Հա

Քաղաքական

28/09/2021 - 13:20

«Փաշինեանն ամէն ինչ արեց, որ երկիրը պատրաստ չլինէր պատերազմական գործողութիւնների»․ Տիգրան Աբրահամեան

Պատերազմական ժամանակահատւածներում պետական կառավարման համակարգում նախատեսւած գործողութիւնները չեն իրականացել՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր, «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամեանը։

«alikonline.ir» - Պատերազմական ժամանակահատւածներում պետական կառավարման համակարգում նախատեսւած գործողութիւնները չեն իրականացել՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր, «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամեանը։

Նա վստահեցրեց, որ պատերազմի ընթացքում պետական կառավարման համակարգը համապատասխան ռեժիմի չի անցել, այն է՝ ռազմական ռելսերի վրայ չի դրւել։

«Դրա պատասխանը այս իշխանութիւնը մինչեւ հիչմա չի տւել։ Այսինքն, եթէ կայ սցենարային ամենատարբեր զարգացումների համար նախատեսւած միջոցառումների շարք, ապա ինչո՞ւ դրանք չեն իրականացւել կամ ամբողջութեամբ չեն իրականացւել։ Այսինքն, կասկածներ այն մասին, որ եղել են պայմանաւորւած որոշակի գործընթացներ, ինչի արդիւնքում Ադրբեջանին են յանձնւել տարածքներ, սա ունի իր մէջ ճշմարտութեան ռացիոնալութեան էլեմենտ, որը հիմնւած է մեծ թւով չիրականացւած միջոցառումների վրայ»,-ասաց Տիգրան Աբրահամեանը։

Այլ հանգամանքերի անդրադառնալով՝ այս իրավիճակում յայտնւելու՝ մեր հիմնական խնդիրը նա համարեց այն, որ նախ՝ 2018-ին իշխանութեան էր եկել մի ուժ, որը շատերի համար պարզ էր, շատերի համար էլ պարզ դարձաւ 2 տարի յետոյ, որ ի վիճակի չէ նոյնիսկ մեծ ցանկութեան պարագայում լուծելու անվտանգային այն խնդիրները, որոնք կարող էին առաջ գալ Հայաստանի համար։

Երկրորդը՝ այս մարդիկ դեռեւս երկու տարի առաջ յայտարարում էին, որ պատերազմ չի լինելու, յայտարարում էին, որ Ադրբեջանը կառուցողական է տրամադրւած, Ադրբեջանի ղեկավարը կիրթ անձնաւորութիւն է եւ այլն, եւ մինչեւ վերջին պահը փորձում էին հանրութեանը համոզել, որ խաղաղութիւն են բերելու, եւ ով խօսում է պատերազմի մասին՝ դաւաճան է եւ այլն։

«Բայց նոյնիսկ ոչ նեղ մասնագէտների համար ակնյայտ էր, որ իրավիճակը պատերազմի էր գնում, իսկ մեր երկրում իշխանութիւններն զբաղւած էին ամէն ինչով, բացի պատերազմին նախապատրաստւելուց»,- արձանագրեց Տիգրան Աբրահամեանը։

Գործօնները, նրա խօսքով, շատ երկար կարելի է թւարկել։

Տիգրան Աբրահամեանը նաեւ դէմ է այն մտայնութեանը, որ պարտութեան պատճառը բանակն է։

«Այն մարդիկ, ովքեր պատերազմի այս ելքը կապում են բացառապէս բանակի հետ, երկու խմբի մարդիկ են՝ ովքեր չեն պատկերացնում, թէ ինչ է պատերազմը եւ ինչպէս է վարւում, եւ այն խումբը, ովքեր նպատակաուղղւած ձեւով փորձում են այս իրավիճակի քաղաքական պատասխանատուներին փրկել եւ պատասխանատւութիւնը բարդել զինւորականների, կամաւորականների կամ պահեստազօրայինների վրայ»,- ասաց նա։

Բանակը իր մարտունակութիւնը ամենատարբեր փուլերում ի ցոյց դրել է՝ սկսած մարտական հերթապահութեան իրականացումից, վերջացրած վերջին 10 տարում Հայաստանի եւ Արցախի ուղղութեամբ Ադրբեջանի իրականացրած տարբեր ագրեսիաների դիմագրաւելը՝ նկատեց Տիգրան Աբրահամեանը։ Նա թւարկեց ադրբեջանական դիւերսաների, տոտալ յարձակումների դիմագրաւելը՝ յատկապէս 2014-16 թւականներին, դիպուկահար խմբերի ակտիւացումը, որոնց մեր զօրքերը ոչ միայն կարողացան արդիւնաւէտ հակազդել, այլեւ հետագայում մեր համապատասխան խմբերն էին մեծ խնդիրներ առաջացնում, եւ դրանով զսպում ադրբեջանական սադրանքները։ Նա նշեց նաեւ յաւելեալ մարտական գործողութիւները, երբ հնարաւորութիւն չտրւեց Ադրբեջանին իրականացնելու իր գլխաւոր նպատակը՝ այն է լուծել Արցախի հարցն այնպէս, ինչպէս կարողացաւ լուծել 2020 թ-ին՝ իր ձեւով, այսինքն, 10 շրջանների օկուպացմամբ, բռնազաւթմամբ։

«Գլխաւոր ասելիքս այն է, որ պատերազմ վարում է պետութիւնը եւ այստեղ միայն մեղադրել Զինւած ուժերին կամ նրա առանձին դէմքերին, կարծում եմ, ոչ միայն ճիշտ չէ, այլեւ վտանգաւոր է։ Յատկապէս որ, տարբեր նեղ անձնային խնդիրներ լուծող քաղաքական խմբեր անընդհատ փորձում են մաքրել իրենց ղեկավարին եւ ամէն ինչը բարդել բացառապէս Զինւած ուժերի վրայ։ Հեռու եմ այն մտքից, որ Զինւած ուժերը բոլոր ուղղութիւններով էֆեկտիւ են գործել, սակայն արդար չէ ամբողջովին այս ողջ իրականութիւնը բարդել Զինւած ուժերի վրայ»,- ասաց Տիգրան Աբրահամեանը։

Իբրեւ հիմնաւորում նա նշեց, որ 2018թ-ից սկսած՝ այս իշխանութիւնն ամէն ինչ արեց Զինւած ուժերի մարտունակութիւնը թուլացնելու, մեծ թւով հրամանտարների համակարգից հեռացնելու, հանրութեանն անհրաժեշտ սցենարային զարգացումների պատրաստելու փոխարէն խաղաղութեան նախապատրաստելու համար։

«Այսինքն, ամէն ինչ արւեց, որպէսզի երկիրը պատրաստ չլինէր պատերազմական գործողութիւնների՝ սկսած հոգեբանականից, վերջացրած մնացած բոլոր գործօններով»,- արձանագրեց Տիգրան Աբրահամեանը։

2018-20 թթ. ռազմական գնումները, նաեւ հիմնական գնումների պլանում տեղի ունեցած փոփոխութիւնները, նրա խօսքով, ցոյց են տալիս, որ այս իշխանութիւնը պատրաստ չի եղել պատերազմական գործողութիւններին, իր գնումներն իրականացնելիս՝ հաշւի չի առել, որ ցանկացած պահի կարող են ռազմական գործողութիւններ ծաւալւել, միգուցէ, առաջնորդւել է այն ներքին յորդորներով, որոնք Ադրբեջանից փոխանցւել են Նիկոլ Փաշինեանին, որի մասին մենք չգիտենք։

Քաղաքագէտը նկատեց, որ այս իշխանութիւնը որպէս ընտրական տեխնոլոգիա օգտագործեց «խաղաղութիւն» եզրոյթի կիրառումը՝ մեր քաղաքացիներին խոստանալով խաղաղութիւն, բայց իրականում այն օրերին, երբ նա խաղաղութիւն էր քարոզում, ադրբեջանական զօրքերը մայիսի 12-ին անարգել ներխուժում էին ՀՀ տարածք, որն, ի դէպ, մինչեւ այս պահը շարունակում է բռնազաւթւած մնալ Ադրբեջանի կողմից։

Հետագայում այս կառավարութիւնը եւ նրա դերակատարները խմբագրեցին իրենց այդ մօտեցումը՝ արդէն ընտրութիւններից յետոյ յայտարարելով, որ նրանք փորձում են խաղաղութիւն բերել, բայց պէտք է հասկանալ, որ դա կախւած չէ միայն իրենցից, դա կախւած է տարածաշրջանից, այսինքն, ըստ էութեան, ասւում է մի բան, որը որեւէ ձեւով չէր կարող իրականութիւն դառնալ, այնինչ նրանք ողջ ընտրական գործընթացում մարդկանց խաբեցին իրենց խաղաղութեան կեղծ թեզերով, իրականում նոր կորուստներ բերելով մեր երկրին՝ Հայաստանին եւ Արցախին։

 

Աննա Բալեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։