Հա

Քաղաքական

17/10/2021 - 10:30

«Հայաստանի պետութիւնը չպէտք է շտապի ստորագրելու ինչ-որ պարտադրւած խաղաղութեան համաձայնագիր»․ Յարութ Շիրինեան

Lragir.am -ի զրուցակիցն է ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի հաղորդակցութեան եւ հանրային կապերի պատասխանատու Յարութ Շիրինեանը:

«alikonline.ir» - Lragir.am -ի զրուցակիցն է ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի հաղորդակցութեան եւ հանրային կապերի պատասխանատու Յարութ Շիրինեանը:

 

- Պարոն Շիրինեան, այն դէպքում, երբ ՌԴ-ն չի կարողանում ապահովել Արցախի բնակիչների անվտանգութիւնը, ինչ քայլեր պէտք է կատարի Հայաստանը։ ԵՄ-ի կողմից ինչպիսի՞ աջակցութիւն կարող լինել այս դէպքում։

- Արցախում զինադադարի խախտման դէպքը չենք կարող տարանջատել ընդհանուր մթնոլորտից, որ այսօր գոյութիւն ունի տարածաշրջանում: Եթէ Հայաստանը թոյլ գտնւի հէնց իր հանրապետութեան սահմաններում՝ առիթ տալով թշնամուն առաջադիմել եւ սահմանային շփման գօտում նոր տարածքներ ձեռք բերել, ապա նոյն թշնամին շատ աւելի հանգիստ ձեւով կը խախտի հրադադարը Արցախում: Հետեւաբար, ամէն ինչից առաջ Հայաստանը պէտք է սկսի ապահովել քաղաքացիների անվտանգութիւնն իր սահմաններում, որպէսզի յետոյ բարձրաձայնի տեղի ունեցած դէպքի մասին, ներառեալ ԵՄ-ում: Բայց գիտենք, որ իր հնարաւորութիւնները գետնի վրայ փաստելու այս պահին ռազմական ոլորտում, այնքան էլ բարձր չեն տարածաշրջանում:

 

- ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ձեռք է բերւել նոր հանդիպում կազմակերպելու պայմանաւորւածութիւն։ Ի՞նչ կարող ենք ակնկալել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից այս փուլում։ Այցերը տարածաշրջան ինչ կարող են տալ։

- ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաակտիւացումը կարեւոր է այն առումով, որ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան նորից պէտք է աշխուժանան այս հարցում: Պատերազմն աւարտւեց, բայց գիտենք, որ ԼՂ հակամարտութիւնը չի լուծւել, Արցախի կարգավիճակի մասին վերջնական որոշում տակաւին չկայ: Այս պահին ես ԵԱՀԿ Մինսկի խմբից ակնկալում եմ առնւազն երկու բան. Նախ վերահաստատել, որ հիմնախնդիրը իսկապէս պէտք է լուծւի Մինսկի խմբի երեք հիմնարար սկզբունքների հիման վրայ, ներառեալ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրաւունքը: Երկրորդ, դատապարտել այն փաստը, որ Ադրբեջանը փորձեց հարցը լուծել ուժի եւ պատերազմի միջոցով, ինչը, բնականաբար, դէմ է հէնց ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք հիմնարար սկզբունքներից երկրորդին, որը ուժի կիրառման բացառումն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից պէտք է նաեւ դատապարտում ստանալ Շուշիի եւ Հադրութի անօրինական գրաւման վերաբերեալ եւ հակահայ էթնիկ զտումների մասին, նաեւ կեցւածք տեղահանւած հայ քաղաքացիների մասին իբրեւ փախստականներ:

 

- Ի՞նչ աշխատանք պէտք է տանի Սփիւռքը։ Տեսակէտ կայ, որ աւանդական կուսակցութիւններն այլեւս չունեն նախկին վստահութիւնը։

- Ես Հայ Դատի յանձնախմբերի ցանցի անդամ եմ, որը գործում է 32 երկրներում: Այդ ցանցը գործում է 1950-ականներից ի վեր անդադար, ինչը տեղի է ունենում համայնքների ամուր օժանդակութեամբ եւ մասնակցութեամբ, եւ նաեւ համագործակցում է մեր զոյգ պետութիւնների եւ պետական կառոյցների հետ: Այսօր ինչպէս նաեւ պատերազմից առաջ, ես մեր տարած աշխատանքի հանդէպ որեւէ անվստահութեան նշաններ չեմ նկատել մեր սփիւռքեան համայնքների կողմից: Ընդհակառակը, պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ այն մարդկանց թիւը, որոնք դիմում էին մեզ, որ մասնակցեն Հայ Դատի իրազեկման աշխատանքներին, յստակօրէն մեծացել է: Կարող եմ ասել, որ առանց այս նոր կամաւորների աշխատանքին, Հայ Դատի ցանցը, որը ՀՅԴ հովանու տակ է գործում, չէր կարող գոյատեւել եւ արդիւնաւէտ աշխատանք տանել, հայամէտ բանաձեւերի հասնել տարբեր երկրներում, այդ թւում եւրոպական:

 

- Տեսակէտ կայ, որ աշխարհում փոխւում է Հայաստանի եւ Հայ Դատի հետ կապւած հարցերի առաջ մղումը։ Ցեղասպանութեան ճանաչումը եւ դատապարտումը փոխարինւել են Հայաստանի անվտանգութեան եւ Արցախի հիմնահարցերով։ Ի՞նչ էք դուք կարծում։

- Այո, Հայ Դատի աշխատանքը նախեւառաջ ուղղւած է Հայաստանի եւ Արցախի մեր ժողովուրդների իրաւունքներին, նաեւ մեր զոյգ պետութիւնների անվտանգութեանը, որովհետեւ յստակ է, որ մեզ համար այսօր կայ պետութեան, ազգի լինել-չլինելու հարցը: Այսօր անմիջական վտանգը այդ ոլորտում է, ուրեմն բնական է, որ Հայ Դատի յանձնախմբերի ցանցն առաջին հերթին իր օրակարգում դնում է Հայասստանի եւ Արցախի անվտանգութեան հարցը: Սակայն այս բոլորը չենք կարող տարանջատել Ցեղասպանութեան պահանջատիրութիւնից, որովհետեւ տարիներն անցնում են, իսկ թշնամին մնում է նոյնը, եւ տուժած կողմը մնում ենք մենք: Ասւածի ամենավառ վկայութիւնը Թուրքիայի ներգրաււածութիւնը եւ մասնակցութիւնն է Արցախի վերջին պատերազմին, ներառեալ մարդկային եւ ռազմական ռեսուրսներով Ադրբեջանին օժանդակելը, նաեւ Սիրիայից ու Լիբիայից ջիհադիստներ, վարձկան ահաբեկիչներ ուղարկելը, որպէսզի Արցախի ժողովրդի դէմ յանցագործութիւններ գործեն: Մեզ համար Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը, այդ թւում Թուրքիայի կողմից, ինքնանպատակ չէ, որովհետեւ այս ճանաչումը պէտք է ապահովի Հայաստանի ժողովրդի անվտանգութիւնը եւ նրա բարգաւաճելու եւ առաջադիմելու հնարաւորութիւնը հէնց իր երկրի մէջ: Այս առումով մենք աշխատանք ունենք անելու, որպէսզի այդ բոլոր երկրները, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանութիւնը, նրանք աւելի խիստ ձեւով դատապարտեն, որ թշնամին նոյն ցեղասպան քայլերի չդիմի, ինչպէս եղաւ Արցախի պատերազմի ժամանակ:

Այստեղ է, որ Հայաստանի պետութիւնը չպէտք է շտապի ստորագրելու ինչ-որ պարտադրւած խաղաղութեան համաձայնագիր մեր պատմական թշնամիների հետ՝ առանց ուսումնասիրելու նախեւառաջ նրանց դերակատարութիւնը մեր ազգի դժբախտութիւնների մէջ, եւ մասնաւորապէս, իրենց ապագայի տեսլականը տարածաշրջանում ստեղծելու ինչ-որ նէոօսմանեան մէկ իրավիճակ, որի տուժող կողմը կարող են լինել Հայաստանը եւ Արցախը:

 

Սիրանուշ Պապեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։