խօսքով, հասել էր այնտեղ, որ մշտապէս Հայաստանի եւ համանախագահ երկրների տեսակէտները համընկնում էին՝ ի հակադրութիւն Ադրբեջանի։ Այսինքն, մինչեւ 2018 թ-ի իշխանափոխութիւնը եղել է մի իրողութիւն, որ Ադրբեջանի տեսակէտները մշտապէս հակադրւել են Ադրբեջանի տեսակէտների հետ։

Սա զսպող միջավայր է հանդիսացել, որպէսզի Ադրբեջանը չգնայ արկածախնդրութեան եւ պահպանւել է խաղաղութիւնը։

Իսկ այդ խաղաղութեան պահպանումը նպաստել է Արցախի եւ Հայաստանի տնտեսական, հասարակական յարաբերութիւնների զարգացմանը։

«Եւ ի՞նչ տեղի ունեցաւ 2018 թ-ին․ երբ Հայաստանի վարչապետ ընտրւեց Նիկոլ Փաշինեանը, մայիսի 8-ին տեղի ունեցաւ այդ չարաբաստիկ, ողբերգական իրադարձութիւնը, մայիսի 9-ին նա առաջին այցելութիւնը կատարեց Արցախ, եւ Արցախից յայտարարեց, որ ինքն այլեւս չի բանակցելու Արցախի անունից քանի դեռ Արցախի բնակիչները չեն մասնակցում Հայաստանի ընտրութիւններին եւ նա չի ստացել այդպիսի մանդատ Արցախի բնակիչներից։ Սա նշանակում էր բանակցային ձեւաչափի կտրուկ փոփոխութիւն, որովհետեւ այն, որ Հայաստանի պետութեան ղեկավարը պէտք է լինէր հայկական կողմից բանակցողը, դա ոչ միայն ընդունելի էր հիմնական միւս բանակցող կողմի՝ Ադրբեջանի համար, այլ նաեւ միջազգային հանրութեան համար՝ ի դէմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների, որոնք միջազգայնօրէն հաստատւած միակ ֆորմալ ձեւաչափն էին բանակցային գործընթացի համար»,- ասաց Էդգար Ղազարեանը։

Փաստօրէն, հայկական կողմից պաշտօնական բանակցելու իրաւունք ունեցողը, առանց քննարկելու ո՛չ ադրբեջանական կողմի հետ, ո՛չ համանախագահող երկրների հետ, ո՛չ էլ միջազգային այլ որեւէ գործընկերների հետ, միակողմանիօրէն յայտարարեց Հայաստանի՝ բանակցային գործընթացից դուրս գալու մասին, ինչին ընդամէնը րոպէներ յետոյ յաջորդեց թէ՛ Ադրբեջանի նախագահի, թէ՛ Եւրոմիութեան արտաքին գործերի գլխաւոր յանձնակատարի, թէ՛ համանախագահող երկրների արագ արձագանգը, որ իրենք այս պահին անընդունելի են համարում բանակցային ձեւաչափի փոփոխութիւնը։

«Եւ առհասարակ, Նիկոլ Փաշինեանի պաշտօնավարման շրջանում որեւէ բանակցութիւն Հայաստանի ղեկավարի եւ Ադրբեջանի ղեկավարի միջեւ տեղի չի ունեցել։ Միակ պաշտօնական հանդիպումը, որը կազմակերպել են համանախագահողները, եղել է Վիեննայի հանդիպումը, որը չի ձեւակերպւել իբրեւ բանակցութիւն, այլ ընդամէնը կողմերը հանդիպել են՝ ծանօթանալու միմեանց տեսակէտներին, որովհետեւ բանակցութիւնը իր բովանդակային իմաստով տարբերւում է՝ պայմանաւորւած բանակցութեան առանցքի, խնդիրների շուրջ եւ այլն։ Այսինքն, եթէ գոյութիւն ունի կոնֆլիկտ եւ այդ կոնֆլիկտը ունի ռազմական հանգուցալուծման ռիսկեր, որովհետեւ միւս կողմը ամենաբարձր մակարդակով պարբերաբար յայտարարում է դրա մասին, եւ այս կողմը դուրս է գալիս առհասարակ բանակցելու միջավայրից, ապա ակնյայտ էր, որ դրա հետեւանքը պէտք է լինի պատերազմը»,- փաստեց Էդգար Ղազարեանը։

Նա եզրակացրեց, որ պատերազմը Արցախ եւ Հայաստան բերել է Նիկոլ Փաշինեանը՝ իր անմիտ գործողութիւններով, անհեռատես քաղաքականութեամբ եւ հակադրւելով ողջ միջազգային հանրութեանը։

 

Աննա Բալեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։