Հա

Քաղաքական

16/10/2021 - 11:55

«Ամէն ինչ կորած չէ, շատ բան կարելի է վերականգնել. իշխանութեան ներկայացուցիչները պէտք է զերծ մնան կորուստների արդարացումից, ոչ հայանպաստ արտայայտութիւններից»․ Վարդան Օսկանեան

ԶԼՄ-ներին տրամադրած յօդւածում ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանն անդրադարձել է Արցախեան հակամարտութեան կարգաւորման բանակցային ներկայ փուլին ու հնարաւոր զարգացումներին․ 

«alikonline.ir» - ԶԼՄ-ներին տրամադրած յօդւածում ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանն անդրադարձել է Արցախեան հակամարտութեան կարգաւորման բանակցային ներկայ փուլին ու հնարաւոր զարգացումներին․

«Դատելով լրահոսից՝ կարելի է ենթադրել, որ շուտով կը վերսկսւեն ղարաբաղեան բանակցութիւնները Մինսկի խմբի շրջանակում։ Թէ ինչ զարգացում կունենայ այդ գործընթացը, դժւար է կանխատեսել՝ հաշւի առնելով, որ 44-օրեայ պատերազմի արդիւնքում ստատուս քւոն գլխիվայր փոխւել է։ Նոյնիսկ համանախագահ երկրների հմուտ դիւանագէտների համար է այսօր դժւար կողմնորոշւել, թէ ինչ դիրքորոշում է պէտք ունենալ եւ յատկապէս ինչ սկիզբ ազդարարել այս նոր գործընթացին։ 

Մի կողմից հազիւ թէ այսօր համանախագահ երեք երկրների դիրքորոշումները նախկինի նման միահունչ լինեն՝ հաշւի առնելով Ռուսաստանի խաղաղապահների ներկայութիւնը Լեռնային Ղարաբաղում եւ, բնականաբար, այդ երկրի ուժեղացած դիրքերը քաղաքական հարթութիւնում։ Մյուս կողմից, համանախագահ երկրները չգիտեն, թէ կողմերն ինչ դիրքորոշումով կը ներկայանան բանակցային գործընթացին։

Հայկական կողմի՝ կարեւոր այս առաջին հանդիպմանը ներկայացնելիք օրակարգը մեծապէս կը պայմանաւորի, թէ փաստաթղթային ինչ բովանդակութիւն կը ձեւաւորւի եւ կամրագրւի բանակցութիւնների հետագայ ողջ ընթացքում։

Մինսկի խումբն իր գործունէութեան նախորդ քսանհինգ տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգաւորման հինգ առաջարկութիւն է ներկայացրել։ Այդ հինգ առաջարկութիւններից իւրաքանչիւրն առանց բացառութեան արտացոլել է այդ օրւայ Հայաստանի իշխանութիւնների՝ Ղարաբաղի հարցում որդեգրած սկզբունքները եւ վարած քաղաքականութիւնը։

Լեւոն Տէր-Պետրոսեանի ղարաբաղեան քաղաքականութիւնը խարսխւած էր Հայաստանի այդ օրերի առկայ եւ տեսանելի համախառն ներուժի սթափ գնահատման վրայ՝ զուգորդւած իր՝ միջազգային եւ աշխարհաքաղաքական իրադարձութիւնների նկատմամբ անվերապահ ռեալիզմով։ Տէր-Պետրոսեանը համոզւած էր, որ յետսառըպատերազմեան միջազգային տրամադրութիւններն այնպիսին են, որ պարզապէս անհնար է հասնել Ադրբեջանից դուրս Լեռնային Ղարաբաղի ամբողջական ինքնորոշման։ Նա, հետեւապէս, տրամաբանում էր, որ եթէ ազգովի անպայման պահանջում ենք Ղարաբաղի խնդրի ամբողջական լուծում, ապա պէտք է համակերպւել Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարութեան հետ, իսկ եթէ ոչ, ապա պէտք է գնալ փուլային ճանապարհով։ 

Հետաքրքրական է, որ 1997-ին Մինսկի խումբը մեզ առաջարկեց իրար յաջորդող երկու փաստաթուղթ, որոնք ամբողջութեամբ արտացոլում էին Լեւոն Տէր-Պետրոսեանի տրամաբանութիւնը։ Առաջինը «փաթեթայինն» էր, որով Լեռնային Ղարաբաղին տրւում էր բարձր ինքնավարութիւն Ադրբեջանի կազմում։ Այն անմիջապէս մերժւեց Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կողմից, իսկ դրան յաջորդած «փուլայինը»՝ տարածքների վերադարձ առանց կարգավիճակի յստակեցման, Տէր-Պետրոսեանը համարեց չարեաց փոքրագոյնը, ինչը եւ աւելի ուշ դարձաւ նրա հրաժարականի պատճառներից մէկը։

Ռոբերտ Քոչարեանի ղարաբաղեան քաղաքականութիւնը հիմնւած էր ոչ թէ Հայաստանի Հանրապետութեան առկայ հնարաւորութիւնների, այլ ապագայ հնարաւոր ներուժի վրայ եւ զուգորդւում էր միջազգային քաղաքականութեան մէջ նրա խիստ պրագմատիզմով։ Քոչարեանը վստահ էր, որ կառավարման հարցերում լինելով խիստ նպատակային եւ կազմակերպւած՝ առկայ պայմաններում հնարաւոր է զարգացում ապահովել եւ առաւել բարենպաստ դիրքերից հանդէս գալ բանակցային գործընթացում։ Այդ պրագմատիզմն արտայայտւում էր նրանում, որ նա, ճիշտ գնահատելով օրւայ աշխարհաքաղաքական իրադարձութիւնները եւ միտումները, ինչպէս նաեւ գլխաւոր դերակատարների տրամադրութիւնները, ղարաբաղեան կարգաւորման հարցում ծայրայեղ պահանջներ չէր դնում՝ հակառակ իր անձնական համոզմունքների։ Այդ օրերի հայկական պահանջներն էին․ ա) հորիզոնական կապ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ, բ) Լեռնային Ղարաբաղի անվտանգութեան ապահովում, գ) անխափան կապ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ։

Հետաքրքրական է, որ Քոչարեանի տասը տարիների ընթացքում Մինսկի խմբի կողմից եղել է երեք առաջարկութիւն՝ «ընդհանուր պետութիւն», որտեղ առաջարկւում էր հորիզոնական կապ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ; «Քի Վեսթ», որտեղ Ղարաբաղը դրւում էր Հայաստանի ինքնիշխանութեան ներքոյ, եւ վերջապէս՝ «Մադրիդեան փաստաթուղթ», որտեղ Ղարաբաղը ստանում էր Ադրբեջանից դուրս միջանկեալ կարգավիճակ՝ ապագայում հանրաքւէի հեռանկարով։

Սերժ Սարգսեանի ժամանակաշրջանը հիմնականում Քոչարեանի պրագմատիզմի մասամբ իներցիոն, մասամբ նախաձեռնողական շարունակութիւնն էր։ Այդ ժամանակահատւածում նոր փաստաթուղթ չի ծնւել, այլ ընդամէնը տեղի են ունեցել Մադրիդեան փաստաթղթի տարատեսակ փոփոխութիւններ, այդ թւում այսպէս կոչւած՝ «Լաւրովեան պլանը», որը թերեւս Մադրիդեանի փուլային տարբերակն էր։

Փաշինեանի իշխանութեան սկզբնական շրջանում Ղարաբաղի հարցում նրա դիրքորոշումը անորոշ եւ քաոսային էր։ Դժբախտաբար նա չուզեց խորհրդակցել նախկիններից որեւէ մէկի հետ։ Յայտնւել էր «եթէ չգիտես ուր ես գնում, ապա երբեք չես կորում» խաբուսիկ շրջանի մէջ, ուստի որեւէ պահի կարիք չէր զգում ինքն իրեն հարց տալու, թէ արդեօք սխալ ճանապարհո՞վ չի գնում։

Որոշ ժամանակ անց Փաշինեանի մօտ ձեւաւորւեց միտքը, որը կարծես դարձաւ նրա ղարաբաղեան քաղաքականութեան անկիւնաքարը, որ հարցի լուծումը պէտք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար։ Շատ քննադատներ ու մեկնաբաններ պնդում են, որ պատերազմի բռնկման պատճառներից մէկը Փաշինեանի «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտայայտութիւնն էր։ Ես կարծում եմ՝ նրա հէնց այս գաղափարն էր, որ Ադրբեջանին առիթ տւեց պատճառաբանելու բանակցային ճանապարհով հարցը լուծելու անհնարինութիւնը։ Ադրբեջանցիների ընկալմամբ՝ դա ցինիզմի եւ չհիմնաւորւած իդեալիզմի համադրութիւն էր։ 

Յետպատերազմեան շրջանում եւ ահաւասիկ Մինսկի խմբի շրջանակում բանակցութիւնների հնարաւոր վերսկսման նախաշեմին Փաշինեանի ցինիզմի եւ իդեալիզմի այս համադրութիւնը նոր դրսեւորումներ է ստացել։ Առաջինը արտայայտւում է մեր կորուստների թերագնահատմամբ ու անտեսմամբ եւ, ինչն առաւել ցաւալի ու վտանգաւոր է, դրանց արդարացմամբ, իսկ նրա իդեալիզմը՝ տարածաշրջանում խաղաղութեան նոր դարաշրջան բացելու աոաջարկով։ 

Եկէք արձանագրենք, որ Ադրբեջանը բանակցութիւններում չի ձգտում խաղաղութեան։ Նա ձգտելու է բանակցութիւններով աւարտին հասցնել իր կիսատ թողած պահանջները եւ իր ամբողջ աւարը միջազգայնօրէն օրինականացնել։ Ադրբեջանի համար խաղաղութիւնը կարող է լինել այդ ամենի արդիւնքը: 

Հայաստանի համար, եթէ խաղաղութեան ձգտումը վերածւի ինքնանպատակ քաղաքականութեան, ապա պատերազմի վախը զէնք կը դառնայ հակառակորդի ձեռքում, որը առնւազն մեզ կը տանի բարոյական զինաթափման։ 

Շատ կուզէի տեսնել, որ Փաշինեանը չկրկնի իր նախկին սխալները եւ անպատրաստ չգնայ բանակցութիւնների։ Այստեղ չէի ցանկանայ նորից խորհուրդներ տալ Հայաստանի քաղաքական դիրքորոշման բովանդակութեան մասով։ Դա արել եմ յետպատերազմեան ժամանակաշրջանում իմ հրապարակած հինգ յօդւածներում, յատկապէս վերջինում, որի խորագիրն է «Ամէն ինչ կորած չէ, շատ բան կարելի է վերականգնել»։ Մնում եմ այս դիրքորոշմանը։ 

Բայց այստեղ կուզէի անել մի քանի տակտիկական առաջարկութիւններ․

1. Բանակցութիւններին լաւ պատրաստւելու համար Փաշինեանը պէտք է կարողանայ վեր կանգնել նեղ շահերից եւ խորհրդակցել այս հարցում կարեւոր ներդրման հնարաւորութիւն ունեցող մարդկանց հետ՝ անկախ նրանց՝ իր տւած պիտակաւորումներից։

2. Իշխանութեան գործադիր եւ օրէնսդիր ներկայացուցիչները պէտք է զերծ մնան կորուստների արդարացումից, ոչ հայանպաստ արտայայտութիւններից եւ առհասարակ զգոյշ լինեն իրենց իւրաքանչիւր բառի նկատմամբ։ Մի բան, որի կարեւորութիւնը, վախենամ, Հայաստանի բարձրաստիճան պաշտօնեաները չեն գիտակցում:

3. Բանակցութիւններում հայկական կողմը ոչ թէ պէտք է ձգտի խաղաղութեան, այլ օրինակարգ (legitimate) համակարգի հաստատման, որի անկիւնաքարը լինի ոչ թէ ուժերի հաւասարակշռութիւնը, այլ կողմերի բաւարարւածութիւնն ու արդար կարգաւորման հեռանկարը։ Միայն սա կարող է բերել կայուն խաղաղութիւն։

4. Երբեք չենթարկւել ճնշումների ժամանակի առումով եւ հապճեպութիւն չցուցաբերել հարցի համապարփակ հանգուցալուծմանը հասնելու ճանապարհին։ Հայկական կողմը հէնց այստեղ պէտք է որդեգրի խնդրի առաջխաղացման փուլային տարբերակը։

5. Մտքում միշտ ունենալով գլոբալ եւ տարածաշրջանային մեծ պատկերը, գլխաւոր դերակատարների տարաբնոյթ շահերը՝ միշտ կենտրոնացած մնալ կոնկրետ մեր շատ նեղ խնդրի վրայ՝ առաջնորդւելով միմիայն ազգային առաջնահերթութիւններով։ 

Ամէն ինչ կորած չէ, շատ բան կարելի է վերականգնել»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։