Հա

Քաղաքական

10/10/2021 - 13:15

Արցախը՝ լեւոնանիկոլական անբարոյականութեան զոհ

Նրանք, ովքեր ասում են, որ քաղաքականութիւնն անբարոյականութիւն է ու դա նորմալ են համարում, պէտք է իմանան, որ Արցախի պետականութիւնը մենք կորցրեցինք անբարոյական քաղաքականութեան արդիւնքում։

ԿՈՐԻՒՆ ՄԱՆՈՒԿԵԱՆ

 

Նրանք, ովքեր ասում են, որ քաղաքականութիւնն անբարոյականութիւն է ու դա նորմալ են համարում, պէտք է իմանան, որ Արցախի պետականութիւնը մենք կորցրեցինք անբարոյական քաղաքականութեան արդիւնքում։

Սեփական անբարոյական քաղաքականութեան մասին օրերս խոստովանեց ՀՀ առաջին նախագահի գլխաւոր խորհրդական աշխատած Ժիրայր Լիպարիտեանը։ Նա անիրական ու ցնորամիտ որակեց այն, որ մենք պահանջում էինք Արցախի անկախութիւնը։ Դա, ըստ էութեան, յայտարարութիւն էր այն մասին, որ Ղարաբաղեան շարժումն է եղել ցնորամիտ։ Ու քանի որ անկախ Հայաստանը Ղարաբաղեան շարժման ծնունդ է, ապա ստացւում է, որ անկախ Հայաստանն է ցնորամտութիւն։ Ահա թէ ովքեր են կառավարել Հայաստանում Ղարաբաղեան շարժման ալիքի վրայ։

Շնորհակալութիւն յայտնելով Լիպարիտեանին անկեղծ խոստովանութեան համար՝ պէտք է արձանագրել, որ հէնց սա՛ է քաղաքական անբարոյականութիւնը։

Լիպարիտեանը համարում է, որ ճիշտն այն կը լինէր, որ Լեռնային Ղարաբաղն ունենար էթնօ-մշակութային ու տարածքային ինքնավարութիւն Ադրբեջանի կազմում (ի դէպ, այս կոդի մէջ Տէր-Պետրոսեանը խօսել էր նաեւ առաջին պատերազմի տարիներին, իսկ յետոյ այդ թեզը պաշտպանեց հակամարտութեան լուծման տխրահռչակ փուլային տարբերակի շրջանակներում)։

Լրատւամիջոցներից մէկին տւած հարցազրոյցում Լիպարիտեանն ափսոսանք է յայտնում, որ իր ու Լեւոն Տէր-Պետրոսեանի այդ ծրագիրը կեանքի չկոչւեց։ Այսինքն՝ ափսոսում է, որ 90-ականներին չհամաձայնեցինք Լեռնային Ղարաբաղն ինքնավարութեան կարգավիճակով թողնել Ադրբեջանի կազմում։

Ահա այստեղ է, որ քաղաքականութիւնն անբարոյական է դառնում։ Քանզի «Միացո՛ւմ» կարգախօսն ունեցող Ղարաբաղեան շարժման ու «Ղարաբաղ» կոմիտէի միջոցով գալ իշխանութեան ու յետոյ յայտարարել, որ Ղարաբաղի խնդիրը խանգարում է Հայաստանին զարգանալ ու պէտք է այն թողնել Ադրբեջանի կազմում, որպէսզի ճանապարհները բացւեն ու լաւ ապրենք, անբարոյականութիւն է։

Այդ անբարոյական քաղաքական միջավայրի ծնունդ է Նիկոլ Փաշինեանը, ով 2008-ին պաշտպանում էր Տէր-Պետրոսեանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու ծրագիրը եւ յանուն այդ ծրագրի կեանքի կոչման՝ դարձաւ մարտի 1-ի 10 զոհերի պատճառ։

Հետագայում իշխանութեան գալով Նիկոլն արդէն հազարաւոր զոհերի գնով իրագործեց լեւոնական ծրագրերն Արցախի մասով։

Այն, ինչ 2020-ին տեղի ունեցաւ Արցախի հետ, սպասելի էր, քանզի տէրպետրոսեանական անբարոյական քաղաքական միջավայրի ծնունդ Փաշինեանից այլ բան չէր սպասւում։ Տարբերութիւնն այն է, որ Լ. Տէր-Պետրոսեանը պոպուլիստ չէր եւ ուղիղ էր ասում, որ պէտք է յանձնել, իսկ պոպուլիստ Փաշինեանը նոյնն արեց «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ», «Յաղթելու ենք» գոռալով։

Փաշինեանն էլ Տէր-Պետրոսեանի պէս, փաստացի, գոռաց «Միացո՛ւմ», բայց այնպէս իրարից անջատեց զոյգ հայկական պետութիւնները, որ մինչեւ հիմա արնահոսում են Հայաստանն ու Արցախը։

Անբարոյականութիւնը հէնց սա՛ է։ Եւ այդ անբարոյականութեանը պէտք է վերջ տալ՝ լեւոնանիկոլականութիւնն ուղարկելով զիբիլանոց։

 

Աղբիւրը՝ 7or.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։