Հա

Քաղաքական

29/09/2021 - 12:55

«Իրանը ճնշումներ է գործադրում Ադրբեջանի վրայ». Արտեօմ Տօնոյեան

Արեւելագէտ Արտեօմ Տօնոյեանի կարծիքով՝ Ադրբեջանի վարած քաղաքականութիւնն ամբողջովին հակասում է խաղաղասիրութեան ոգուն:

«alikonline.ir» - Արեւելագէտ Արտեօմ Տօնոյեանի կարծիքով՝ Ադրբեջանի վարած քաղաքականութիւնն ամբողջովին հակասում է խաղաղասիրութեան ոգուն:

«Ալիեւի յայտարարութիւնները, իրենց ԱԳՆ յայտարարութիւնները փաստում են, որ որեւէ երկկողմ յարաբերութիւններ ձեւաւորելուն միտւած ուղերձներ չկան»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա՝ դժւարանալով մեկնաբանել, թէ որն է խաղաղասիրական յայտարարութիւններ անելու ՀՀ իշխանութիւնների մոտիւացիան եւ նպատակը:

Փորձագէտը չի կարծում նաեւ, որ դեմարկացիայից եւ դելիմիտացիայից յետոյ հնարաւոր կը լինի թեւակոխել խաղաղութեան դարաշրջան.

«Միայն յայտարարութիւններով հնարաւոր չէ այդ խաղաղ համակեցութիւնը կառուցել, հասնել նմանատիպ վիճակի: Ադրբեջանում վարւող կրթական քաղաքականութիւնը, հասարակական կարծիքի ձեւաւորումը եւ այլն չեն խօսում Ադրբեջանի նմանատիպ ցանկութեան մասին: Պատերազմից յետոյ Ադրբեջանում անգամ դասագրքեր են փոխւում, յաղթանակի պատմութիւն առարկայ են մտցրել, որը ամբողջութեամբ 2020թ. 44-օրեայ պատերազմի մասին է, եւ այլն, եւ ընդհանուր առմամբ, հայատեացութիւնը ունի աճի միտում: Սա նկատւում էր պատերազմի ժամանակ, եւ պատերազմից յետոյ էլ չմեղմւեց այդ իրավիճակը: Հաւանաբար, միջազգային կազմակերպութիւնների համար արւող որոշ յայտարարութիւններ, որ հայերը կարող են ապրել «ադրբեջանական» տարածքներում, ձեւական բնոյթ են կրում եւ բացարձակ չեն համապատասխանում նրանց իրական նպատակներին, բայց անգամ այդ յայտարարութիւնները սուսերներով են ընդունւում ադրբեջանական հասարակութեան կողմից, որ՝ ինչպէ՞ս կարող ես պատերազմից յետոյ խօսել առհասարակ հայերի հետ համատեղ ապրելու մասին, մենք պատրաստ չենք նման համակեցութեան»:

Նրա դիտարկմամբ՝ պէտք է իրավիճակը ճիշտ գնահատել, եւ ոչ հասնել ծայրայեղ թշնամութեան, ոչ էլ խաղաղութիւն քարոզել. «Պէտք է հասկանալ իրավիճակը եւ սեփական քաղաքականութիւնն ըստ այդ իրականութեան մշակել: Պէտք է իրականութիւնը եւ թշնամու նպատակները յստակ իմանալ եւ շարժւել ըստ այդ օրակարգի»:

Ալիեւը անսպասելի իրադարձութիւն է անւանել Ադրբեջանի սահմանների մօտ անցկացւող իրանական զօրավարժութիւնները եւ հարցադրում է արել, թէ ինչո՞ւ չեն կազմակերպւել զօրավարժութիւններ, երբ հայերը եղել են Ջեբրաիլում, Զանգիլանում եւ Ֆիզուլիում։ Արտեօմ Տօնոյեանից հետաքրքրւեցինք՝ ի՞նչ վտանգներ է տեսնում Իրանն Ադրբեջանից, եւ արդեօ՞ք Իրանի եւ Ադրբեջանի միջեւ առկայ լարւածութիւնը կարող է ռազմական բախման առիթ դառնալ:

«Չեմ կարծում, որ կարող է վերաճել ռազմական գործողութիւնների: Իրանը Ադրբեջանից ոչ այնքան վտանգ է տեսնում, որքան ճնշում գործադրելու միջոց է այդ զօրավարժութիւնների անցկացումը: Բնականաբար, կարող են լինել նաեւ անվտանգային նկատառումներ, բայց շատ աւելի մեծ է հաւանականութիւնը, որ ճնշում գործադրելու միջոց է՝ կապւած ՀՀ տարածքում Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցող իրադարձութիւններին: Ինչքան էլ, ֆորմալ առումով, այդ իրադարձութիւնները տեղի են ունեցել ՀՀ սահմաններում, բայց ընդհանուր առմամբ, իրադարձութիւնը պայմանաւորող կողմեր են նաեւ Ադրբեջանն ու Իրանը, որովհետեւ այդ ճանապարհին կանգնեցւել են իրանական բեռնատարներ՝ ստուգման նպատակով, սկսել են հարկւել իրանական բեռնատարներ եւ ձերբակալւել են հէնց իրանցի վարորդներ, եւ տրամաբանական է, որ Իրանը պէտք է ձեռնարկէր քայլեր՝ այդ իրավիճակը յաղթահարելու համար: Այդ զօրավարժութիւնները եւ որոշ ուղերձներ, որ այս օրերին լսում էինք Իրանից, նպատակ ունեն որոշակի ճնշում գործադրել՝ խնդիրը լուծելու համար»,- ի պատասխան՝ ասաց նա՝ պասիւ գնահատելով այս իրավիճակում ՀՀ իշխանութիւնների արձագանգը:

Արտեօմ Տօնոյեանը չի տեսնում Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման նախադրեալներ.

«10-12 տարի առաջ, երբ իրավիճակը լիովին այլ էր, մենք այդ գետը մտել ենք եւ տեսանք, թէ ինչով աւարտւեց, այսինքն՝ աւարտւեց նրանով, որ դա չտւեց որեւէ արդիւնք: Հիմա Թուրքիան նոր նախապայմաններ է ներկայացնում. Եթէ հիմա մեզ մօտ կարող են ենթադրել, որ փոփոխութիւն է եղել, ստատուս-քւօ է փոխւել՝ արցախեան հակամարտութեան հետ կապւած, հիմա այդ նախապայմաններից մէկը «Զանգեզուրի միջանցք»-ին է վերաբերում: Այդ մասին յայտարարեց Էրդողանը, երբ ակնարկեց, որ Վրաստանի վարչապետի միջոցով Փաշինեանից բանակցելուց առաջարկ է ստացել: Էրդողանն ասաց, որ նախ դուք պէտք է անէք քայլեր, որոնք վերաբերում են, մեր եզրաբանութեամբ՝ ճանապարհների ապաշրջափակմանը, թուրք-ադրբեջանական եզրաբանութեամբ՝ Զանգեզուրի կամ հարաւային միջանցքի թեմային»:

 

Ռազմիկ Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։