Հա

Քաղաքական

14/10/2021 - 08:40

ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ գլխաւոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնւող Իրանի Իսլամական Հանրապետութեան գլխաւոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիին:

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնւող Իրանի Իսլամական Հանրապետութեան գլխաւոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիին:

Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացնում են կառավարութիւնից, ողջունելով պարոն Մոնթազերիին Հայաստանի Հանրապետութիւնում՝ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարութիւնը մեծապէս կարեւորում է ԻԻՀ հետ յարաբերութիւնները եւ գործընկերութիւնը, այդ թւում՝ իրաւապահ ոլորտում:

«Ուրախ եմ արձանագրել, որ մեր գլխաւոր դատախազութիւնների միջեւ հաստատւած է բաւականին արդիւնաւէտ համագործակցութիւն: Իհարկէ, Հայաստանը պատրաստ է արդարադատութեան ոլորտում նոյնպէս զարգացնել ու խորացնել համագործակցութիւնը եւ Ձեր այցը լաւ հնարաւորութիւն է նաեւ այս ուղղութեամբ: ԻԻՀ նախագահի հետ հանդիպումների ընթացքում պայմանաւորւել ենք, որ մեր բոլոր գերատեսչութիւնները միմեանց հետ սերտ համագործակցութիւն պիտի հաստատեն»,- նշել է վարչապետ Փաշինեանը:

Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին իր հերթին նշել է, որ իր այցը բարեկամ եւ հարեւան Հայաստան տեղի է ունենում ՀՀ գլխաւոր դատախազի՝ Իրան կատարած այցին ի պատասխան.

«Իհարկէ, կորոնավիրուսի պատճառով այս այցը մի փոքր յետաձգւեց: Նախքան իմ այցը Հայաստան՝ 2-3 օր առաջ ես հանդիպել եմ ԻԻՀ նախագահ պարոն Ռէյիսիի հետ: Նա խնդրեց իր ջերմ ողջոյնները փոխանցեմ Ձեզ, գովեստի խօսքեր հնչեցրեց Ձեր մասին ու ընդգծեց՝ այն հանդիպումը, որ ունեցել էք, շատ լաւ եւ արդիւնաւէտ է եղել»:

ԻԻՀ գլխաւոր դատախազը յաւելել է, որ իր երկիրն առանձնակի կարեւորում է Հայաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցութեան զարգացումն ու ընդլայնումը: Նա շեշտել է, որ երկու երկրների միջեւ առկայ բազմադարեայ, բարիդրացիական ու բարեկամական յարաբերութիւնները լաւ հիմք են՝ համատեղ դիմագրաւելու տարածաշրջանում առկայ մարտահրաւէրներին եւ գտնելու անհրաժեշտ լուծումներ՝ իրացնելով նաեւ գոյութիւն ունեցող մեծ ներուժը: «Մենք շահագրգիռ ենք Հայաստանի հետ կապերի զարգացմամբ՝ ի շահ մեր երկրների»,- նշել է Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին:

Պարոն Մոնթազերին ընդգծել է, որ Իրանը հարեւանների հետ յարաբերութիւններում առաջնորդւում է բարիդրացիութեան քաղաքականութեամբ, միեւնոյն ժամանակ երբեք թոյլ չեն տայ, որպէսզի երկրի սահմանների երկայնքով տեղակայւեն ահաբեկիչներ եւ պատերազմ հրահրող ուժեր:

ՀՀ վարչապետ Փաշինեանն աւելացրել է, որ մեծ տպաւորութիւններ ունի նախագահ Ռէյիսիի հետ հանդիպումներից եւ նշել, որ վերջինիս այն ընդգծումը, ըստ որի՝ Հայաստանի ու Իրանի նոր կառավարութիւնները միաժամանակ են սկսել գործունէութիւնը՝ ընկալւում է որպէս երկու պետութիւնների յարաբերութիւններում նոր էջ բացելու ուղերձ:

ՀՀ կառավարութեան ղեկավարը մարտահրաւէրներին դիմագրաւելու առումով կարեւորել է նաեւ Հայաստանի ու Իրանի միջեւ տնտեսութեան ոլորտում համագործակցութեանը նոր ազդակ հաղորդելը, մասնաւորապէս, գազ էլեկտրաէներգիայի դիմաց համաձայնագրի երկարաձգումը, 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարութեան աւարտին հասցնելը, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը, Մեղրիի ազատ տնտեսական գօտու ներուժի լիարժէք իրացումը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Նշւում է, որ հանդիպման աւարտին Նիկոլ Փաշինեանը խնդրել է իր ջերմ ողջոյնները փոխանցել Իսլամական յեղափոխութեան գերագոյն առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիին եւ նախագահ Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։