Հա

Քաղաքական

11/10/2021 - 12:20

Աշխարհքաղաքական նոր բանաձեւերի իմաստն ու գործառոյթները

«Վերջերս ակտիւօրէն քննարկւում է Հարաւային Կովկասում աշխարհքաղաքական երկխօսութեան կամ համագործակցութեան նոր բանաձեւը` «3+3»: Այդ բանաձեւն իրականում նորութիւն չէ, այն միշտ եղել է տարածաշրջանի հիմնական խաղացողների ոչ պաշտօնական օրակարգում: Դրան ուղղակի չէր տրւում մեծ նշանակութիւն, քանի դեռ Ռուսաստանին յաջողւում էր զսպել բոլոր գործընթացները «3+1» բանաձեւի շրջանակներում, այսինքն՝ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը մի կողմից, եւ Ռուսաստանը՝ միւս:

ԱՐՄԷՆ ԳԷՈՐԳԵԱՆ

 

Վերջերս ակտիւօրէն քննարկւում է Հարաւային Կովկասում աշխարհքաղաքական երկխօսութեան կամ համագործակցութեան նոր բանաձեւը` «3+3»: Այդ բանաձեւն իրականում նորութիւն չէ, այն միշտ եղել է տարածաշրջանի հիմնական խաղացողների ոչ պաշտօնական օրակարգում: Դրան ուղղակի չէր տրւում մեծ նշանակութիւն, քանի դեռ Ռուսաստանին յաջողւում էր զսպել բոլոր գործընթացները «3+1» բանաձեւի շրջանակներում, այսինքն՝ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը մի կողմից, եւ Ռուսաստանը՝ միւս:

Այս դասաւորութիւնը ԽՍՀՄ փլուզումից յետոյ օբիեկտիւ էր, յատկապէս՝ ելնելով Ռուսաստանի ցանկութիւնից՝ շարունակել նախկին միութեան երկրներին պահել իր աշխարհքաղաքական ազդեցութեան ուղեծրում: Այս բանաձեւի երկարակեցութեան առաջին ճեղքերն ի յայտ եկան 2000-ականների սկզբին, երբ սկսւեց ադրբեջանական նաւթային եւ գազային նոր ենթակառուցւածքային նախագծերի իրականացումը, ինչպէս նաեւ տարածաշրջանում նոր հաղորդակցութիւնների կառուցումը: Յետոյ՝ Վրաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերումը: Այս բանաձեւը խոր ճեղքւեց 2008-ի օգոստոսեան ռուս-վրացական պատերազմից յետոյ: Ակնյայտ է, որ 44-օրեայ պատերազմը սկիզբ դրեց տարածաշրջանում նոր, մեծ աշխարհքաղաքական վերափոխման գործընթացին եւ «3+1» բանաձեւի իրական կորստին:

Արդիւնքում՝ Ռուսաստանի կողմից յետխորհրդային տարածքի համար ստեղծւած ինտեգրացիոն նախագծերը կիսատ են մնում, առաջին հերթին՝ շատ երկրների չմասնակցութեան տեսանկիւնից: Այդ ինտեգրացիոն կազմակերպութիւններում չկայ գաղափարական եւ անկեղծ համերաշխութիւն, չկայ ընկալում՝ դրանց գոյութեան ընդհանուր օգուտի մասին, փոխարէնը՝ կայ գիտակցում, որ դրանք անհրաժեշտ են Ռուսաստանին: Դրանց ներսում աճում է «բլոկային բաղադրիչը», այդ թւում՝ կրօնական հիմքի վրայ: Արդիւնքում, կրկին, էական խնդիրների լուծման արդիւնաւէտ մեխանիզմը շարունակում է մնալ երկկողմ փոխգործակցութիւնը, մեր դէպքում ՝ ռուս-հայկական:

«3+1» բանաձեւի թուլացումը պէտք է յանգեցնէր այլ խաղացողների ձգտումների ուժեղացմանը՝ առաջացած հնարաւորութիւնները լրացնելու նրանց շահերով: Շատերը միշտ առաջին հերթին յիշում են ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին, բայց իրականում ամենաակտիւ առաջխաղացումը կատարեց Թուրքիան: Մինչ Միացեալ Նահանգներն ու ԵՄ-ն առաջ էին քաշում ընդհանուր անվտանգութեան, մարդու իրաւունքների եւ տարածաշրջանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման խնդիրները, թուրքական ռազմաքաղաքական էլիտան (նկատի ունեցէք, ոչ թէ ղեկավարութիւնը, այլ՝ էլիտան) ինտենսիւօրէն կիրառում էր տնտեսական եւ մշակութային-կրօնական ընդլայնման գաղափարախօսութիւնը: Էրդողանը եւ նրա թիմը կարողացան ժամանակին պատրաստւել պոտենցիալ փոփոխութիւնների՝ տարածաշրջանում աւելի շահաւէտ, նոր, երկարաժամկէտ աշխարհքաղաքական դասաւորութիւն ստանալու համար: Աւելին, թուրքական էլիտայի ամբիցիաները չեն սահմանափակւում միայն թիւրքական աշխարհով եւ Հարաւային Կովկասով, դրանք դուրս են գալիս նախկին Օսմանեան կայսրութեան սահմաններից:

Իրանը, գտնւելով ամերիկա-իսրայէլական եւ սաուդական ուշադրութեան եւ ճնշման ներքոյ, ակտիւօրէն ներգրաււած չէր Հարաւային Կովկասի տարածաշրջանային գործընթացներում, չնայած այստեղ բոլոր խաղացողները հիանալի հասկանում եւ գիտակցում էին իրանական կողմի կարմիր գծերը եւ փորձում էին դրանք չանցնել: Իրանը, գիտակցելով նաեւ այստեղ Ռուսաստանի պատմական առանցքային դերը, մտահոգութիւն չունէր, քանի դեռ նման դերը կասկածի տակ չէր դրւել ուրիշների կողմից:

Հիմա՝ «3+3»-ի մասին: 2020 թւականի մարտին հրապարակւեց Carnegie Endowment հետազօտողների զեկոյցը յետխորհրդային որոշ պետութիւնների զարգացման հեռանկարների վերաբերեալ: Բելառուսը, Ուկրայինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը հեղինակները կոչում են միջանկեալ պետութիւններ, քանի որ դրանք գտնւում են Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ: Ուսումնասիրութեան մէջ առանձին գլուխ է նւիրւած Հարաւային Կովկասում անվտանգութեան նոր ճարտարապետութեան խնդիրներին: Ընդհանուր առմամբ՝ հեղինակներն առաջարկում են. առաջին հերթին, որ բոլոր միջանկեալ պետութիւնները դաշինքներից դուրս լինեն եւ ունենան ընդգծւած չէզոք կարգավիճակ, երկրորդ՝ հարցերի քննարկման եւ լուծման համար ստեղծել «3+3» նոր ձեւաչափ, որը կը ներառի Հարաւային Կովկասի երեք երկրները, ինչպէս նաեւ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն: Նկատէք, որ այս բանաձեւում չկան Թուրքիան եւ Իրանը: Տարածաշրջանի երկրների չէզոքութեան կարգավիճակը եւ աշխարհաքաղաքական երկխօսութեան նոր ձեւաչափը, ըստ էութեան, ուղղւած են առաջին հերթին Ռուսաստանի չէզոքացմանը:

Համեմատենք երկու բանաձեւերը՝ նոյն պարամետրերով՝ «3+3»: Ռուսական բանաձեւ. Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, գումարած՝ Ռուսաստան, Թուրքիա եւ Իրան: Արեւմտեան բանաձեւ. Հայաստան, Վրաստան, Ադրբեջան գումարած՝ Ռուսաստան, ԱՄՆ եւ ԵՄ:

Առանձին թեմա է`«3+1»-ից դէպի «3+3» աշխարհքաղաքական դասաւորութեան հիմնական բանաձեւի փոփոխութեան դինամիկան եւ պատճառները: Ինչ-որ բան ինձ յուշում է, որ մենք չենք կարող խուսափել նաեւ «3+3+2» բանաձեւի քննարկումից:

Մի բան ակնյայտ է, որ այս բոլոր բանաձեւերն այս կամ այն չափով ոտնահարելու են մեր պետական ինքնիշխանութիւնը, նեղացնելու են մեր ազգային կարողութիւնների եւ շահերի շրջանակը, եւ մենք յայտնւելու ենք այլ խաղացողների ձգտումների եւ ցանկութիւնների տիրոյթում, երբեմն՝ շատ հակասական եւ անկայուն: Ցանկացած պետական ինքնիշխանութեան որակը եւ ծաւալը որոշող հիմնական գործօնը պետութեան տիտղոսակիր ազգի պատրաստակամութիւնն ու կարողութիւնն է՝ այն պաշտպանել արտաքին ապառնալիքներից, եւ, առաջին հերթին, պետական սահմաններն ինքնուրոյն պաշտպանելու կենսունակութիւնը: Սա նաեւ էլիտաների պատասխանատւութիւնն է՝ պետութեան ներկայի եւ ապագայի համար, եթէ ցանկանում են այն տեսնել լիարժէք անկախ:

«3+3»-ը մեզ համար նոր մարտահրաւէր է, կարող է դառնալ նոր իրականութիւն՝ մինչեւ վերջ չհասկացւած, չհաշւարկւած։ Մենք, որպէս պետութիւն, չենք կարող սպասել իրադարձութիւններին, գնալ դրանց հետեւից։ Հիմա մեզ համար չափազանց կարեւոր է իրավիճակի ճիշտ գնահատումը. որո՞նք են մեր ռեսուրսները, որոնք թոյլ կը տան՝ դառնալ գործօն։ Ըստ իս, դրանք երեքն են.

- ներքին խորքային ռեֆորմացիան. դառնալ աւելի ժամանակակից պետութիւն։

- Հայկական աշխարհը. գեներացնել աշխարհասփյուռ հայութեան միաւորման նոր ալիք։

- Ռուսաստանի հետ երկկողմ յարաբերութիւններում գտնել նոր բովանդակային լուծումներ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։