Հա

Քաղաքական

18/10/2021 - 10:35

«Գեղարքունիքի մարզ ներխուժած Ադրբեջանի ԶՈՒ-երը կառուցել են մեծ ապաստարաններ, բետոնապատել են ճանապարհները». ՄԻՊ

ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. 

«alikonline.ir» - ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. 

«ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինւած ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակութեամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները:

Նրանց ակտիւութիւնը վերջին շրջանում շեշտակի է մեծացել։

Աւելին, շարունակում են նոր ճանապարհների կառուցումը, դիրքերում աւելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինութիւնը: Անընդհատ կատարում են դիրքային ամրացման եւ ինժեներական ակտիւ աշխատանքներ:

Խօսքը ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական անօրինական տեղակայման ու յանցաւոր արարքների մասին է:

Նրանք ֆիզիկապէս ներկայ են հէնց այն հողատարածքներում, որոնք պատկանում են ՀՀ քաղաքացիներին՝ օրինական փաստաթղթերով հաստատւած իրաւունքներով:

Այս տւեալները ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի, այդ թւում՝ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման փատահաւաք աշխատանքների շրջանակում հաստատւել են հաւաստի ապացոյցներով ու մի քանի աղբիւրով ստուգւած տւեալներով:

Սրանք ադրբեջանական այն դիրքերն են, որտեղից ադրբեջանական զինծառայողները ՀՀ քաղաքացիական բնակչութեան նկատմամբ կատարում են ահաբեկչական յանցաւոր արարքներ. պարբերաբար կրակում են Գեղարքունիքի Վերին Շորժայ, Սոթք, Կութ եւ միւս գիւղերի ու մասնաւորապէս՝ քաղաքացիական տների վրայ, զանգւածաբար հրդեհում քաղաքացիական բնակիչների արօտավայրերն ու խոտհարքները: Այս դիրքերի ծառայողներն են կատարել ՀՀ բնակիչների կենդանիների մեծաքանակ գողութիւններ:

Ադրբեջանական զինւած ուժերի ներկայութիւնը ՀՀ գիւղերի հարեւանութեամբ ու այն էլ ՀՀ ինքնիշխան տարածքում բացայայտ յանցաւոր բնոյթի է, այն ինքնին ոտնահարում է գիւղերի բնակիչների կեանքի ու անվտանգ ապրելու, սեփականութեան, ընտանիքի եկամուտը վաստակելու եւ այլ կենսական իրաւունքներ: Նրանց ներկայութիւնը խաթարում է մարդկանց խաղաղ կեանքը:

Ուստի, պէտք է անյապաղ սկսւի ՀՀ սահմանների շուրջ անվտանգութեան ապառազմականացւած գօտի ստեղծելու եւ ադրբեջանական զինւած ծառայողներին ՀՀ գիւղերի հարեւանութիւնից, համայնքների միջեւ ճանապարհներից անյապաղ հեռացնելու գործընթաց:

ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի այս առաջարկը տեղ է գտել միջազգային կոնկրետ փաստաթղթում՝ Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձեւում: Այս մասին Մարդու իրաւունքների պաշտպանը համապատասխան հաղորդումներ կուղարկի նաեւ միջազգային կառոյցներին ու ՀՀ պետական մարմիններին, քաղաքացիական հասարակութեան կազմակերպութիւններին:

Ակնյայտ է, որ ադրբեջանական յանցաւոր արարքների, մարդկանց իրաւունքների կոպիտ խախտումների հիմքը, դրանց սնուցման աղբիւրը մէկն է. ադրբեջանական իշխանութիւնների հայատեաց ու թշնամանքի, էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականութիւնը»: 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։