Հա

Քաղաքական

04/10/2021 - 13:50

«Չես կարող խաղաղութեան դարաշրջան բացել տարածաշրջանում, եթէ չես կարողանում դա անել քո սեփական երկրում»․ Ռոբերտ Քոչարեան

Մենք դադարել ենք լինել Արցախի անվտանգութեան երաշխաւորը։ Արցախն այսօր անորոշութիւնների առջեւ է կանգնած, ըստ էութեան։ Այսօր՝ հոկտեմբերի 4-ին հրաւիրւած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը՝ անդրադառնալով Արցախի վերաբերեալ հարցերին։

«alikonline.ir» - Մենք դադարել ենք լինել Արցախի անվտանգութեան երաշխաւորը։ Արցախն այսօր անորոշութիւնների առջեւ է կանգնած, ըստ էութեան։ Այսօր՝ հոկտեմբերի 4-ին հրաւիրւած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը՝ անդրադառնալով Արցախի վերաբերեալ հարցերին։ Գրում է Yerkir.am-ը:

«Երեւի նկատել էք, որ Հայաստանի իշխանութիւնները ընդհանրապէս խուսափում են խօսել Արցախի մասին, չեն խօսում կարգաւորման տարբերակներից ընդհանրապէս, եւ տպաւորութիւնն այնպիսին է, որ ուղղակի ձեռքերը լւանում են Արցախից։ Բոլոր հարցերը, կապւած Արցախի հետ, շատ հանգիստ հասցէագրում են ռուսական կողմին։ Մի քիչ ժամանակ էլ անցնի նաեւ մեր հանրութիւնն այլեւս բոլոր հարցերը Արցախի հետ կապելու է ռուսական կողմի հետ, եւ բոլոր անբարենպաստ որոշումներն Արցախի հետ եւս կապւելու են ռուսական կողմի հետ․ կարծում եմ, որ սա արւում է գիտակցաբար։

Ադրբեջանը յայտարարում է, որ Ղարաբաղի հարցը վերջնականապէս ինքը լուծել է, եւ, ցաւօք, մենք այդ բանակցային սեղանին չունենք որեւէ լուրջ արգումենտ, որեւէ լուրջ բան՝ արդիւնաւէտ բանակցութիւններ վարելու համար, փաստը սա է։

Ես ամէն օր ինքս ինձ հարց եմ տալիս՝ ի՞նչ է լինելու 3,5 տարի յետոյ, եթէ յանկարծ Ադրբեջանը չհամաձայնի խաղաղապահ ուժերի մանդատի շարունակութեանը։ Ինձ հետաքրքիր է՝ այս իշխանութիւնն այս հարցն ինքն իրեն տալի՞ս է, թէ՞ ոչ։ Ես կարծում եմ՝ իւրաքանչիւր հայ ամէն օր այդ հարցը պէտք ինքն իրեն տայ։

Աշխարհաքաղաքական իրավիճակի մասին մի քանի խօսք․ Հարաւային Կովկասում ակնյայտ է, որ լուրջ պրոցեսներ են ընթանում եւ ոչ մեր օգտին։ Փաստն այն է, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակից Հայաստանը պարտւել է պատերազմում, Թուրքիայի ռազմաքաղաքական դաշնակից Ադրբեջանը յաղթել է այս պատերազմում։ Սա առաջին դէպքն է յետխորհրդային այդ տարածքում, երբ այլ պետութիւն ուղղակի մասնակցում է ռազմական գործողութիւններին․ Թուրքիայի մասին է խօսքը։ Առաջին դէպքն է, մինչ այդ բոլորը խուսափում էին նման գործողութիւններից՝ Ռուսաստանին չնեարդայնացնելու համար, հասկանում էին, որ արձագանգը կը լինի շատ կոշտ։

Հիմա ի՞նչ հետեւանքներ է սա ունենալու, դժւար է ասել։ Ակնյայտ է, որ Հայաստանը, որպէս գործօն, կա՛մ դադարել է գոյութիւն ունենալ այստեղ, կա՛մ էապէս նւազել է Հայաստանի ազդեցութիւնը։ Եւ ակնյայտ է, որ այս ամէնը Ռուսաստանը հաշւի է առնելու իր քաղաքականութեան մէջ այս տարածաշրջանում։ Ադրբեջանի դերակատարութիւնն աճել է, Թուրքիայի դերակատարութիւնն աճել է, Ռուսաստանը չի կարող հաշւի չնստել այս հանգամանքի հետ, դա մեզ դուր է գալի՞ս, թէ՞ ոչ, սա փաստ է։

Մենք հիմա խօսում ենք խաղաղութեան դարաշրջան բացելու մասին տարածաշրջանում, ուղղակի հարց է առաջանում՝ իսկ դու ո՞վ ես, ի՞նչ ես քեզնից ներկայացնում նման նպատակներ հնչեցնելու եւ նման նպատակներ հետապնդելու ժամանակ։ Ամենից զաւեշտալին գիտէ՞ք ինչն է, որ այսօր դու բանակցային սեղանի շուրջը չես նստած, այսօր դու ինքդ այդ բանակցային սեղանի վրայ ես, քեզ են քննարկում՝ առանց քո մասնակցութեան, դու դադարել ես լինել բանակցային գործընթացի սուբիեկտ, դու արդէն վաղուց բանակցային գործընթացի օբիեկտ ես։

Այստեղ եւս մէկ հանգամանք՝ չես կարող խաղաղութեան դարաշրջան բացել տարածաշրջանում, եթէ չես կարողանում այդ խաղաղութեան դարաշրջանը հաստատել քո սեփական երկրում եւ չես արել որեւէ քայլ այդ նպատակին հասնելու համար, յատկապէս՝ պատերազմից յետոյ, եւ յատկապէս՝ պատերազմի հոգեբանական հետեւանքները շտկելու համար։

Հիմա կարելի՞ է ինչ-որ բան փոխել այս ամենի մէջ, իհարկէ, կարելի է՝ այս մարդիկ պէտք է գնան։ Ընդհանրապէս ծնկների վրայ կանգնած բանակցելն ուղղակի յարմար չէ, չոքած ուղղակի յոգնում է մարդը, չի ստացւելու։ Եւ յատկապէս դու չես կարող բանակցել մի մարդու հետ, որը ծաղրում է քեզ»,- ասել է Ռոբերտ Քոչարեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։