Հա

Քաղաքական

14/10/2021 - 09:00

«Ինչպէ՞ս կարող է ԼՂ հակամարտութիւնը կարգաւորւել, քանի դեռ յայտնի չէ բռնի անհետացումների զոհ դարձած բազմաթիւ անձանց ճակատագիրը»․ Գարեգին Բ

Հոգեւոր առաջնորդներիս աղոթքներն ու ջանքերն այսօր պիտի հետապնդեն համերաշխութեան ու փոխըմբռնման մթնոլորտ ձեւաւորելու նպատակ, որպէսզի թօթափւի լարւածութիւնը եւ Բարձրեալը օրհնի մեր կեանքը Իր խաղաղութեամբ, ողորմութեամբ եւ առատ շնորհներով։ 

«alikonline.ir» - Հոգեւոր առաջնորդներիս աղոթքներն ու ջանքերն այսօր պիտի հետապնդեն համերաշխութեան ու փոխըմբռնման մթնոլորտ ձեւաւորելու նպատակ, որպէսզի թօթափւի լարւածութիւնը եւ Բարձրեալը օրհնի մեր կեանքը Իր խաղաղութեամբ, ողորմութեամբ եւ առատ շնորհներով։ 

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին յայտարարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ հոկտեմբերի 13-ին Մոսկւայում (Ռուսաստանի Դաշնութիւն)՝ Ս. Դանիէլի պատրիարքանիստ վանքում, միջնորդութեամբ Մոսկւայի եւ Համայն Ռուսիոյ Կիրիլ Պատրիարքի, տեղի ունեցած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպմանը։ Ըստ Մայր Աթոռի տեղեկատւական համակարգի՝ 1988 թւականից սկսած սա ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորմանն ի նպաստ այս ձեւաչափով 17-րդ հանդիպումն էր:

Աղբիւրը յայտնում է, որ հանդիպումը բացւել է Մոսկւայի եւ Համայն Ռուսիոյ Կիրիլ Պատրիարքի բացման խօսքով. «Մենք հաւաքւել ենք այսօր քննարկելու Լեռնային Ղարաբաղում բազմամեայ հակամարտութեան հետեւանքների յաղթահարման խնդիրը, որում ներգրաււած են Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդները: Շուրջ երեսուն տարւայ ընթացքում մենք` հոգեւոր առաջնորդներս, ջանում ենք, որպէսզի մեղմենք այս ողբերգական հակամարտութիւնը: Աստծուց կոչւած ենք քարոզելու սէր եւ ողորմութիւն, անգամ երբ դա դժւար իրականանալի է թւում:

...Քաջ յայտնի է, որ հոգեւոր կեանքի ոլորտը մարդու համար ամենազգայունն է: Ցաւօք, կան մարդիկ, որոնք բռնութիւնը, դաժանութիւնն ու արիւնահեղութիւնն արդարացնում են կրօնով: Եւ մենք կոչւած ենք համատեղ միանշանակ պատասխան տալ կրօնը եւ պատերազմը միմեանց կապելու փորձերին»։

Մայր Աթոռի տեղեկացմամբ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը, իր խօսքն ուղղելով Մոսկւայի եւ Համայն Ռուսիոյ Կիրիլ Պատրիարքին եւ Կովկասի մահմեդականների վարչութեան նախագահ շէյխ-ուլ-իսլամ Ալլահշուքիւր Փաշազադէին, մասնաւորապէս ասել է. «2017 թւականից ի վեր տեւական ժամանակ հնարաւորութիւն չենք ունեցել հանդիպելու հոգեւոր առաջնորդների այս ձեւաչափով, որտեղ ոչ միայն արծարծւում էին ղարաբաղեան հակամարտութեամբ պայմանաւորւած մեր ժողովուրդների կեանքում առաջ եկած խնդիրները, այլեւ ուղիներ էին որոնւում դրանց յաղթահարման, մթնոլորտի լիցքաթափման եւ կայունացման՝ յանուն տարածաշրջանում խաղաղութեան եւ անվտանգութեան հաստատման։ Այս առիթով Մեր երախտագիտութիւնն ենք յայտնում մեր սիրեցեալ եղբօրը` Մոսկւայի եւ Համայն Ռուսիոյ Պատրիարք Կիրիլ Ա-ին՝ այս հանդիպումը կազմակերպելու համար։

Մեր հանդիպումը տեղի է ունենում այնպիսի ժամանակահատւածում, երբ մեր տարածաշրջանը վերստին գերլարւած է:

Ադրբեջանը, անցած տարւայ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի բացայայտ աջակցութեամբ եւ միջազգային ահաբեկչական խմբաւորումների ներգրաւմամբ Արցախի ժողովրդի դէմ սանձազերծեց պատերազմական լայնածաւալ գործողութիւններ, ինչը աղէտալի իրավիճակ ստեղծեց ողջ տարածաշրջանում եւ ունեցաւ ողբերգական հետեւանքներ մեր ժողովուրդների համար։ Ծանր մարտերում Ադրբեջանի կողմից արգելւած զինատեսակների՝ կասետային եւ ֆոսֆորային զէնքերի կիրառման հետեւանքով զոհւեցին, վիրաւորւեցին եւ հաշմանդամ դարձան հազարաւոր զինւորականներ, քաղաքացիական անձեր, այդ թւում՝ կանայք եւ երեխաներ, խոշտանգումների ենթարկւեցին խաղաղ բնակիչներ, տեղահանւեցին եւ անօթեւան դարձան շուրջ 40000 արցախցիներ: Յատուկ թիրախաւորմամբ Արցախում հրթիռակոծւեցին բնակելի շէնքեր, հիւանդանոցներ եւ ծննդատներ, եկեղեցիներ, մշակութային կենտրոններ ու պատմական յուշարձաններ։

Ադրբեջանի կողմից արիւնալի եւ աղէտաբեր ագրեսիան հնարաւոր դարձաւ կասեցնել միայն Ռուսաստանի Դաշնութեան նախագահ մեծարգոյ տիար Վլադիմիր Պուտինի անձնական հետեւողական ջանքերի շնորհիւ, ում եւս մէկ անգամ յայտնում ենք Հայոց Եկեղեցու եւ մեր ժողովրդի երախտագիտութիւնը, նաեւ՝ Ադրբեջանի հսկողութեան տակ անցած տարածքներում հայկական հոգեւոր ժառանգութեան պահպանութեան խնդրում դրսեւորած յատուկ ուշադրութեան համար։ Ձերդ Սրբութիւն, ցանկանում ենք խորը զգացւածութեամբ շնորհակալութիւն յայտնել Ձեր ազնիւ միջնորդութիւնների եւ խաղաղասիրական ջանքերի համար, որ հանդէս բերեցիք պատերազմական 44-օրեայ գործողութիւնների ընթացքում եւ դրանց ողբերգական հետեւանքների յաղթահարման համատեքստում: Չափազանց կարեւոր է Ձեր ներդրումը Ադրբեջանի վերահսկողութեան տակ յայտնւած տարածքում 4-րդ դարի հայկական պատմական Դադիվանքի հետագայ գործունէութեան ապահովման հարցում:

2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողﬕց ընդունւած յայտարարութեան արդիւնքում, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայմամբ նախադրեալներ ստեղծւեցին Արցախի ժողովրդի անվտանգ կեանքի վերականգնման եւ Արցախի թեմի առաքելութեան ապահով իրականացման համար:

Տարածաշրջանում կայունութեան ու խաղաղութեան հաստատման, անվտանգ եւ ապահով կեանքի երաշխաւորման առումով ղարաբաղեան հիմնախնդրի խաղաղ կարգաւորումն այլընտրանք չունի։ Սակայն հակառակ խնդիրների վերջնական հանգուցալուծման ուղղութեամբ հայկական կողմի պատրաստակամութեան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բոլոր խաղաղարարական ջանքերի՝ Ադրբեջանի իշխանութիւնների որդեգրած՝ արժանապատւութիւնը նսեմացնող եւ ռազմատենչ անընդունելի հռետորաբանութեան եւ ոչ կառուցողական ու վերջնագրային քաղաքականութեան պատճառով տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ եւ լարւած:

Հետեւաբար, ինչպէ՞ս կարող է ղարաբաղեան հակամարտութիւնը կարգաւորւել,

- քանի դեռ Ադրբեջանը ղարաբաղեան հիմնախնդրի հանգուցալուծման հարցում շարունակում է առաջնորդւել ուժի կիրառման սկզբունքով եւ ծաւալապաշտական ձգտումներով։

- քանի դեռ յստակեցւած չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ երաշխաւորւած չէ արցախահայութեան անկախ կեանքի իրավունքի իրացումը։ Պետական մակարդակով հայատեացութեան քարոզչութիւնը, խաղաղ բնակիչների նկատմամբ բռնութիւններն ու սպանութիւնները, այսպէս կոչւած Ռազմավարի պուրակը Բաքւում վկայութիւնն են այն իրողութեան, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի կարող անվտանգ ապրել եւ գոյատեւել Ադրբեջանի կազմում,

- քանի դեռ ազատ չեն արձակւել բոլոր ռազմագերիները, անկախ Ադրբեջանի կողմից նրանց վերագրւող կարգավիճակից, որոնց իրական թիւը չի բացայայտւում: Մեր ունեցած տեղեկութիւններով անազատութեան մէջ գտնւող հայ գերիները յաճախ ենթարկւում են նւաստացման եւ խոշտանգումների, որոշ դէպքերում նաեւ տանջամահ արւում,

- քանի դեռ յայտնի չէ բռնի անհետացումների զոհ դարձած բազմաթիւ անձանց ճակատագիրը,

- քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել իր ոտնձգութիւնները ՀՀ պետական սահմանի նկատմամբ եւ յետ չի քաշւում գրաւեալ տարածքներից,

- քանի դեռ միջազգային օրէնսդրութեան յարգմամբ պատշաճ վերաբերմունք չի դրսեւորւում համաշխարհային նշանակութիւն ունեցող հայկական պատմա-մշակութային ժառանգութեան նկատմամբ, քանի դեռ աւերւում եւ պղծւում են մեր աղօթատները եւ չեն դադարում պատմութիւնը կեղծելու, հայկական վանքերն ու եկեղեցիներն իրենց ինքնութիւնից զրկելու փորձերը, չի ճանաչւում դրանց իրաւական պատկանելութիւնը Հայոց Եկեղեցու Արցախի թեմին եւ մեր զաւակները զրկւած են իրենց սրբավայրերն այցելելու իրաւունքից։

Հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում արժեւորել է խաղաղութիւնը եւ ձգտել խաղաղ համակեցութեան հարեւան ժողովուրդների հետ, մշտապէս յարգել այլոց կրօնական ազատութիւնները եւ մշակութային ինքնութիւնը։ Մեր ժողովրդի խաղաղասիրական ձգտումները կառուցւած են այն համոզման վրայ, որ պատերազմներում չկան յաղթողներ, պարտւում են բոլորը, քանի որ չի կարող լինել յաղթանակ այնտեղ, ուր տիրապետում է մարդկային ողբերգութիւնը: Քրիստոնեաներիս Սուրբ Գիրքը, որի նւիրականութիւնը չի ժխտւում նաեւ իսլամի հաւատաւորների կողմից, «երկրում խաղաղութեան եւ մարդկանց մէջ համերաշխութեան» (հմմտ. Ղուկ. 2:14) տեսիլքով է ոգեշնչում մարդկութեանը:

Տարբերութիւնների մէջ հանդուրժողականութեան, խաղաղ համակեցութեան ու բարիք ստեղծելու պատգամն է փոխանցում մարդկանց նաեւ Իսլամի Սուրբ Գիրք Ղուրանը, երբ արձանագրում է. «Ձեզանից իւրաքանչիւրին որոշակի օրէնքներ եւ ապրելակերպի ծրագիր սահմանեցինք: Եթէ Աստւած կամենար, Նա կարող էր ձեզ բոլորիդ մէկ հասարակութեան վերածել, սակայն (այդպէս չկամեցաւ), որպէսզի ձեզ տւածի համեմատ փորձի ձեզ: Մրցակցէք ուրեմն բարի գործերով» (Սուրաթ «Ալ-Մաիդա» 5:48):

Հէնց այս ոգով այսօր՝ 21-րդ դարի փոխշաղկապւած իրականութեան մէջ բոլոր խնդիրները ազգերի միջեւ պիտի կարգաւորւեն միայն խաղաղ ուղիներով, արդարութեամբ, օրինականութեան եւ իրաւունքի յարգումով։

Պատերազմը չէ ճանապարհը խնդիրների լուծման, եւ այս պատերազմն էլ իրականում ոչ թէ լուծումներ, այլ նոր ողբերգութիւններ ծնեց եւ նոր խնդիրներ յարուցեց։ Ռազմական ճանապարհով, զէնքի նշանառութեան ներքոյ հնարաւոր չէ խաղաղութիւն կերտել, ռազմագերիների գործօնի շահարկմամբ անհնար է համերաշխութեան եւ գործակցութեան հասնել, իսկ պետական մակարդակով հայատեացութեան սերմանմամբ եւ սպառնալիքներով բացել հաղորդակցման ուղիները։

Հակառակ առկայ ծանր կացութեան՝ Մենք շարունակում ենք յուսալ, որ պիտի կարողանանք յաղթահարել ծառացած մարտահրաւէրները, նաեւ զօրակցութեամբ խաղաղասէր մեր բարեկամ երկրների եւ մտահոգ միջազգային հանրութեան ու կառոյցների։ Նաեւ յոյս ունենք, որ այս դժւարին իրադրութեան մէջ Ադրբեջանի իշխանութիւնները յետ կը կանգնեն իրենց ծաւալապաշտական նկրտումներից, որոնք կարող են տարածաշրջանը կանգնեցնել նոր, առաւել լայնամասշտաբ պատերազմի առջեւ։

Հոգեւոր առաջնորդներիս աղօթքներն ու ջանքերն այսօր պիտի հետապնդեն համերաշխութեան ու փոխըմբռնման մթնոլորտ ձեւաւորելու նպատակ, որպէսզի թօթափւի լարւածութիւնը եւ Բարձրեալը օրհնի մեր կեանքը Իր խաղաղութեամբ, ողորմութեամբ եւ առատ շնորհներով։

Վերստին Մեր շնորհակալութիւնն ենք յայտնում Ձեզ, սիրեցեալ եղբայր ի Քրիստոս՝ Մոսկւայի եւ Համայն Ռուսիոյ Պատրիարք, յանուն խաղաղութեան Ձեր ներդրած ջանքերի եւ այս հանդիպման համար:

Յարգարժան շէյխ-ուլ-իսլամ, հաւատում ենք, որ մեր այս հանդիպումը պիտի արդիւնքներ ապահովի Ձեր անմիջական միջնորդութեամբ Ադրբեջանի իշխանութիւնների մօտ՝ մասնաւորապէս հումանիտար հարցերի, առկա հոգեւոր-կրօնական խնդիրների կարգաւորման եւ մեր ժողովուրդների կեանքում խաղաղութեան վերահաստատման գործում։

Աղօթում ենք աշխարհում խաղաղութեան եւ մեր տարածաշրջանում կեանքի ապահով ու անվտանգ, բնականոն ընթացքի վերականգնման ու առաջընթացի համար։ Թող Տէրը օրհնի խաղաղութեան բոլոր ճանապարհները եւ Իր իմաստութեամբ առաջնորդի մեր ժողովուրդներին»:

Մայր Աթոռը հաղորդում է, որ տեղի ունեցած քննարկումների աւարտին հանդիպման արդիւնքների վերաբերեալ Մոսկւայի եւ Համայն Ռուսիոյ Կիրիլ Պատրիարքը հանդէս է եկել յայտարարութեամբ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։