Հա

Քաղաքական

12/10/2021 - 12:10

««3+3»-ն իր ձեւաւորման սկզբնական նպատակների տիրոյթում հազիւ թէ իրականանայ». Արմէն Պետրոսեան

«Լարւած եւ նեարդային եւ մի շարք հիմնախնդիրների առնչութեամբ անորոշ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է պահպանւել եւ նոր դրսեւորումներ ընդգրկել միաժամանակ մի քանի ուղղութիւններով»,- 168.am-ի հետ զրոյցում անդրադառնալով յետպատերազմեան տարածաշրջանի նոր մարտահրաւէրներին՝ նշեց տարածաշրջանային հարցերով փորձագէտ Արմէն Պետրոսեանը:

«alikonline.ir» - «Լարւած եւ նեարդային եւ մի շարք հիմնախնդիրների առնչութեամբ անորոշ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է պահպանւել եւ նոր դրսեւորումներ ընդգրկել միաժամանակ մի քանի ուղղութիւններով,- 168.am-ի հետ զրոյցում անդրադառնալով յետպատերազմեան տարածաշրջանի նոր մարտահրաւէրներին՝ նշեց տարածաշրջանային հարցերով փորձագէտ Արմէն Պետրոսեանը՝ մանրամասնելով,- Պահպանւում է Ադրբեջան-Հայաստան, Ադրբեջան-Իրան լարւածութիւնը, ականատես ենք լինում արցախեան հիմնախնդրի շուրջ միջազգային դերակատարների ակտիւացման փորձերին, ինչն իր հերթին՝ նեարդայնացնում է թուրք-ադրբեջանական տանդեմին, Վրաստանի առաջարկած հարթակի միջոցով Արեւմուտքի՝ որպէս տարածաշրջանում ակտիւանալու այլընտրանքային ճանապարհի օգտագործմանը, քարոզչական, քաղաքական փոխհրաձգութիւնների, տարածաշրջանային որոշ դերակատարների կողմից զօրավարժութիւնների միջոցով ուժի ցուցադրութեան տարբեր գործողութիւնների, Արցախում, Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական կողմի շարունակական սադրանքների եւ այլն»:

Քանի որ ակտիւօրէն քննարկւում է Հարաւային Կովկասում տարածաշրջանային համագործակցութեան նոր՝«3+3» բանաձեւը՝ Ա. Պետրոսեանից հետաքրքրւեցինք՝ արդեօ՞ք այն իրականութիւն կը դառնայ:

Ի պատասխան՝ փորձագէտը նախ յիշեցրեց, որ այդ ձեւաչափը հեղինակել է Թուրքիան՝ յետպատերազմական իրավիճակում տարածաշրջանում սեփական ազդեցութիւնը մեծացնելու, թուրք-ադրբեջանական միասնական օրակարգն առաջ մղելու, մրցակից դերակատարների կանխատեսւելիք ակտիւութիւնը զսպելու համար, ապա յաւելեց.

«Այն իրենից ներկայացնում է ի սկզբանէ տնտեսական հիմքով, բայց հեռանկարային առումով՝ նաեւ քաղաքական յաւակնութիւններ ունեցող ձեւաչափ, որը փորձելու է տարածաշրջանում եղած խնդիրները լուծել Այսրկովկասի երեք պետութիւնների եւ դրանց սահմանակից եւս երեք տարածաշրջանային տէրութիւնների միջոցով: Բայցեւայնպէս, հաշւի առնելով այս տարածաշրջանում առկայ բաւականաչափ բարդ իրավիճակը, մրցակցութիւնը՝ ինչպէս տարածաշրջանային երկրների, այնպէս էլ՝ արտատարածաշրջանային մի շարք դերակատարների միջեւ, հաշւի առնելով նոյն ձեւաչափին ներգրաււելիք վեց երկրների միջեւ ցայսօր չկարգաւորւած բազմաբնոյթ հիմնախնդիրները, նաեւ՝ ձեւաչափից դուրս մնացած մի շարք դերակատարների կողմից տարածաշրջան վերադառնալու փորձերն ու մի շարք այլ խնդիրներ՝ վստահաբար կարելի է պնդել, որ այն իր ձեւաւորման սկզբնական նպատակների տիրոյթում հազիւ թէ իրականանայ»:

Մեր զրուցակիցն այս զարգացումների համատեքստում չբացառեց նաեւ ռազմական վերահսկելի լարւածութիւնը՝ կա՛մ որպէս օբիեկտիւ գործընթացի հետեւանք, կա՛մ՝ սադրանքների՝ հաշւի առնելով տարածաշրջանում ներկայութիւն ունեցող կողմնակի որոշ դերակատարների առկայութիւնն ու նպատակները:

«Խօսքը, մասնաւորապէս, ահաբեկչական խմբաւորումների, եւ Իսրայէլի մասին է, որոնք անընդհատ նպատակ են հետապնդում տարածաշրջանում բորբոքել կրքերը, լարել իրավիճակը, խնդիրներ հրահրել տարբեր խաղացողների միջեւ՝ այդկերպ իրականացնելով սեփական նպատակները. ամրապնդել սեփական դիրքերը: Օրինակ, Իսրայէլի համար մշտապէս օրակարգային խնդիր է Իրանի շուրջ խնդիրներ, լարւածութիւն հրահրելը»,- ասաց նա՝ այդուհանդերձ շեշտելով, որ տարածաշրջանում ներգրաււած հիմնական դերակատարների կողմից փորձ է արւում առաջացող խնդիրները լուծել քաղաքական, դիւանագիտական հարթութիւնում՝ երրորդ ուժերի կողմից յաղթաթղթեր ստանալու հանգամանքը հնարաւորինս բացառելու նպատակով:

Այս իրավիճակում ինչպէ՞ս պէտք է դիրքաւորւի Հայաստանը՝ մեր վերջին հարցին ի պատասխան էլ՝ փորձագէտը նկատեց. «Հայաստանի դիրքաւորումը բաւականաչափ բարդ է, քանի որ տարածաշրջանում ականատես ենք լինում բազմաշերտ գործընթացների, նոր ուժային բանաձեւումների: Հայաստանի համար պէտք է սկզբունքային լինի ձեւաւորւած իրավիճակում նւազագոյն կորուստներ կրելու եւ առաւելագոյն յաջողութիւններ արձանագրելու ձգտումն ու դրան համապատասխան դիրքաւորումը: Այդ նպատակով պէտք է փորձ արւի գտնել խաչւող, համադրւող շահեր, քաղաքական ուղեգծեր՝ ինչպէս հարեւան, այնպէս էլ՝ արտատարածաշրջանային դերակատարների հետ յարաբերութիւններում, եւ այս մօտեցմամբ նաեւ վերադարձնել պատերազմի հետեւանքով կորցրած ե՛ւ քաղաքական, դիրքային, ե՛ւ հնարաւորութեան դէպքում՝ նաեւ տարածքային կորուստները»:

 

Զարուհի Դիլանեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։