Հա

Քաղաքական

16/10/2021 - 10:25

«Արցախի վէրքը բացւած է եւ կարգավիճակի հարցը պէտք է յստակեցւի, որ սադրանքները չշարունակւեն»․ Վահրամ Բալայեան

Արցախում ադրբեջանցիների սադրանքները, ժողովրդին անընդհատ լարւածութեան մէջ պահելը վկայում են, որ Արցախի կարգավիճակի շուրջ բանակցութիւնները պէտք է ակտիւացւեն՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ Վահրամ Բալայեանը։

«alikonline.ir» - Արցախում ադրբեջանցիների սադրանքները, ժողովրդին անընդհատ լարւածութեան մէջ պահելը վկայում են, որ Արցախի կարգավիճակի շուրջ բանակցութիւնները պէտք է ակտիւացւեն՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ Վահրամ Բալայեանը։

Խօսելով Արցախի Նոր Շէն համայնքի դիրքապահների վրայ ադրբեջանական զինւած ուժերի կրակոցների եւ հայ 6 դիրքապահ վիրաւորելու մասին նա ասաց, որ դա, ցաւօք, շարունակական բնոյթ է ունենալու, որովհետեւ դա ադրբեջանցիների ձեռագիրն է՝ ստեղծել իրավիճակներ, երբ արցախցին իր հայրենիքում նպատակայարմար չգտնի շարունակել ապրել։

Սա, նրա համոզմամբ, միւս կողմից էլ մարտահրաւէր է ռուս խաղաղապահներին, որ՝ ինչպէս ուզեն, այնպէս էլ կը վարւեն։

«Նոյնիսկ Մարտակերտում կատարւած խաղաղ հայ բնակչի սպանութիւնը ռուս զինւորի անմիջական ներկայութեամբ էր. դրանով ուզում են ասել, որ մենք այդպէս ենք ուզում, այդպէս էլ կանենք։ Սա է իրականութիւնը, եւ ինչ-որ մի տեղ, մանաւանդ Արցախում ապրող մարդկանց համար նոր գործելաոճ չէ սա, որ անակնկալի գանք կամ զամանանք այդ կատարւածից»,- ասաց Արցախի ԱԺ պատգամաւորը։

Նոր Շէնում ադրբեջանցիների սադրանքի պատճառներից մէկն էլ, նրա համոզմամբ, խաղաղապահների դերակատարութիւնը նսեմացնելն է, ցոյց տալը, որ նրանք չեն կարողանում իրենց դերն արդիւնաւէտ կատարել եւ, ընդհանուր առմամբ, այդ տարբերակով ստեղծել մի այնպիսի անհանգիստ իրավիճակ, երբ ռուսական եւ հայկական կողմերը յայտնւեն անելանելի իրավիճակի մէջ։

Ադրբեջանցիները թիրախաւորել են հայ դիրքապահներին, որոնք պահում են խաղաղ հայ բնակիչների անվտանգութիւնը. սա եւս, ըստ Վահրամ Բալայեանի, Ադրբեջանի պահանջների շրջանակում է՝ նրանք մշտապէս ամէն ինչ աել են, որ Արցախի պաշտպանութեան բանակը գոյութիւն չունենայ։ Միւս նրանց պահանջը, որ Հայաստանի Հանրապետութիւնը զինւորական ներկայութիւն չունենայ Արցախում, արդէն հայկական կողմը բաւարարել է։ Ընդհանուր առմամաբ, սրանք քայլեր են՝ Արցախի ժողովրդին թողնելու անպաշտպան իրավիճակում, որ դրանից յետոյ ինչ ուզենան, այնպէս էլ անեն։

«Սա ինչ-որ նոր բան չէ, այդ նոյն ձեւով նաեւ վարւել են 18-20 թթ, երբ անընդհատ փորձում էին կտրել Հայաստանի Հանրապետութեան հետ եղած կապը կամ փորձել թոյլ չտալ, որ Արցախում զինական ուժ լինի, որպէսզի հեշտութեամբ կարողանան իրենց սեւ գործը իրականացնել։ Խնդիրն այն է, որ հեծանիւ յայտնագործելու անհրաժեշտութիւն չկայ. առանց զինւած ուժերի, առանց համապատասխան ուժային ծառայութիւնների անհնարին է ժողովորդի անվտանգութիւնը պահել, մանաւանդ այսօր Արցախի բոլոր բնակավայրերը սահմանամերձ բնակավայրեր են, սա է իրականութիւնը»,- ասաց Արցախի Հանրապետութեան ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահը։

Այս սադրանքները, ըստ նրա, նաեւ վկայում են, որ կարգավիճակի շուրջ բանակցութիւնները պէտք է ակտիւացւեն։

«Չնայած Ադրբեջանի իշխանութիւնները, մասնաւորապէս Ալիեւը անընդհատ պնդում է, որ Արցախի հարց գոյութիւն չունի, լուծւած է արդէն, բայց այդ վէրքը բացւած է եւ լուծում է անհրաժեշտ, որը թոյլ կը տայ տարածաշրջանում երկարատեւ խաղաղութիւն հաստատել։ Եթէ Ադրբեջանը անընդհատ խօսում է այն մասին, որ պէտք է խաղաղ իրավիճակ ստեղծւի, երկու երկրների հետ նոր յարաբերութիւններ ձեւաւորւեն, բնականաբար, դա հէնց այնպէս չէ, հարցին պէտք է կարգաւորում տրւի։ Դա շահեկան կը լինի թէ՛ հայ, եւ թէ՛ ադրբեջանցի ժողովուրդների համար, որովհետեւ այնպէս չէ, որ եթէ նրանք ռազմական յաջողութիւն են արձանագրել, ուրեմն հարցը փակւած է եւ իրենք ինչպէս ուզեն, այնպէս էլ կարող են վարւել։ Ժամանակները գնում են, իրավիճակներ են փոխւում եւ խոհեմութիւն կը լինի, եթէ իսկապէս հասնւի երկարաժամկէտ խաղաղութեան, եւ յարգւի Արցախի ժողովրդի իրաւունքը՝ ապրելու իր հայրենիքում եւ պահպանելու իր պատմամշակութային ժառանգութիւնը»,- ասաց Վահրամ Բալայեան։

Սա է ձեւը, նշեց նա, եւ կարծում է՝ այդ ամէնը գիտակցում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների ներկայացուցիչները, որոնք ամենաբարձր մակարդակով յայտարարել են, որ հարցը բաց է եւ կարգաւորման անհրաժեշտութիւն ունի։

Մինսկում ռուսական կողմի նախաձեռնութեամբ տեղի ունեցած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, որը յաջորդել էր Նիւ Եօրքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդութեամբ եւ մասնակցութեամբ հանդիպմանը, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյեանը վերահաստատել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան համապարփակ եւ տեւական կարգաւորումը պէտք է իրականացւի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափի եւ այդ ձեւաչափին տրւած միջազգային մանդատի շրջանակներում՝ կողմերին յայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրայ։

ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը նշել էր, որ հաշւի առնելով, որ Արցախի պաշտպանութեան բանակի դիրքերը Նոր Շէն ու միւս համայնքների անմիջական հարեւանութեամբ պաշտպանում են քաղաքացիական բնակիչների կեանքն ու անվտանգութիւնը, ակնյայտ է, որ վիրաւորում ստացած բոլոր զինւորների առողջութեանը վնաս պատճառելու համար ադրբեջանական զինւած ուժերն ուղիղ պատասխանատւութիւն են կրում իրենց յանցաւոր արարքների համար։

Վիրաւորւած 6 հայ դիրքապահներին վիրահատել են, վիրահատութիւնները բարեյաջող են ընթացել՝ վիրաւորների վիճակը գնահատւում է ծանր, բայց նրանց կեանքին վտանգ չի սպառնում՝ վստահեցրել էր Արցախի պետնախարար Արտակ Բեգլարեանը։

Արցախի ՊԲ-ն տեղեկացրեց, որ սահմանագօտում կրակոցներից յետոյ իրավիճակն այս պահին հանգիստ է:

Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի:

 

Աննա Բալեան

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։