Հա

Քաղաքական

12/10/2021 - 11:05

«Ոչխարին էլ է թւում, որ ինքը շատ կարեւոր մարդ է հօտում, բայց վերջում իրեն մորթում եւ ուտում են». Արմինէ Ադիբէկեան

Ադրբեջանի հարցերով փորձագէտ Արմինէ Ադիբէկեանի կարծիքով՝ Մոսկւայում սպասւող հանդիպումների ժամանակ համաձայնեցւելու է խաղաղութեան պայմանագրի վերջնական տեքստը եւ ստորագրման պատրաստման գործընթացը:

«alikonline.ir» - Ադրբեջանի հարցերով փորձագէտ Արմինէ Ադիբէկեանի կարծիքով՝ Մոսկւայում սպասւող հանդիպումների ժամանակ համաձայնեցւելու է խաղաղութեան պայմանագրի վերջնական տեքստը եւ ստորագրման պատրաստման գործընթացը:

«Խաղաղութեան պայմանագիր է ստորագրելու Փաշինեանը: Ըստ Ալիեւի՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, այսինքն՝ ամբողջովին հրաժարւելով Արցախից եւ Արցախի անկախութիւնից, զիջում է բոլոր այն տարածքները, որոնք հէնց հիմա գտնւում են Ադրբեջանի վերահսկողութեան տակ, եւ բացի դրանից՝ նաեւ զիջելու են, այսպէս կոչւած՝ անկլաւերը, այսինքն՝ խօսքը սահմանների դելիմիտացիայի մասին է: Ըստ Թուրքիայի՝ Հայաստանը պէտք է ճանաչի Թուրքիայի տարածքային ամբողջականութիւնը, այսինքն՝ հրաժարւի Ցեղասպանութեան ճանաչումից եւ որոշակի տարածքային յաւակնութիւններից, որն իմ տեսանկիւնից՝ անիմաստ կէտ է: Եւ, ըստ երեւոյթին, խօսքը միջանցքի մասին է լինելու, որը ադրբեջանաթուրքական կողմը պնդում է՝ միջանցք է, իսկ հայ-ռուսական կողմը փորձում է մեզ համոզել, որ խօսքն ընդամէնը ճանապարհի մասին է: Սա՛ է»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նիկոլ Փաշինեանը հոկտեմբերի 12-ին Մոսկւայում կը հանդիպի ՌԴ նախագահի հետ, կողմերը կը քննարկեն 2020 թւականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թւականի յունւարի 11-ի եռակողմ յայտարարութիւնների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունութեան ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագայ քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինեանն ու Վլադիմիր Պուտինը կը քննարկեն նաեւ հայ-ռուսական դաշնակցային յարաբերութիւնների օրակարգային, ինչպէս նաեւ՝ ինտեգրացիոն միաւորումներում հետագայ փոխգործակցութեանը վերաբերող հարցեր: Ի՞նչ ակնկալել այդ հանդիպումից: Մոսկւայում է գտնւում նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսը, որը հանդիպում կունենայ Մոսկւայի եւ Համայն Ռուսիոյ Կիրիլ պատրիարքի հետ եւ կը մասնակցի տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը: Մոսկւա է մեկնել նաեւ Հայաստանի պաշտպանութեան նախարար Արշակ Կարապետեանը:

Արմինէ Ադիբէկեանի խօսքով՝ Ալիեւի եւ Փաշինեանի յայտարարած խաղաղութիւնը բացարձակապէս նոյնը չէ. «Ես չեմ պատկերացնում՝ ինչի մասին է խօսում Փաշինեանը՝ խաղաղութիւն բառը նշելով, իսկ Ալիեւը խաղաղութիւնը պատկերացնում է մի պարագայում, երբ տարածաշրջանում չի լինի ոչ մի հայ, կամ կը մնայ հայկական փոքր համայնք, որ աշխարհին ցոյց տայ՝ տեսէք՝ մենք նրանց չենք սպանում: Սա է Ալիեւի խաղաղութեան պատկերացումը: Թէ Փաշինեանը ինչ նկատի ունի, կամ որքանով է դա ընդունելի Փաշինեանի համար, ես չեմ կարող ասել, բայց հաշւի առնելով Փաշինեանի մտաունակութիւնները եւ ռազմավարական հեռատեսութիւնը, ես հասկանում եմ, որ տարածաշրջանում ունենալու ենք Իլհամ Ալիեւի խաղաղութիւնը»:

Ադրբեջանի հարցերով փորձագէտը տարածաշրջանում խաղաղութեան հաստատման որեւէ նախադրեալ չի տեսնում, եւ որպէս դրա ապացոյց՝ յիշատակում է Արցախի բնակչի սպանութեան, Արարատի մարզում բնակչի վիրաւորման լուրերը:

Ռուսաստանի պաշտպանութեան նախարարութիւնը հաստատել է Արցախում ադրբեջանցիների կրակոցից խաղաղ բնակչի սպանութեան լուրը: Ռուսաստանի պաշտպանութեան նախարարութեան հաղորդագրութեան մէջ նշւում է, որ հոկտեմբերի 9-ին գիւղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում ադրբեջանական կողմի կրակոցի հետեւանքով մահացու վիրաւորում է ստացել խաղաղ բնակիչ. «Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարութիւնը հետաքննում է միջադէպը՝ երկու կողմերի ներգրաւմամբ»: Արմինէ Ադիբէկեանից հետաքրքրւեցինք՝ սա ռուս խաղաղապահների դէմ ուղղւած գործողութի՞ւն է, թէ՞ խաղաղութեան դարաշրջանի ադրբեջանական պատկերացումը:

«Ես չեմ պատկերացնում, որ Ալիեւը կարող է այդքան խիզախ գտնւել, որ սկսի Պուտինի նեարդերի հետ խաղալ, որովհետեւ դա շատ աւելի թանկ կարող է նստել Իլհամ Ալիեւի վրայ, քան նա պատկերացնում է. կարող է գայ մի պահ, որ Էրդողանը չկարողանայ Ալիեւին պաշտպանել: Դա լոկալ թեմա է, կամ միգուցէ կրակողը հարբած է եղել, կամ նման մի բան: Ամէն դէպքում, դա խօսում է այն մասին, որ կամ Ալիեւը չի կարողանում վերահսկել իր զօրքերը, այսինքն՝ զօրքերը անում են՝ ինչ ուզում են, կամ էլ դա կոնկրետ հրահանգ է, որ արցախցիները հանգիստ օր ու ժամ չունենան»,- ի պատասխան՝ ասաց նա:

Իրանի ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը մօտ ապագայում կը լինի Հայաստանում եւ Ադրբեջանում: Իրանի արտգործնախարարը մասնաւորապէս նշել է, որ Իրանի հարեւաններին, ներառեալ՝ հիւսիսային հարեւաններին ուշադրութեան կենտրոնում պահելը Իրանի նոր կառավարութեան արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւններից է. «Հայաստանն ու Ադրբեջանն Իրանի լաւ հարեւաններն են, հետեւաբար՝ մենք չենք կարող աշխատել նրանցից իւրաքանչիւրի դէմ: Իրանի արտաքին քաղաքականութիւնը բալանսաւորւած է»:

Արմինէ Ադիբէկեանի գնահատմամբ՝ վերոնշեալը նշանակում է, որ իրանաադրբեջանական պատերազմ չի լինելու. «Մեր հայրենակիցները, որ ակնկալում էին, որ հես է՝ Իրանը Ադրբեջանին կջախջախի, իհարկէ, ոչ: Իրանը այն վիճակում չէ, որ պատերազմ սկսի, եւ առհասարակ, Իրանն իր պատմութեան մէջ մէկ-երկու անգամ է եղել, երբ ինքն է պատերազմ սկսել: Հետեւաբար, որեւէ նախադրեալ չկայ, որ Իրանը պատերազմ նախաձեռնի՝ յաղթանակ ակնկալելով»:

Ինչ վերաբերում է Փաշինեան-Ալիեւ հնարաւոր հանդիպմանը, նա նշեց, որ Փաշինեանն անելու է այն, ինչ Ալիեւը նրան հրահանգի:

Հարցին՝ այդ դէպքում ինչո՞ւ Փաշինեանն ասաց, որ պատրաստ է հանդիպել Ալիեւի հետ, նա պատասխանեց. «Ոչխարին էլ է թւում, որ ինքը շատ կարեւոր մարդ է հօտում, բայց վերջում իրեն մորթում եւ ուտում են»:

 

Ռազմիկ Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

  • Պուտինն Անվտանգութեան խորհրդի նիստում ներկայացրել է Ալիեւի եւ Փաշինեանի հետ հանդիպման արդիւնքները
    Պուտինն Անվտանգութեան խորհրդի նիստում ներկայացրել է Ալիեւի եւ Փաշինեանի հետ հանդիպման արդիւնքները

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգութեան խորհրդի նիստ է անցկացրել՝ ներկայացնելով Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հետ քննարկումների արդիւնքները ԼՂ հակամարտութեան կարգաւորման  հարցի շուրջ եւ վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները:

  • Առանց նահանջի՝ նահանջ. Հայաստանը զրկւում է իր բոլոր մանդատներից
    Առանց նահանջի՝ նահանջ. Հայաստանը զրկւում է իր բոլոր մանդատներից

    Այն, որ հրաշքներ պէտք չէր ակնկալել Սոչիում նախատեսւած Պուտին-Փաշինեան-Ալիեւ եռակողմ ձեւաչափով հանդիպումից, գիտէինք բոլորս: Դեռ աւելին, գիտէինք նաեւ, որ հանդիպման արդիւքները վատ են լինելու մեզ համար:

  • Խաբէութիւն ․․․ ե՛ւ ինքնախաբէութիւն
    Խաբէութիւն ․․․ ե՛ւ ինքնախաբէութիւն

    Աւելի քան երկու ժամ տեւեց Հ․Հ․ վարչապետին պատկերասփռուած հարցազրոյցը՝ Նոյեմբեր 23-ին, երբ մէկ առ մէկ կարդացուեցան լրատուամիջոցներու եւ հասարակական կազմակերպութիւններու ներկայացուցիչներու յղած հարցումները. գլխաւոր կիզակէտն էր սահմանազատման եւ սահմանագծման խորհրդաւոր ու մինչ այդ գաղտնի պահուած փաստաթուղթին բովանդակութիւնը։ Հիմնաւորեալ մեկնակէտը այն էր, որ վարչապետը քանի մը օր առաջ հաստատած էր, թէ փաստաթուղթ մը ունի սեղանին վրայ եւ պատրաստ է զայն ստորագրելու:

  • «Այո, Թուրքիան, Ադրբեջանն ուզում են Հայաստանը ոչնչացել». Ռուբէն Մելքոնեան
    «Այո, Թուրքիան, Ադրբեջանն ուզում են Հայաստանը ոչնչացել». Ռուբէն Մելքոնեան

    «Ապազգային իշխանութիւններից, այն մարդկանցից, որոնք չունեն ազգային մտածելակերպ, չեն ճանաչում մեր պատմութիւնը, չգիտեն՝ ով է թշնամի, ով բարեկամ, բնականաբար, կարելի է սպասել այսպիսի իրավիճակի»,- «Հայելի» մամուլի ակումբի ասուլիսում ասաց պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը։

  • «Նիկոլ Փաշինեանը «ցաւտ զիջումներին» պատրաստւում է արդէն մի քանի ամիս». «Հրապարակ»
    «Նիկոլ Փաշինեանը «ցաւտ զիջումներին» պատրաստւում է արդէն մի քանի ամիս». «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. «Սիւնիքում այսօր տեղի ունեցող իրադարձութիւնները ոմանց համար տհաճ անակնկալ էին, եւ ոմանք նոյնիսկ ամենավատ երազում չէին կարող պատկերացնել, որ թուրքը կը հաստատւի Գորիս-Կապան ճանապարհին, սակայն Նիկոլ Փաշինեանի յետպատերազմական քայլերը յստակ ուղղւածութիւն եւ տրամաբանութիւն ունեն։ Եթէ դրանք դնում ես կողք-կողքի, ապա պարզ է դառնում, որ ամէն ինչ արւել է, որպէսզի «ցաւոտ զիջումների» ճանապարհին մեծ խոչընդոտներ չլինեն։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։