44-օրեայ պատերազմի տարելիցին Արցախում, Հայաստանում եւ Սփիւռքում իրականացւեցին յիշատակի եւ բողոքի մի շարք միջոցառումներ:
Ի յիշատակ Արցախեան 44-օրեայ պատերազմում նահատակւած նւիրեալների՝ սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Արցախն ապրում է» խորագիրը կրող ջահերթ, որին մասնակցել են հազարաւոր արցախցիներ:
44-օրեայ պատերազմի տարելիցին Արցախում, Հայաստանում եւ Սփիւռքում իրականացւեցին յիշատակի եւ բողոքի մի շարք միջոցառումներ:
Ի յիշատակ Արցախեան 44-օրեայ պատերազմում նահատակւած նւիրեալների՝ սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Արցախն ապրում է» խորագիրը կրող ջահերթ, որին մասնակցել են հազարաւոր արցախցիներ:
Երթին են միացել «Հայաստան», «Սփիւռք», «Հադրութ», «Շուշի», «Քաշաթաղ», «Շահումեան», «Քարվաճառ» թեւերը։ Երթն ամփոփւել է Ստեփանակերտի յուշահամալիրում, որտեղ մասնակիցներին դիմաւորել են քահանան, զինւորը եւ յղի կինը, ովքեր խորհրդանշում են հաւատը, ուժը եւ կեանքը։ Նրանք էլ միացել են երթին:
Սեպտեմբերի 26-ին Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակից Սուրբ խաչի եւ պետականութիւնը խորհրդանշող դրօշների առաջնորդութեամբ մեկնարկեց «Հայաստան» դաշինքի կազմակերպած ջահերով երթը դէպի Եռաբլուր զինւորական պանթէոն՝ ի յիշատակ 44-օրեայ պատերազմի նահատակների։
Երթին մասնակցում էր ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը, «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը, խմբակցութեան պատգամաւորները, ԱԺ ընդդիմադիր խմբակցութիւնների անդամներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ: Երթին միացել էին բազմահազար քաղաքացիներ։
Սեպտեմբերի 27-ին ի յիշատակ 44-օրեայ պատերազմի զոհերի՝ Ստեփանակերտի Սուրբ Աստւածածնի Հովանու Մայր տաճարում կատարւել է հոգեհանգստեան արարողութիւն, ժամը 11-ին Հայաստանում եւ Արցախում յայտարարւել էր լռութեան րոպէ, որից յետոյ կայացել է քայլերթ դէպի Ստեփանակերտի քաղաքային յուշահամալիր:
Յիշատակի միջոցառումներ եւ բողոքի ցոյցեր են անցկացւել նաեւ Սփիւռքի մի շարք գաղթօջախներում՝ ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միութիւնների կողմից:
Սեպտեմբերի 26-ին Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան դիմաց՝ պահանջելով անյապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին:
ՀՅԴ Լիբանանի երիտասարդական եւ Զաւարեան ուսանողական միութիւնների նախաձեռնութեամբ՝ սեպտեմբերի 26-ին Անթիլիասի մայրավանքի մօտ տեղի է ունեցել Արցախեան պատերազմի նահատակների յիշատակին նւիրւած «Միշտ ձեր կողքին» խորագիրը կրող առցանց ձեռնարկ:
Սեպտեմբերի 27-ին Լիբանանում Ադրբեջանի դեսպանատան դիմաց տեղի է ունեցել բողոքի խաղաղ ցոյց` լիբանանահայ երիտասարդների եւ ուսանողների նախաձեռնութեամբ:
Ցոյցի ընթացքում դատապարտող կարգախօսներ են ուղղւել Ադրբեջանի եւ իր հովանաւոր Թուրքիայի գործած պատերազմական ոճիրների եւ մարդկային իրաւունքների ոտնահարման դէմ:
Սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնի հայ համայնքը բողոքի ցոյց է կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան դիմաց եւ պահանջել հայ գերիներին անյապաղ ազատ արձակել, պատժել Թուրքիային եւ Ադրբեջանին ռազմական յանցագործութիւնների համար։
Սեպտեմբերի 27-ին ՀՅԴ Յունաստանի երիտասարդական միութեան կազմակերպութեամբ Աթենքում եւ Թեսաղոնիկէում յունահայութիւնը իր բողոքի արդար ձայնն է բարձրացրել ընդդէմ թուրք-ադրբեջանական յարձակողականութեան, իրագործել բողոքի ցոյց Աթենքում՝ Ադրբեջանի դեսպանատան դիմաց եւ յարգանքի հաւաք Թեսաղոնիկէում՝ «Ս. Աստւածածին» եկեղեցու դիմաց։
Սեպտեմբերի 27-ին Ուրուգւայի մայրաքաղաք Մոնտէվիդէոյում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ցոյց են կազմակերպել «ժողովրդավարութեան» հրապարակում՝ ընդդէմ Թուրքիայի եւ Ադրբեջանի յարձակողական գործողութիւնների, հայկական մշակութային կոթողների ոչնչացման, ինչպէս նաեւ՝ պահանջել ազատ արձակել հայ ռազմագերիներին:
Աւստրալահայ մի խումբ դաշնակցական երիտասարդներ տարբեր շրջաններով քայլել են հայ ռազմագերիների նկարներով եւ դրանք փակցրել հանրային վայրերում, ինչպէս նաեւ տեղադրել QR-կոդով ինֆորմացիոն պաստառներ:
Աշխարհի 12 երկրներից ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական շուրջ 16 միութիւններ իրենց աջակցութիւնն են յայտնել Արցախին:
«Ապառաժ»