Հա

Քաղաքական

13/10/2021 - 12:30

«Արցախի ինքնորոշման հարցը փակւած չէ, պէտք է լուծւի Մինսկի խմբի շրջանակներում տարւող բանակցութիւնների միջոցով». Վանեցեան

Հոկտեմբերի 12-ին «Հայրենիք» կուսակցութեան նախագահ, «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Արթուր Վանեցեանը հանդիպել է Հայկական Բարեգործական Ընդհանուր միութեան Կանադայի մարմնի ատենապետ Շահէ Թանաշեանի եւ վարչութեան ընդհանուր քարտուղար Յակոբ Արսլանեանի հետ: 

«alikonline.ir» - Հոկտեմբերի 12-ին «Հայրենիք» կուսակցութեան նախագահ, «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Արթուր Վանեցեանը հանդիպել է Հայկական Բարեգործական Ընդհանուր միութեան Կանադայի մարմնի ատենապետ Շահէ Թանաշեանի եւ վարչութեան ընդհանուր քարտուղար Յակոբ Արսլանեանի հետ: Այս մասին տեղեկացնում է «Հայրենիք» կուսակցութիւնը։

Հանդիպմանը քննարկւել են Արցախի Հանրապետութեան ժողովրդի անվտանգութեանը, սոցիալական պաշտպանութեանը, ինչպէս նաեւ համահայկական օրակարգին առնչւող մի շարք հարցեր:

ՀԲԸՄ Կանադայի մարմնի ներկայացուցիչները ներկայացրել են Արցախի Հանրապետութիւնում նախանշւած ծրագրերի իրականացման գաղափարները՝ նշելով, որ Սփիւռքը մշտապէս կանգնած է լինելու Արցախի ժողովրդի թիկունքին:

Արթուր Վանեցեանը վերահաստատել է «Հայրենիք» կուսակցութեան եւ «Պատիւ ունեմ» դաշինքի դիրքորոշումը առ այն, որ Արցախի ինքնորոշման հարցը փակւած չէ եւ պէտք է լուծւի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարւող բանակցութիւնների միջոցով:

Վերջինս ընդգծել է բանակցութիւնների միջոցով Ադրբեջանի կողմից գերեվարւած անձանց, ինչպէս նաեւ օկուպացւած ԱՀ տարածքների վերադարձի անհրաժեշտութիւնը: Առանձին կարեւորութիւն է ենթադրում նաեւ արցախեան վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի գործած ռազմական յանցագործութիւնների, այդ թւում՝ ահաբեկիչների ներգրաւման միջազգայնօրէն հաստատւած փաստի առիթով միջազգային համապատասխան ատեանների կողմից Ադրբեջանին պատասխանատւութեան ենթարկելու հարցը:

Արթուր Վանեցեանը Հայաստան-Սփիւռք արդիւնաւէտ համագործակցութեան հաստատման տեսանկիւնից յատկապէս կարեւորել է վստահութեան վերականգնման հարցը, որը խաթարւել է ՀՀ իշխանութիւնների անպատասխանատու եւ անշրջահայեաց քայլերի հետեւանքով:

Արթուր Վանեցեանը ներկայացրել է «Հայրենիք» կուսակցութեան տեսլականը ՀՀ եւ ԱՀ անվտանգային համակարգի վերականգնման, ինչպէս նաեւ ներքաղաքական մի շարք հարցերի վերաբերեալ: Մասնաւորապէս, նշւել է, որ ՀՀ եւ ԱՀ վերելքի նախապայման է գործող վարչախմբի հեռացումը:

Կողմերը պայմանաւորւել են զարգացնել հաստատւած յարաբերութիւնները` ի շահ հայկական երկու պետութիւնների եւ ողջ աշխարհասփիւռ հայութեան:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։