Հա

Քաղաքական

09/10/2021 - 10:10

«Պատմական բոլոր հիմքերը կան, որ Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանցիներին յանձնւած հատւածը հայկական է». Էդիկ Մինասեան

Խիստ կարեւոր է ներկայացնել պատմական բոլոր հիմքերը, որոնք վկայում են, որ Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանցիներին յանձնւած հատւածը հայկական է՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ԵՊՀ պատմութեան ֆակուլտետի դեկան, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասեանը։

«alikonline.ir» - Խիստ կարեւոր է ներկայացնել պատմական բոլոր հիմքերը, որոնք վկայում են, որ Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանցիներին յանձնւած հատւածը հայկական է՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ԵՊՀ պատմութեան ֆակուլտետի դեկան, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասեանը։

Նա նշեց, որ կան այդ հարցերով զբաղւոց նեղ մասնագէտներ, քարտէզագիրներ, որոնք կոնկրետ աշխատութիւններ են նւիրել այս տարածքների պատմական հայկական էութեանը։

«Խորհրդային Հայաստանի՝ 1926, 28, 29 թւականներին լոյս տեսած քարտէզներն ինքս էլ եմ ուսումնասիրել, նաեւ 1973 թ-ի հանրագիտարանի քարտէզներում այս տարածքները Խորհրդային Հայաստանի կազմում են։ Փոխանակ յենւենք պատմական այդ շատ կարեւոր աղբիւրների վրայ, դժբախտաբար, անտեսում ենք դրանք եւ յոյսներս դնում GPS-ի տարբերակի վրայ, որն ադրբեջանցիներին է ձեռնտու»,- ասաց Էդիկ Մինասեանը։

Ժամանակի ընթացքում արօտավայրերի անւան տակ ադրբեջանցիները աստիճանաբար իւրացրել են հայկական սահմանմերձ որոշ տարածքներ, բայց դա իրենց հիմք չի տալիս այդ տարածքներն իրենցը համարելու, նշեց պատմաբանը, պէտք է կոնկրետ պատմական հիմքերով ներակայացւի, որ այս տարածքները զուտ հայկական են, այնինչ մեր կողմից նոյնիսկ ադրբեջաներէն անւանումներ են հնչում, որն Էդիկ Մինասեանը շատ սխալ է համարում։

Զուտ հայկական այդ տարածքները անշուշտ կարեւոր նշանակութիւն ունեն մեզ համար, նշեց նա, Արցախը կորցնելով՝ մենք նաեւ վտանգեցինք մեր հարաւային սահմանները, սահմանային շրջանը ամբողջովին մերկ թողեցինք եւ այսօր թոյլ տւեցինք ադրբեջանցիներին, որ մտնեն եւ իրենց կամքը թելադրեն։

Սահմանազատման եւ սահմանգծման այս գործընթացի ժամանակ, Էդիկ Մինասեանի համոզմամաբ, պէտք է սեղանին դնել կոնկրետ արխիւային բազմաթիւ փաստաթղթերը։

«2 օր առաջ կառավարութիւնում խորհրդակցութիւն է եղել փոխվարչապետ Մհեր Գրիգորեանի մօտ, որտեղ քննարկւել են այս հարցերը, մեր ներկայացուցիչներն եղել են, ներկայացրել են փաստերը, որոնց հիման վրայ այդ տարածքները զուտ հայկական են եւ դրանք չպիտի զիջւեն Ադրբեջանին, հիմնաւորումները տրւած են»,- վստահեցրեց Էդիկ Մինասեանը։

Առաջին եւ կարեւոր հիմնաւորումներից են արխիւային փաստաթղթերը եւ մինչեւ 30-ական թւականների քարտէզները։

«Նախ՝ զիջելը պիտի թոյլ չտանք, զիջում չպիտի լինի, սահմանազատման աշխատանքներում պատմական հիմքերը պէտք է վեր հանւեն, ինչպէս Ալ լճերի տարածքի հետ կապւած, Տաւուշի, Տիգրանաշէնի, միջնորդաւորւած թէկուզ սահմանային շրջանների այլ տարածքներ, չպէտք է թոյլ տալ զիջողական տրամադրութիւններ առաջացնել, անհրաժեշտ է պատմական փաստերով ապացուցել դրանց հայկականութիւնը»,- ասաց Էդիկ Մինասեանը։

Ալ լճերի հետ կապւված էլ քննարկումներ եղել են, Անդրֆեդերացիայի տարիներին՝ 30-ականն թթ. յետոյ ադրբեջանցիները այդ տարածքը զբաղեցրել են, բայց դա համարւում է զուտ հայկական տարածք եւ անհրաժեշտ է այդ հանգամանքը պնդել, քարտէզներ գոյութիւն ունեն դրա համար։

«Ե՛ւ պատմանկան հիմքերը, եւ որոշակի քարտէզները մեր օգտին են, պարզապէս պէտք է տրամադրւել եւ գնալ այդ ուղղութեամբ»,- ասաց ԵՊՀ պատմութեան ֆակուլտետի դեկանը։

Տաւուշի ճանապարհահատւածն ու մի քանի գիւղը եւս, նրա համոզմամբ, չպէտք է տրւի ադրբեջանցիներին։

«Չպիտի գնալ այդ քայլին, ադրբեջանցիները մի սանտիմետր հողի համար անգամ պատրաստ են պայքարել, ուղղակի զարմանալի է, որ մենք զիջում ենք։ Պէտք է վճռականութիւն ունենանք եւ չզիջենք, մեր որոշակի պահանջը պէտք է դնենք, կանգնենք եւ չզիջենք»,- ասաց Էդիկ Մինասեանը։

Չպէտք է զիջողական տրամադրութեամբ գնալ բանակցութիւնների, պնդեց նա, իհարկէ, քանի որ պարտւած ենք, ադրբեջանցիները ճնշումները կուժեղացնեն, բայց մենք պէտք է աշխատենք ամեն գնով՝ պատմական հիմքերը վեր հանելով, քարտէզներով, փաստերը համատեղ ներկայացնելով յաղթահարել դժւարութիւնը։ Նաեւ միջազգային հարթակում այս հարցով պէտք է աղմուկ բարձրացնենք եւ կը հասնենք յաջողութեան։

Նիկոլ Փաշինեանը ԱԺ ամբիոնից յայտարարեց, որ եթէ Շուշին հայկական է, ինչու 30 տարի ոչինչ չի կառուցւել․ Էդիկ Մինասեանը պատմական հիմքեր է բերում, որ Շուշին միշտ էլ հայ ազգի համար եղել է մշակութային հզօր կենտրոն, ամբողջ Անդրկովկասի մակարդակով՝ դեռեւս 19-րդ դարում հայկական դպրոցների մեծ ցանց գոյութիւն ունէր այնտեղ, Շուշիի յայտնի Ռեալական ուսումնարանը։ Շուշին հայկական գիտակրթական եւ մշակութային խոշոր կենտրոն էր եւ այնտեղի հայ բնակչութիւնն աւելի մեծաքանակ էր, քան Երեւանի բնակչութիւնը։

«Սխալ էր 1989 թ-ի տւեալները բերել եւ ասել Շուշին իբր հայկական չէ, չէ՞ որ 89 թ-ին Սումգայիթից յետոյ մեծ ճնշումների ենթարկեցին եւ բռնագաղթի ենթարկեցին Շուշիի բուն հայկական բնակչութեանը, բնական է, որ չէր լինել։ Ո՞նց կարելի է այդպէս ասել, Շուշին միշտ եղել է հայկական»,- վստահեցրեց պատմաբանը։

Նա առաջարկեց ծանօթանալ ռուսական սկզբնաղբիւրներին, եւրոպացի ճանապարհորդների գրառումներին, որոնք Շուշիի հայկականութեան լաւագոյն սկզբնաղբիւր են։

 

Աննա Բալեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։