Հա

Քաղաքական

17/10/2021 - 12:15

«Ադրբեջանի գործողութիւնները մեսիջ են թէ՛ Ռուսաստանին, թէ՛ Հայաստանին, թէ՛ Իրանին». Իսակ Իւնանէսեան

«Ալիեւի վերջին յայտարարութիւնը, որ իբր թէ Իրանը եւ Հայաստանն օգտւել են Արցախի տարածքից՝ նարկոթրաֆիկի տրանզիտի համար, բաւականին լուրջ քննադատութեան է արժանացել Իրանում»,- 168.am-ի հետ զրոյցում ասաց Կովկասի եւ Թուրքիայի հարցերով փորձագէտ, Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսակ Իւնանէսեանը:

«alikonline.ir» - «Ալիեւի վերջին յայտարարութիւնը, որ իբր թէ Իրանը եւ Հայաստանն օգտւել են Արցախի տարածքից՝ նարկոթրաֆիկի տրանզիտի համար, բաւականին լուրջ քննադատութեան է արժանացել Իրանում»,- 168.am-ի հետ զրոյցում ասաց Կովկասի եւ Թուրքիայի հարցերով փորձագէտ, Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսակ Իւնանէսեանը:

ԱՊՀ երկրների ղեկավարների հետ առցանց ռեժիմով հանդիպմանն Ալիեւը յայտարարել էր, թէ իբր Հայաստանն Իրանի հետ մասնակցել է դէպի Եւրոպա թմրանիւթերի շրջանառութեանը: Նիկոլ Փաշինեանը, անդրադառնալով այդ անհիմն պնդմանը՝ ընդգծել էր թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան դէմ Իրան-Հայաստան համատեղ համագործակցութեան մասին: Իսկ Իրանի ԱԳՆ խօսնակ Սայիդ Խաթիբզադէն շեշտել է, որ Բաքւի նման անհիմն յայտարարութիւնները կը ստանան համապատասխան արձագանգ:

Իսակ Իւնանէսեանն ընդգծեց, որ չնայած Հայաստան եւ Ադրբեջան այցելելու վերաբերեալ Իրանի արտգործնախարարի յայտարարութիւնը նշանակում է, որ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ առկայ լարւածութիւնը բանակցութիւնների միջոցով կարող է լուծւել, Ադրբեջանը շարունակում է սրել իրավիճակը. «Ինչպէս նախկինում եմ ասել՝ ամէն ինչ կախւած է Ադրբեջանի պահւածքից: Ոնց որ թէ Ադրբեջանը դեռ չի ուզում լուծման գնալ եւ անընդհատ փորձում է Իրանին իր դէմ տրամադրել: Հիմա, կա՛մ Իսրայէլն է նրա մէջքին կանգնած, կա՛մ Արեւմուտքը, չգիտեմ, բայց չեմ կարծում, որ այս լեզւակռիւը, որն Ադրբեջանը սկսել է, կաւարտւի: Իրանը փորձում է բանակցութիւնների միջոցով Ադրբեջանի հետ իր խնդիրները հարթել, բայց ամէն անգամ մի նոր բան է պատահում՝ Ալիեւը մի նոր յայտարարութեամբ սրում է յարաբերութիւնները»:

Նրա խօսքով՝ Արցախում Ադրբեջանի վերջին սադրանքները, որի արդիւնքում Արցախում զինւորականներ էին վիրաւորւել, նշանակում է, որ Ադրբեջանը չի մարսել այն, ինչ եղել է Արցախում.

«Այսինքն՝ Ադրբեջանը ամբողջ Արցախն էր ուզում, եւ ռուսների ներկայութիւնը իրենց դուր չի գալիս: Այդ գործողութիւնները մեսիջ են թէ՛ Ռուսաստանին, թէ՛ Հայաստանին, այն առումով, որ եթէ այն, ինչ պայմանաւորւել են, Հայաստանը չտայ՝ նման յարձակումները կը շարունակւեն, ե՛ւ Իրանին էլ նմանապէս զգուշացնում է, որ ինչ ուզենայ՝ այդ տարածքում կանի: Բայց ամենից շատ դա կապւած է Նիկոլ Փաշինեանի բանաւոր խոստումների հետ, որոնցից հիմա կարծես Իրանի եւ Ռուսաստանի ճնշման տակ Փաշինեանը յետքայլ արեց: Ադրբեջանը ուզում է դա յիշեցնել Հայաստանին: Հիմա միջանցքն է, թէ այլ բանաւոր պայմանաւորւածութիւններ, մենք չենք կարող ասել»:

Փորձագէտը նկատեց՝ վերջին շրջանում ՀՀ իշխանութիւնների յայտարարութիւններից կարելի է յուսալ, որ Հայաստանը գնում է դրական քայլերի. «Բայց մենք այս իշխանութեանը ճանաչելով, որ իրենք ինչ ասում են՝ հակառակն են անում, ես չեմ կարող յստակ ասել, որ Հայաստանը գնում է դրական քայլերի կամ Ռուսաստանի եւ Իրանի ճնշումների տակ է նման յայտարարութիւններ անում»:

 

Ռազմիկ Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։