Հա

Քաղաքական

14/10/2021 - 10:30

«ՀՀ առաջին տիկինը Արցախում Ռուսաստանն անւանել է մեր թշնամին»․ Մետաքսէ Յակոբեան

Հայաստանի Հանրապետութեան առաջին տիկինը, երբ սեպտեմբերի 30-ին գտնւում էր Արցախում, առանց թաքցնելու հակառուսական քարոզչութիւն արեց, ուղղակի այն հեռուստաընկերութիւնները, որոնք այդ պահին նկարահանում էին, չգիտես ինչու, հէնց այդ մասը եթեր չտւեցին՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը։

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեան առաջին տիկինը, երբ սեպտեմբերի 30-ին գտնւում էր Արցախում, առանց թաքցնելու հակառուսական քարոզչութիւն արեց, ուղղակի այն հեռուստաընկերութիւնները, որոնք այդ պահին նկարահանում էին, չգիտես ինչու, հէնց այդ մասը եթեր չտւեցին՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը։

«Առաջին տիկինն ասաց՝ այն պետութիւնը, որը վերջին 100 տարիներին ցոյց է տւել, իբր մեզ բարեկամ է, բացարձակ մեր բարեկամը չէ, այլ հակառակը՝ թշնամին է, եւ նրա թշնամութեան հետեւանքով այսօր բոլորս յայտնւել ենք այս իրավիճակում»,-մանրամասնեց պատգամաւորը։

Նա մտահոգութիւն յայտնեց, որ Հայաստանի եւ Արցախի իշխանաւորների կողմից Ռուսաստանի դեմ քարոզչութիւնը պարզ երեւում է սոցիալական հարթակներում։

««Ֆէյսբուք»-ում կարող էք տեսնել գերատեսչութիւնների ոչ ցածր պաշտօնեաների կողմից տարւող յստակ հակառուսական քարոզը, ինչու չէ նաեւ հէնց գերատեսչութեան ղեկավարների կողմից։ Գերատեսչութիւնների ղեկավարները չէին կարող ուղիղ կապ ունենալ ադրբեջանցիների հետ, դա կոնկրետ հրահանգ է Հայաստանի իշխանութիւններից, որովհետեւ ինչքան էլ այսօր իրենք խօսեն լաւ յարաբերութիւնների մասին ռուսական կողմի հետ, գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանութիւններն ուղղակի ներդրւած իշխանութիւններ են Արեւմուտքից, Թուրքիայից, նրանք չեն կարող սպասարկել Հայաստանի եւ Ռուսատսնի շահերը, որոնք երբեմն նոյն գծով են գնում, որովհետեւ ՀՀ իշխանութիւնների գիծը ուրիշ է»,-վստահեցրեց պատգամաւորը։

Նա հակառուսական քարոզչութիւն համարեց թէկուզ հէնց Ամարասի վանքի վրայից դրօշն իջեցնելու պատմութիւնը։

«Այդ օրը մենք հէնց Մաճկալաշէն գիւղում էինք, եւ երբ դրօշը հանեցին, մենք հանդիպում էինք գիւղացիների եւ համայնքապետի հետ. համայնքապետն ասաց՝ բա իհարկէ, եթէ իրենք ասում են՝ պիտի հանւի, մենք ասացինք, բայց ինչո՞ւ էք այդպէս ասում՝ նախ ի սկզբանէ պիտի վանքի վրայ դրօշ չլինէր, բայց եթէ դրել էք՝ պիտի տէր լինէք։ Ռուս խաղաղապահների գործողութիւնները պէտք է հասկանալ, որովհետեւ նրանք փորձում են այնպէս անել, որ որեւէ սադրանք չլինի, կրակոց ադրբեջանցիների կողմից չլինի, այդ պատճառով նրանց համար աւելի հեշտ է պահանջել դրօշի իջեցումը, բայց մեր կողմը որեւէ հակադարձում դրան չարեց։ Պէտք էր երկխօսութիւն, որը չարւեց։ Եւ բնակիչները թասիբի ընկնելով՝ հերթով օրը մէկը գնում, դնում էր, ռուսական կողմը յորդորում էր՝ իջեցնում էին»,- պատմեց Մետաքսէ Յակոբեանը։

Իշխանութիւնները՝ թէ՛ Հայաստանի, թէ՛ Արցախի, եկել են ստով ու կեղծիքով եւ չեն դադարել իրենց այդ քաղաքականութիւնը թէ՛ պատերազմից առաջ, թէ՛ ողջ պատերազմի ընթացքում յատկապէս եւ շարունակում են առայսօր՝ համոզւած է նա։

Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնից յետոյ, պատգամաւորի խօսքով, մեր հասարակութեան մէջ սերմանւեց, որ ռուս խաղաղապահները տեղակայւում են Արցախում եւ այսուհետ անվտանգային որեւէ խնդիր Արցախում չի լինի, այնինչ իշխանութիւնները կրկին անգամ ազնիւ չեղան ժողովրդի հետ եւ չմանրամասնեցին, որ դեռ խաղաղապահների գործառոյթների իրաւական բնորոշումը չկայ։

Արցախի նախագահի հրաժարականը պահանջողներին հակադարձում էին, որ եթէ նա հրաժարական տայ, ապա նոր ընտրութիւններ Արցախում, հնարաւոր է, չլինեն․ սա պատգամաւորի համար անընդունելի է, քանի որ այսպէս ասողները Արցախի պետականութիւնը եւ գոյութիւնը պայմանաւորում են իրենց անձով։

«Փաստ է, որ հայկական կողմը չունի երկխօսութիւն ռուսական կողմի հետ, համենայն դէպս, դա այն առողջ երկխօսութիւնը չէ, ինչպէս փորձում են ներկայացնել Հայաստանի իշխանութիւնները եւ այդպիսի մի շղարշի ներքոյ է քայլում Արցախի իշխանութիւնը՝ ցոյց տալով, որ ինքը ռուսական կողմի հետ շատ լաւ սերտ կապեր ունի։ Բայց գաղտնիք չէ, որ այդ կապերն արտայայտւած են նրանով, որ Արայիկ Յարութիւնեանը, յաճախակի լինելով Ռուսաստանի Դաշնութիւնում, հանդիպում է այնտեղի հայ համայնքի գործարարների հետ եւ ուղղակի ֆինանսական հարցեր է կարգաւորում, որեւէ այլ կերպ իր գործառոյթերը սահմանւած չեն եւ չկան՝ ո՛չ անվտանգային, ո՛չ բանակցային հարցեր չեն քննարկւում։ Արցախի անւան տակ գումար է հայթայթում, միգուցէ ինչ-որ բաներ արւում են, բայց դրան առանձին կանդրադառնանք»,- ասաց Մետաքսէ Յակոբեանը։

Զուգահեռ, ըստ նրա, Նիկոլ Փաշինեանն է ամէն անգամ ասում՝ շատ լաւ յարաբերութիւնների մէջ է ՌԴ իշխանութիւնների հետ, այնինչ որեւէ կերպ դա չի դրսեւորւում։

Խօսելով Մարտակերտում 55-ամեայ խաղաղ հայ քաղաքացուն ադրբեջանցի դիպուկահարի սպանելու մասին՝ Մետաքսէ Յակոբեանը նշեց, որ նախկինում էլ Ադրբեջանը սադրանքներ թոյլ էր տալիս, բայց Արցախի անվտանգութիւնը պահւում էր այնպէս, որ խաղաղ բնակիչը որեւէ կերպ չէր առերեսւում դրան, պետութիւնը ու հայկական բանակը դա ապահովում էին, իսկ այս իշխանութիւնների օրօք շատ կտրուկ է իրավիճակը փոխւել, եւ իւրաքանչիւր խաղաղ բնակիչ պէտք է կարողանայ ինքնուրոյն իր անվտանգութիւնը ապահովել։

«Այն ինչ կատարւեց՝ տրամաբանական էր, ընդամէնը Փաշինեան-Պուտին հանդիպումից երկու օր առաջ էր, որ յստակ մեսիջ էր հայկական ու ռուսական կողմին։ Բազմիցս ռուս խաղաղապահներին բնակիչները դիմել էին, որ ադրբեջանցիները թոյլ չեն տալիս այգեգործական աշխատանքներ կատարել եւ ռուս խաղաղապահին ինքն էր հէնց առաջարկել իր կողքին նստել՝ վստահ լինելով, որ որեւէ սադրանք ադրբեջանցիների կողմից չի լինի։ Բայց ադրբեջանցին, իր կերպարի մէջ, խախտել էր պայմանաւորւածութիւնը»,- ասաց նա։

Ամենակարեւորն այստեղ, ըստ պատգամաւորի, այն է, որ ադրբեջանցիները դա արել էին՝ վստահ լինելով, որ հայկական կողմից արձագանգ չի լինելու։ Արձագանգը եղաւ միայն դատախազութեան կողմից, սակայն չեղաւ որեւէ արձագանգ քաղաքական գործիչների կամ իշխանութիւնների կողմից։

«Հայկական կողմը եւս չի յստակեցրել ռուսական կողմի հետ ռուսական կողմի գործառոյթները թէ՛ Հայաստանի Հանրապետութեան եւ թէ՛ Արցախի Հանրապետութան տարածքում։ Որովհետեւ ռուս խաղաղապահները խաղաղ, բարի են իրենց պահում, նոյնիսկ շատերը փորձում են մեր լեզւով բարեւել, որ բնակչութիւնը հասկանայ, որ նրանք եկել են խաղաղութիւնը պահպանելու, եւ այդ ֆոնի վրայ Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնները Արցախի Հանրապետութեան իշխանութիւննեի բերանով հակառուսական քարոզչութիւն են իրականացնում Արցախում՝ չբացայայտելով, որ խաղաղապահների գործառոյթները յստակեցւած չեն»,- ասաց Մետաքսէ Յակոբեանը։

 

Աննա Բալեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։