Հա

Քաղաքական

12/10/2021 - 12:20

«Պատերազմի արդիւնքներից, բացի Ռուսաստանից ոչ ոք գոհ չէ, այդ թւում Թուրքիան». Հայկազուն Ալւրցեան

Հիմա յետպատերազմեան մի վիճակ է ստեղծւել, որը հանգուցալուծում է պահանջում, ինչ-որ ձեւով պէտք է աւարտւի, որովհետեւ պատերազմի արդիւնքներից, բացի Ռուսաստանից ոչ ոք գոհ չէ: Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշեց Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի տնօրէն Հայկազուն Ալւրցեանը:

«alikonline.ir» - Հիմա յետպատերազմեան մի վիճակ է ստեղծւել, որը հանգուցալուծում է պահանջում, ինչ-որ ձեւով պէտք է աւարտւի, որովհետեւ պատերազմի արդիւնքներից, բացի Ռուսաստանից ոչ ոք գոհ չէ: Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշեց Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի տնօրէն Հայկազուն Ալւրցեանը:

Նրա խօսքով, Թուրքիան նոյնպէս գոհ չէ, քանի որ նրա յաւակնութիւնները շատ էին, բայց ինքը պատերազմից յետոյ ուղղակի դուրս մղւեց տարածաշրջանից. «Թուրքիան իր մասնակցութեամբ նպաստեց Ադրբեջանի յաղթանակին, բայց Ադրբեջանի յաղթանակը նոյնպէս չի կայանում, որովհետեւ Արցախն այսպէս, թէ այնպէս կայ, արցախեան խնդիրը կայ: Մինսկի խմբի համանախագահ երկրները, Արեւմուտքը հակւած են շարունակելու իրենց միջնորդական առաքելութիւնը: Դա իրենց համար շատ կարեւոր է: Այս համատեքստում է, որ Թուրքիան ուզում է պատերազմից յետոյ իր մասնակցութիւնն այս տարածաշրջանում ամրագրել, կապիտալիզացնել»,- ասաց Ալւրցեանը:

Նա յիշեցրեց, որ այսօր Թուրքիայի կողմից առաջարկւող «3+3» ձեւաչափը 10-15 տարի առաջ էլ օրակարգում եղել է ու ջրւել, գնացել է. «Հիմա տարածաշրջանի 6 պետութիւնների համագործակցութեան ձեւաչափով Թուրքիան ուզում է ինչ-որ ձեւով ներգրաււել Հարաւային Կովկասի եւ հայաստանեան խնդիրների մէջ: Սա նաեւ նշանակում է Զանգեզուրով դէպի Ադրբեջան ճանապարհ բացելու գործընթաց: Իհարկէ, քանի որ նրանք շատ լաւ հասկանում են, թէ Իրանը որքան զգայուն է այս հարցում, որը բացայայտ յայտարարեց, որ բացառւում է հարեւան երկրների սահմանների խախտում, նկատի ունենալով Հայաստանի սահմանները եւ թուրք-ադրբեջանակն նկրտումները միջանցքի հարցով, Թուրքիան մտածում է նաեւ Իրանին ներքաշել այս խնդրի մէջ նրան եւս մի քիչ բաժին յատկացնելով, խնդիրը մեղմելով»,- ասաց նա:

Ալւրցեանի խօսքով, իրականութիւնն այն է, որ նման համագործակցութիւնն առանց միջնորդներ չի լինի. «Ես չեմ կարծում, որ «3+3» ձեւաչափը իրատեսական է: Մի անգամ էլ է շրջանառւել դա եւ դուրս է մնացել, հիմա էլ է դուրս մնալու: Այդ ձեւաչափը Թուրքիայի ցանկութիւնն է, Ռուսաստանը դրանով հարց չի լուծում: Ռուսաստանը ինչ հարց պէտք է առանձին է լուծում եւ աշխատում է իր խնդիրների մէջ ուրիշներին չներգրաւել, լինել միակ կամ հիմնական շահառուն: Ռուաստանը դա կարողանում է անել, իսկ Թուրքիան չի կարողանում համապատասխան քայլեր ձեռնարկել ՌԴ-ի դէմն առնելու համար: Դրա համար նա ուզում է տարբեր երկրների ներքաշել այդ ծրագրում, դրանով ինքը ներգրաււելով հայ-ադրբեջանական խնդրի կարգաւորողների ցանկի մէջ:

Թուրքիայի մասնակցութիւնը պատերազմին մեծ էր, բայց ազդեցութիւնը չի մեծացել: Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակը Արցախի խնդրի փակումը, բայց հարցը չի փակւում»:

Ալւրցեանը համոզմունք յայտնեց, որ Ադրբեջանն Իրանի դէմ դարձել է պլացդարմ Թուրքիայի եւ Իսրայէլի համար. «Այս ամէնը կարող է բերել ռազմական բախումների, բայց «3+3» ձեւաչափը պատերազմից խուսափելու փորձ է Թուրքիայի համար: Դա ոչ Իրանին է ձեռնտու, ոչ Ռուսաստանին, ոչ էլ Հայաստանին:

Այստեղ Վրաստանի հարցն է հետաքրքիր. Վրաստանը եւ այ ձեւաչափի մէջ ներգրաււելով կը շահի, եւ մէկ այլ ձեւաչափի մէջ՝ Իրան-Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս-Վրաստան-Բուլղարիա-Հայաստան: Սա թոյլ կը տայ Իրանի նաւթը, գազը, էներգառեսուրսները Հայաստանով, Վրաստանով հասցնել Եւրոպա: Վրաստանը երկու դէպքում էլ մասնակցութիւն է ունենում: Իսկ Թուրքիան ու Ադրբեջանը երկրորդ ձեւաչափի դէպքում դուրս են մնում: Եթէ այդ տարբերակն իրականանայ, դա Ադրբեջանին ու Թուրքիային տարածաշրջանային այս մեծ խաղից դուրս է թողնում, եւ չի կարողանում կասեցնել ոչ միայն Իրանի ելքը դէպի Սեւ ծով, նաեւ ջուրն է լցւում Սիւնիքով իրենց երազած միջանցքի պանթուրքիստական երազանքը»:

Նա ընդգծեց, որ Թուրքիան ու Հայաստանը յարաբերութիւններ չունեն, հետեւաբար, չեն կարող այս ձեւաչափի շուրջ համագործակցել, իրենց պէտք է միջնորդ. «Վրաստանը Թուրքիայի կողմից ընտրւել է որպէս միջնորդ՝ բանակցութիւնները վարելու համար: Հիմա Նիկոլ Փաշինեանը Բաթում գնաց, այնտեղ ինչ-որ տարբերակներ է առաջարկել»:

Հարցին, թէ ինչու է Հայաստանն ընտրել 3+3 տարբերակը, որտեղ կան նաեւ Թուրքիան ու Ադրբեջանը, Ալւրցեանը պատասխանեց. «Որովհետեւ Թուրքիան ներկայացնում է Արեւմուտքը եւ ՆԱՏՕ-ն: Դա պայմանաւորւած է ՀՀ իշխանութիւնների անհեռանկար քաղաքականութեամբ»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։