Երեւանն այս տարի դառնում է 2803-տարեկան: Յայտնի հանգամանքների բերումով, այս տարի տօնական միջոցառումներ չեն լինելու:
«alikonline.ir» - Երեւանն այս տարի դառնում է 2803-տարեկան: Յայտնի հանգամանքների բերումով, այս տարի տօնական միջոցառումներ չեն լինելու:
Մեզ մնում է օրը նշանաւորել: Իսկ դրա լաւագոյն միջոցներից մէկն, այդ մասին տեղեկացւած լինելն է: Քանի, որ երբեք ուշ չէ տեղեկացւած լինելու մեր սիրելի մայրաքաղաքի պատմութեանը:
Եւ ուրեմն, ինչպէս սկսւեց ամէն ինչ…
Մ.թ.ա 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհում, Վանայ լճի ափին առաջացաւ Վանի հայկական թագաւորութիւնը, որին նաեւ անւանում են Ուրարտու, Բիայնիլի կամ պարզապէս Արարատեան թագաւորութիւն: Թագաւորութեան հիմնադիրը Արամէ թագաւորն էր: Վանի թագաւորութիւնը ժամանակի ամենազարգացած տէրութիւններից էր:
Արգիշտի Ա արքան, ով 5-րդ թագաւորն էր Վանում, իր տիրակալութեան 5-րդ տարում` մ.թ.ա. 782թ., հիմնադրեց Էրեբունի ամրոց-քաղաքը` մեր օրերի Երեւանը, որը դարձաւ երկրի կարեւորագոյն քաղաքներից մէկը: Էրեբունու հիմնադրման տարեթիւը ստոյգ յայտնի է Արգիշտի արքայի թողած սեպագիր արձանագրութիւնից.
«Խալդ աստծոյ մեծութեամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց եւ անւանեց Էրեբունի քաղաք՝ ի հզօրութիւն Բիայնայ երկրի եւ ի սարսափ թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծոյ մեծութեամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքայ հզօր, արքայ Բիայնայ երկրի, տէրը Տուշպայ քաղաքի»:
Մեր մայրաքաղաքի անունը Էրեբունի բառի փոփոխւած տարբերակն է: Ուրարտերէն «բ» հնչիւնը հայերէնում հնչում է իբրեւ «վ»: Էրեբունի անունը ձեւափոխւել է եւ դարձել է ԵՐԵՒԱՆ:
Այդ պահպանւած պատմական արձանագրութեան շնորհիւ գիտնականները որոշել են Երեւանի ծննդեան տարեթիվը` մ. թ. ա. 782թ.: Էրեբունի-Երեւանը հիմնադրւել է Հռոմից 29 տարի առաջ, Բաբելոնի, Նինւէի ու Պերսեպոլիսի հասակակիցն է, այն դարձել է 21-րդ դարի ծաղկուն քաղաքներից մէկը:
Դարերի ընթացքում քաղաքը մնացել է կանգուն` անցնելով բազում արհաւիրքների ու փորձութիւնների միջով: Անթիւ են եղել ասորիների, հռոմեացիների, բիւզանդացիների, պարսիկների, արաբների, սելջուկների, մոնղոլների ու թուրքերի յարձակումները քաղաքի վրայ, բայց Երեւանը քաջաբար դիմադրել է բոլոր փորձութիւններին: Իսկ 1918թ. մայիսի 28-ին, երբ հռչակւեց Հայաստանի առաջին Հանրապետութիւնը, Երեւանը դարձաւ մայրաքաղաք:
1920թ. նոյեմբերի 29-ին` Երեւանը դարձաւ արդէն Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքը: 1924 թւականին մեծ ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանեանը կազմեց Երեւանի հատակագիծը: Երեւանը սկսեց գեղեցկանալ օր օրի: Երեւանեան շէնքերը կառուցւում էր բազալտով, գրանիտով, մարմարով եւ շատ այլ քարերով: Բայց ամենատարածւած շինանիւթը վարդագոյն տուֆն էր: Եւ քանի որ այդ շինանիւթը իւրայատուկ երանգ էր տալիս քաղաքին, Երեւանը սկսեցին անւանել Վարդագոյն քաղաք: 1991թ. սեպտեմբերի 21-ին Երեւանը դարձաւ ոչ միայն անկախ Հայաստանի Հանրապետութեան, այլեւ ողջ հայութեան մայրաքաղաքը:
Երեւանը շարունակում է մեծանալ ու գեղեցկանալ օր օրի, իսկ նրա այսօրւայ պատմութիւնը կերտում են բոլոր հայերը, բոլորը նրա հետ միասին:
Եկէ՛ք, անենք այնպէս, որ տարիներ ու դարեր յետոյ հպարտանանք 21-րդ դարի Երեւանի պատմութեամբ…