Հա

Քաղաքական

14/10/2021 - 10:35

«Շատերը սկսում են հասկանալ, որ ոչ բոլորն են ստանալու այն դիւիդենտները, որը գուցէ ակնկալում էին Հայաստանի պարտութիւնից եւ այդ պարտութիւնը ձեւակերպած իշխանութեան վերարտադրութիւնից». Վիգէն Յակոբեան

Ըստ Վիգէն Յակոբեանի՝ ՌԴ-ն ընկալում է, որ աշխարհաքաղաքական պայմանաւորւածութիւններում առաջացած ճեղքի պայմաններում եւ ՀՀ իշխանութիւնների վարած քաղաքականութեան պատճառով Հայաստանի մի մասը՝ Սիւնիքի ռեգիոնը, աստիճանաբար նմանւում է Սիրիայի, ասել է թէ՝ աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ շահերի բախման կէտ է դառնում, որի պարագայում շատ կարեւոր է, ի վերջոյ, հասկանալ՝ ինչ կարելի է սպասել ՀՀ այսօրւայ ղեկավարից:

«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանը Մոսկւայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն արդիւնաւէտ է անւանել։ «Այսօր հանդիպեցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպումը շատ արդիւնաւէտ էր: Մենք քննարկեցինք երկկողմ օրակարգը եւ իրավիճակը տարածաշրջանում: Մենք կը շարունակենք շփումները ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները կեանքի կոչելու համար»,- գիշերը Twitter-ում գրել է Ն. Փաշինեանը:

Իսկ թէ որքանո՞վ է արդիւնաւէտ անցել Փաշինեանի հերթական մոսկովեան այցը եւ ի՞նչ հաւանական թեմաներ են քննարկւել օրակարգից դուրս՝ հարցերը հասարակական ու քաղաքական քննարկումների ծիրում են: Ի դէպ, այդ քննարկումները ոչ միայն տարածաշրջանային զարգացումների, այլեւ ներիշխանական վերադասաւորումների մասին են. այդ համատեքստում անգամ լուրեր են շրջանառւում, որ Փաշինեանը գուցէ «անսպասելի» հեռանայ:

Քաղաքագէտ Վիգէն Յակոբեանը, սակայն, չի շտապում դրա վերաբերեալ հապճեպ դիտարկումներ անել:

«Ընդհանուր առմամբ, նման կտրուկ անցումների համար պէտք է բաւականին լուրջ փոփոխութիւններ լինեն այն աշխարհաքաղաքական կոնսենսուսի շուրջ, որը ձեւաւորւել էր մեր ընտրութիւնների արդիւնքների, իշխանութեան վերարտադրութեան վերաբերեալ,- 168.am-ի հետ զրոյցում ասաց քաղաքագէտը՝ միաժամանակ չհերքելով փաստը, որ այդ յիշեալ կոնսենսուսն ակնյայտօրէն ճաքեր է տւել, որովհետեւ կան ուժային կենտրոններ, որոնց շահերը պատերազմից յետոյ սկսում են փոխւել,- Շատերը սկսում են հասկանալ, որ ոչ բոլորն են ստանալու այն դիւիդենտները, որը գուցէ ակնկալում էին Հայաստանի պարտութիւնից եւ այդ պարտութիւնը ձեւակերպած իշխանութեան վերարտադրութիւնից: Բայց հիմա խօսել այն մասին, որ դա կարող է մեխանիկօրէն բերել ներիշխանական ճեղքերի կամ որոշակի տրանսֆորմացիաների, դեռեւս վաղ է:

Կարծում եմ՝ կայ ինչ-որ պրոցես, ինչը նաեւ իշխանութիւններն են հասկանում եւ հէնց այդ պատճառով նաեւ շտապում են (այդ թւում՝ ՏԻՄ ընտրութիւններում տարբեր հնարքների միջոցով) ամրապնդել իրենց դիրքերը, բայց թէ այդ պրոցեսն ինչի կը բերի, դեռեւս պէտք է հետեւենք: Այն, ինչ քննարկւել է Մոսկւայում, կարելի է ենթադրել՝ նաեւ այդ մասին էր: Այսինքն՝ ՌԴ-ին, բնականաբար, կարող է մտահոգել, որ կոնսենսուսային իրավիճակի փոփոխման հետ կապւած իրենց հաշւարկներն ինչ-որ չափով գուցէ խաթարւեն. այդ պատճառով կարեւոր էր, որպէսզի Մոսկւա կանչեն Հայաստանի ղեկավարին եւ, ըստ էութեան, փորձեն երաշխիքներ ստանալ, քանի որ Հայաստանի ղեկավարը յայտնի է իր ոչ կայուն վարքագծով»:

Ըստ Վիգէն Յակոբեանի՝ ՌԴ-ն ընկալում է, որ աշխարհաքաղաքական պայմանաւորւածութիւններում առաջացած ճեղքի պայմաններում եւ ՀՀ իշխանութիւնների վարած քաղաքականութեան պատճառով Հայաստանի մի մասը՝ Սիւնիքի ռեգիոնը, աստիճանաբար նմանւում է Սիրիայի, ասել է թէ՝ աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ շահերի բախման կէտ է դառնում, որի պարագայում շատ կարեւոր է, ի վերջոյ, հասկանալ՝ ինչ կարելի է սպասել ՀՀ այսօրւայ ղեկավարից:

Նա, ի դէպ, կարծում է, որ նման իրավիճակը փակուղի լինելուց զատ՝ նաեւ նոր հնարաւորութիւններ է ստեղծում, սակայն դրանից շահած դուրս գալու համար պէտք է ունենալ համապատասխան պոտենցիալ. «Որպէսզի դու կարողանաս նման բարդագոյն խաղերում խաղալ աշխարհի եւ ռեգիոնի գերտէրութիւնների հետ, պէտք է ունենաս համապատասխան անհատական պատրաստւածութիւն, թիմ, որն ունակ է ալֆան օմեգայից տարբերել, ուժեղ դիւանագիտութիւն, որը կը կարողանայ դրա մէջ խաղալ, եւ այնպիսի ռեսուրսներ, որոնք կարող են դառնալ քո բանակցային ռեսուրսները: Կարծում եմ՝ մենք ոչ մի կետով չունենք իրավիճակի բարդութեանը համապատասխանող ո՛չ անհատ, ո՛չ թիմեր, էլ չեմ խօսում պատերազմում պարտւածի ցցուն կոմպլեքսի մասին:

Եէ հէնց այդ պատճառով էինք դեռ մէկ տարի առաջ նշում բանակցողի փոփոխութեան անհրաժեշտութեան մասին, քանի որ բոլոր այն վատ կանխատեսումները, որոնք արւում էին, իրենք, ըստ էութեան, արդարացան, եւ մեր վիճակն անցեալ տարւայ պարտութիւնից յետոյ շատ աւելի բարդ է հիմա, որովհետեւ այժմ սեղանին դրւած է Սիւնիքի հարցը եւ Հայաստանը՝ Սիրիայի չվերածւելու խնդիրը»:

Յիշեցնենք՝ Ռուսաստանի Դաշնութիւն կատարած աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինեանը Կրեմլում առանձնազրոյց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ողջունելով Նիկոլ Փաշինեանին, ՌԴ նախագահը նշել է. «Մենք Ձեզ հետ հեռախօսով մշտական կապի մէջ ենք, բայց իհարկէ, հանդիպումները մշտապէս արդիւնաւէտ են անհրաժեշտ արդիւնքի հասնելու համար: Յոյս ունեմ, որ այդպէս կը լինի նաեւ այս անգամ, կը խօսենք եւ ֆորմալ, եւ ոչ ֆորմալ մթնոլորտում: Կը ճաշենք միասին եւ կը քննարկենք ընթացիկ գործերը, կը խօսենք հեռանկարների մասին:

Շուտով ԱՊՀ գագաթաժողովն է, կը ցանկանայի Ձեզ հետ «ճշգրտել ժամերը» այս ուղղութեամբ եւ նաեւ մեր փոխգործակցութեան միւս հարցերի, այդ թւում` այսօրւայ դրութեամբ եւ երկարաժամկէտ հեռանկարում տարածաշրջանում կարգաւորման հարցով: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել, բարի գալուստ»:

Իր հերթին՝ Նիկոլ Փաշինեանը նշել է. «Նման յաճախակի հանդիպումները, կարծում եմ, վկայում են մեր յարաբերութիւնների բարձր դինամիկայի, փոխըմբռնման, մեր ռազմավարական, դաշնակցային յարաբերութիւնների կարեւորութեան մասին:

Իհարկէ, այժմ մեր տարածարջանում, նաեւ աշխարհում տեղի են ունենում դինամիկ գործընթացներ, եւ շատ կարեւոր է, որպէսզի դաշնակիցները յաճախ հանդիպեն, խօսեն, ինչպէս Դուք ասացիք, «ճշգրտեն ժամերը»: Ցաւօք, մեր տարածաշրջանի հետ կապւած դեռեւս չի կարելի խօսել իրավիճակի լիարժէք կայունացման մասին։ Ինչպէս Դուք էք նկատել, Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը մնում է չլուծւած, եւ հասկանալի է, որ հակամարտութեան լուծման ու մեր տարածաշրջանում անվտանգութեան ապահովման գործում Ռուսաստանն ունի առանցքային դերակատարութիւն` հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Այս բոլոր հարցերը շատ կարեւոր են, առանցքային, եւ ես շատ ուրախ եմ քննարկել Ձեզ հետ բոլոր օրակարգային հարցերը»:

Նշւում է նաեւ, որ կողմերը քննարկել են 2020 թւականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թւականի յունւարի 11-ի եռակողմ յայտարարութիւնների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունութեան ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագայ քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։

 

Զարուհի Դիլանեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։