Հա

Քաղաքական

17/10/2021 - 12:00

«Այն օրակարգով, որով իշխանութիւնն է գնում՝ 4 տարի յետոյ Արցախ չի լինի. ցաւալի ու սարսափելի բան եմ ասում, բայց սթափ պէտք է լինենք». Մետաքսէ Յակոբեան

168.am-ի հետ զրոյցում Արցախի Հանրապետութեան ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը, անդրադառնալով իշխանական պատգամաւորի ասած մտքերին, նկատեց՝ ՀՀ ներկայիս իշխանութիւնների միտքն ու նպատակն ի սկզբանէ Արցախից ազատւելն էր, նրանք այդ գաղափարով են եկել իշխանութեան, որովհետեւ նրանց կողմից իշխանութեան գրաւումը եղաւ ոչ միայն «Մերժիր Սերժին» կարգախօսով, այլեւ բոլորն էլ յիշում են Նիկոլ Փաշինեանի այն յայտարարութիւնը, որ «Հայաստանից պէտք է վռնդեն ղարաբաղցիներին»։

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Վիգէն Խաչատրեանը հոկտեմբերի 15-ին քննարկումներից մէկի ժամանակ ասել էր, որ «Հայաստանն առանց Արցախի ապագայ չունի» թեզը շատ վտանգաւոր է եւ կը խանգարի մեզ՝ երաշխաւորել Արցախի ապագան: «Գերնպատակը Հայաստանն է, ոչ թէ Արցախը։ Խնդիրը չի կարող գնալ էդ տարածքը Հայաստանինը համարելուն, խնդիրը պէտք է գնայ՝ էդ մարդիկ Ադրբեջանի ներսում վտանգւա՞ծ են, թէ՞ ոչ»,- ասել էր իշխող խմբակցութեան պատգամաւորը։

168.am-ի հետ զրոյցում Արցախի Հանրապետութեան ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը, անդրադառնալով իշխանական պատգամաւորի ասած մտքերին, նկատեց՝ ՀՀ ներկայիս իշխանութիւնների միտքն ու նպատակն ի սկզբանէ Արցախից ազատւելն էր, նրանք այդ գաղափարով են եկել իշխանութեան, որովհետեւ նրանց կողմից իշխանութեան գրաւումը եղաւ ոչ միայն «Մերժիր Սերժին» կարգախօսով, այլեւ բոլորն էլ յիշում են Նիկոլ Փաշինեանի այն յայտարարութիւնը, որ «Հայաստանից պէտք է վռնդեն ղարաբաղցիներին»։

«Այսինքն՝ նպատակը հէնց ղարաբաղցիներից ազատւելն էր, իսկ քանի որ նա Լեւոն Տէր-Պետրոսեանի հետեւորդն է, յատկապէս իմ սերնդակիցները շատ լաւ յիշում են, որ Տէր-Պետրոսեանը սկսած 90-ականներից պնդում էր, որ Հայաստանը թուլանում է, տնտեսական զարգացման խնդիր ունի, որովհետեւ «Արցախի հարց են լուծում, որին զուգահեռ՝ արցախցին կեանքն է վայելում»։ Այս թեզը մտել էր Հայաստանում բնակւող մեր հայրենակիցների արեան մէջ, որի արդիւնքում վատ էին ընկալում այն արցախցիներին, որոնք ապրում էին Հայաստանում։ Այդ գործընթացը սկսւել է դեռեւս վաղ 90-ականներից։

Տէր-Պետրոսեանին յաջորդող երկու նախագահները գիտակցում էին, որ՝ այո՛, Արցախ, որը ոչ միայն մեր հայրենիքն է եւ Հայաստանն անառիկ պահող ամրոցն է, այլեւ թիկունքը, այսինքն՝ պահապանը։ Հայաստանի սահմաններն ամուր էին Արցախով, հետեւաբար՝ պատահական չէ, որ 90-ականներից բանակի մեծ մասը հսկում էր հէնց Արցախի սահմանները, գիտակցելով, որ եթէ որեւէ տատանում լինի այդ սահմաններին, ապա Հայաստանը նոյն վայրկեանին վտանգւած է լինելու։ Երկրորդ եւ երրորդ նախագահները 30 տարի շարունակ կարողացան պահել ու իրականացնել Արցախի անվտանգութեան պահպանութիւնը»,- նշեց Մետաքսէ Յակոբեանը։

Ըստ պատգամաւորի, 3,5 տարի առաջ ՀՀ-ում իշխանութեան եկան մարդիկ, որպէսզի «Հայաստանից վռնդեն արցախցիներից ու փակեն Արցախի հարցը», ինչը մասամբ նրանց մօտ ստացւել է այն առումով, որ յանձնել են Արցախի մեծ մասը, որի արդիւնքում անվտանգային առումով Արցախն աւելի ռիսկային վիճակում է։ Այս ամենի արդիւնքում էր նաեւ, որ թշնամին ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք եւ ուղղակի հաստատւեց, յայտարարելով, թէ այդ տարածքներն իրենն է, եւ ՀՀ իշխանութիւնները թշնամուն չհակառակւեցին։

«Հիմա այս իշխանութիւնները նաեւ խնդիր ունեն քիչ-քիչ պատասխանելու մեր ժողովրդին, ազգին, որոնք գիտակցում են, որ Արցախի չլինելով՝ վտանգւած է Հայաստանը։ Օրինակ, փաստ է, որ ո՞վ կը մտածէր, որ Երասխ գիւղը կը հրետակոծւի, որ արդիւնքում տուն կը վառւի։ Այս ամէնը մեր հայրենակիցներից շատերը տեսնելով՝ արթնանում են ու գիտակցում՝ յանձնելով Արցախը՝ վտանգեցին Հայաստանը։ Այս պարագայում իշխանութիւնները պէտք է փորձեն արդարացումներ գտնել, շատ բարդ արդացումներ էլ պէտք չեն, որպէսզի ժողովրդին հանդարտեցնեն։ Դրա համար ասում են, որ Արցախից դեռ պէտք է խօսեն, հարցը տանելով դէպի ապագայ, ինչը կեղծ օրակարգ է, որովհետեւ չեն էլ պատրաստւում ապագայում որեւէ հարց կարգաւորել։ Ժողովրդին հանգստացնելով՝ ասում են, որ Հայաստանը պէտք է հզօրանայ, որպէսզի կարողանայ Արցախից խօսել, սակայն այսօր սովորական քաղաքացին քաղաքականութեան մէջ չէ ու չի պատկերացնում այս ամենի լրջութիւնը, որ Արցախի հարցը որքան տանում են ապագայ, այնքան այն աւելի անլուծելի է դառնում»,- յաւելեց նա։

Նա նաեւ շեշտեց, որ այսօր պատահական չէ, որ թշնամին Հադրութում մզկիթ է կառուցում, որպէսզի հետագայում Հայաստանը չկարողանայ ապացուցել, որ Հադրութը հայկական է, եւ այս ամենին օգնում է ներկայիս ՀՀ իշխանութիւնը։ Թերեւս, սա է պատճառը, որ այդ իշխանութեան վերնախաւում նստած Նիկոլ Փաշինեանն ուզում է այս կամ այն ներկայացուցչի միջոցով հանդարտեցնել ժողովրդին եւ բերել կրկին իրենց դաշտ։

«Այդ պատգամաւորն իր խօսքում ասում է, որ ինքն իր անձնական կարծիքն է արտայայտում, բայց սուտ է, որովհետեւ իրենցից իւրաքանչիւրն է այդկերպ մտածում, ու չեն թաքցնում՝ արտայայտւում են ու վարում այդ քաղաքականութիւնը։ Եթէ այսօր Հայաստանը շանս ունի հզօրանալու, ապա դա աւելի մեծ խաղացողների շնորհիւ, որտեղ Հայաստանը բանակցութիւնների սեղանի շուրջ նստած չէ, նրան միայն կարգադրութիւններ են անում։ Սակայն բանակցութիւնների սեղանի շուրջ նստած խաղացողների քայլերից է այսօր կախւած Հայաստանի ճակատագիրը, յոյսները դրել են նրա վրայ, որ գերտէրութիւնների խաղն այնպէս կընթանայ, որ Հայաստանը ոչ թէ տուժած, այլ շահած դուրս կը գայ, որտեղ որեւէ կապ արդէն չեն ունենայ ՀՀ իշխանութիւնները»,- ընդգծեց Մետաքսէ Յակոբեանը։

Նրա բնորոշմամբ, վերջին շրջանում ՀՀ իշխանութիւններն այլեւս չեն էլ յայտարարում, որ Հայաստանն Արցախի անվտանգութեան երաշխաւորն է, դրա մասին Արցախի նախագահը եւս փաստել է իր խօսքում, որ այլեւս ՀՀ իշխանութիւններն Արցախի անվտանգութեան երաշխաւորը չեն, նշելով, որ անվտանգութեան երաշխաւորը ռուս խաղաղապահն է։

«Այսօր ազգի զարթնելը դա միակ փրկութիւնն է լինելու, եւ մենք շատ աւելի հեշտ կը փրկւենք, քան փրկւեցինք 90-ականներից։ Այն օրակարգով, որով իշխանութիւնն է գնում՝ 4 տարի յետոյ Արցախ չի լինի, ցաւալի ու սարսափելի բան եմ ասում, բայց սթափ պէտք է լինենք»,- եզրափակեց Մետաքսէ Յակոբեանը։

 

Զւարթ Խաչատրեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։