Հա

Քաղաքական

18/10/2021 - 12:10

Հայութեան կենսական շահերի զիջումներով հնարաւոր չէ յագեցնել Թուրքիայի եւ Ադրբեջանի ախորժակը

Թէ ինչու են Թուրքիան եւ Ադրբեջանը ցանկանում Վրաստանին ներգրաւել Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորելու գործում, կարծում եմ` հասկանալի է։ Այդ կերպ թիւրքական պետութիւնների դաշինքը փորձում է նախ աստիճանաբար նւազեցնել Ռուսաստանի դերակատարումը տարածաշրջանային խնդիրների քննարկման գործում, ապա եւ ընդհանրապէս այդ հարցերում Ռուսաստանը փոխարինել իր կողմից վերահսկւող Վրաստանով։ Սա, իհարկէ, երկարաժամկէտ քաղաքականութիւն է, բայց Թուրքիան չի շտապում։

ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշւիլու հրաւէրով սեպտեմբերի 8-9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը պաշտօնական այցով մեկնել էր Վրաստան։ Երկու օր տեւած հանդիպումներից ու բանակցութիւններից յետոյ Հայաստանի ու Վրաստանի ղեկավարները, ըստ էութեան, փորձագիտական ու անգամ լայն շրջանակների համար հետաքրքիր որեւէ գնահատականով կամ նախաձեռնութեամբ հանդէս չեն եկել։ Առաջին հայեացքից սա պարզ մի այց էր, որի ընթացքում երկու երկրների միջեւ անգամ նոր փաստաթղթեր չեն ստորագրւել։ Այս հանգամանքը ստիպում է կարծել, որ Նիկոլ Փաշինեանը պարզապէս շարունակում է ՀՀ նախկին բոլոր ղեկավարների աւանդոյթը եւ իր՝ որպէս երկրի նոր ընտրւած ղեկավարի առաջին արտասահմանեան այցերի շարքում է դասում հարեւան այն պետութիւնները, որոնց հետ Հայաստանը լաւ յարաբերութիւններ ունի։ Սակայն Փաշինեանի վրաստանեան այցից տասն օր անց՝ սեպտեմբերի 19-ին, պարզւեց, որ նրա հանդիպումը Վրաստանի վարչապետի հետ այդքան էլ անհետաքրքիր չի եղել, որքան դա ներկայացւում էր հանրութեանը։ Այդ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Վրաստանի իր գործընկերոջ միջոցով հանդիպման առաջարկ է ուղարկել իրեն՝ աւելացնելով, որ Թուրքիայի իշխանութիւնները պատրաստ են նման հանդիպման, եթէ Հայաստանը որոշակի քայլեր կատարի։ Աւելի ուշ՝ սեպտեմբերի 23-ին, Էրդողանն արդէն ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովի ընթացքում յայտարարեց, որ Հայաստանից դրական ազդակներ են ստացել։

Հայաստանի եւ Թուրքիայի իշխանութիւնների` միմեանց յղած դրական ազդակների մասին երկու կողմերն էլ վերջին շրջանում շատ են բարձրաձայնում։ Պաշտօնական Երեւանն էլ չի հերքել Ղարիբաշւիլու միջոցով Էրդողանին հանդիպման հրաւէր ուղղելու փաստը։ Մեկնաբանելով այդ լուրը՝ ՀՀ կառավարութեան ղեկավարի մամուլի խօսնակը յայտարարել է. «Վարչապետ Փաշինեանն իր բոլոր միջազգային շփումներում գործընկերներին ներկայացնում է կառավարութեան ծրագրում արձանագրւած՝ Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու տեսլականը եւ արտայայտում է այդ ուղղութեամբ ջանքեր գործադրելու Հայաստանի կառավարութեան պատրաստակամութիւնը»։ Վերջինս նաեւ նշել է, որ «չնայած Հայաստանի կառավարութիւնը պատրաստ է նման շփումների, Հայաստանի եւ Թուրքիայի պաշտօնեաների միջեւ որեւէ շփում դեռեւս տեղի չի ունեցել»։ Ի դէպ, նշենք, որ վարչապետի մամուլի խօսնակի այս վերջին յայտարարութիւնն արդէն իսկ վիճարկւել է Հայաստանի մի շարք փորձագէտների եւ առաջատար լրագրողների կողմից։ Վերջիններս հիմնաւոր կասկածներ են յայտնում այն մասին, որ արդէն իսկ յիշատակւած վրաստանեան այցի վերջին օրը, երբ Փաշինեանը շատերի համար անսպասելիօրէն Բաթում մեկնեց, մեր պատւիրակութեան անդամները որոշակի շփումներ են ունեցել Թուրքիայի ներկայացուցիչների հետ։ Պաշտօնական հաղորդագրութեան մէջ այդ մասին ոչինչ բնականաբար նշւած չէր։ Նրանում միայն խօսւում է Փաշինեանի եւ Ղարիբաշւիլու «ոչ ֆորմալ» հանդիպման մասին։

Ինչեւէ, կարեւորն այն է, որ Փաշինեանն իսկապէս հանդիպման առաջարկ է արել Էրդողանին, որ Հայաստանի եւ Թուրքիայի իշխանութիւնները միմեանց անընդհատ դրական ազդակներ են յղում, եւ այդ գործընթացում Վրաստանը ստանձնել է միջնորդի դեր։ Այս վերջին հանգամանքն աւելի քան հետաքրքրական է, որովհետեւ ակնյայտ է, որ Վրաստանը չունի տարածաշրջանային զարգացումներում լուրջ դերակատարում ստանձնելու, առաւել եւս տարբեր գործընթացներում ներգրաււած կողմերին երաշխիքներ տրամադրելու ներուժ։ Իսկ Թուրքիայի հետ յարաբերութիւններում հայկական կողմին նման երաշխիքներ այն էլ որքան են հարկաւոր…

Ընդհանրապէս, խօսելով հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական յարաբերութիւններում Վրաստանի «միջնորդական առաքելութեան» մասին, բացի վերը յիշատակւած խնդրից, պէտք է ուշադրութիւն դարձնել եւս երկու կարեւոր հանգամանքների վրայ։ Նախ` յայտնի փաստ է, որ մեր տարածաշրջանում Վրաստանը լրջագոյն խնդիրներ ունի Արցախի եւ Հայաստանի անվտանգային կարեւոր գործընկեր, իսկ վերջին ամիսներին նաեւ հիմնական երաշխաւոր Ռուսաստանի Դաշնութեան հետ։ Ակներեւ է, որ Մոսկւան խանդով է ընդունում հայ-վրացական յարաբերութիւններում ձեռք բերւած ցանկացած նշանակալից պայմանաւորւածութիւն։ Ի դէպ, նոյնը եւ Թբիլիսին, երբ խօսքը վերաբերում է հայ-ռուսական համագործակցութեան խորացմանը։ Եւ եթէ յանկարծ պարզւի, որ Էրդողանին Ղարիբաշւիլու միջնորդութեամբ հանդիպման հրաւէր յղելու Փաշինեանի նախաձեռնութիւնը նախապէս համաձայնեցւած չի եղել Ռուսաստանի հետ, ապա վստահ կարելի է պնդել, որ հայկական կողմի համար դա անհետեւանք չի մնայ։

Երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ նոյն Թուրքիան ու Ադրբեջանը չափազանց մեծ ազդեցութիւն ունեն Վրաստանի արտաքին քաղաքականութեան վրայ։ Աւելին՝ հէնց Անկարան ու Բաքուն են ամէն ինչ անում, որպէսզի Վրաստանը հանդէս գայ որպէս Հայաստանի հետ երկխօսութեան միջնորդ։ Դրան էր միտւած, օրինակ, Ղարիբաշւիլու միջնորդութեամբ 15 հայ ռազմագերիներին ազատ արձակելու եւ Հայաստան ուղարկելու Ալիեւի որոշումը։ Նոյն խնդրի մասին է Նիւ Եօրքում վերջերս կայացած հանդիպման ընթացքում Էրդողանը խօսել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշւիլու հետ։ Վերջինս հէնց այնտեղ՝ Էրդողանի ներկայութեամբ, բաց տեքստով յայտարարել է, որ Վրաստանը ցանկանում է խաղաղապահ դառնալ Հարաւային Կովկասում։

Թէ ինչու են Թուրքիան եւ Ադրբեջանը ցանկանում Վրաստանին ներգրաւել Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորելու գործում, կարծում եմ` հասկանալի է։ Այդ կերպ թիւրքական պետութիւնների դաշինքը փորձում է նախ աստիճանաբար նւազեցնել Ռուսաստանի դերակատարումը տարածաշրջանային խնդիրների քննարկման գործում, ապա եւ ընդհանրապէս այդ հարցերում Ռուսաստանը փոխարինել իր կողմից վերահսկւող Վրաստանով։ Սա, իհարկէ, երկարաժամկէտ քաղաքականութիւն է, բայց Թուրքիան չի շտապում։ Պաշտօնական Անկարային այս պահին մէկ բան է պէտք՝ ամրապնդել իր դիրքերը Հարաւային Կովկասի աշխարհաքաղաքական զարգացումներում՝ սպասելով հետագայում տարածաշրջանն ամբողջութեամբ իր ազդեցութեան տակ վերցնելու հնարաւորութիւններին։

Մեծ հաշւով, դրան է ուղղւած նաեւ Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորելու Էրդողանի իշխանութեան ցանկութիւնը։ Թուրքիայում լաւ են հասկանում, որ ընդամէնը երեք տարի առաջ նրանք երազել անգամ չէին կարող այն մասին, ինչն այսօր իրականութիւն է դարձել։ Խօսքն առաջին հերթին արցախեան հակամարտութեան մէջ Թուրքիայի ներգրաււածութեան մասին է։ Դա է այն բանալին, որը թոյլ կը տայ Անկարային հետագայում ամրապնդել իր դիրքերը Հարաւային Կովկասում եւ վերջապէս լոկալ բնոյթի տէրութիւնից վերածւել աշխարհաքաղաքական հզօր եւ շատ ազդեցիկ կենտրոնի։ Բայց ոչ միայն դա։ Երբ գործը հասնում է Հայաստանին, Թուրքիայի առջեւ խնդիրների մեծ շարան է միանգամից ի յայտ գալիս։ Դա ե՛ւ Հայոց Ցեղասպանութեան խնդիրն է, ե՛ւ Արեւմուտքի, յատկապէս ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ յարաբերութիւնները, ե՛ւ Ռուսաստանի ռազմական ներկայութիւնն իր սահմանին, ե՛ւ Արցախի խնդիրը, ե՛ւ թիւրքական աշխարհի հետ կայուն ցամաքային կապ ունենալու հնարաւորութիւնը եւ այլն, եւ այլն։ Օգտւելով այն հանգամանքից, որ Հայաստանում տեղի է ունեցել, այսպէս կոչւած, «թաւշեայ յեղափոխութիւն», եւ մեր երկիրն այդ յեղափոխութեան հետեւանքով հրաժարւել է իր իսկ կենսական շահերը պաշտպանելու գործից, Թուրքիայի իշխանութիւնները 2018 թւականի երկրորդ կէսից սկսեցին մեր տարածաշրջանում ձեւաւորւած հաւասարակշռութիւնը խաթարելուն եւ իրավիճակը փոխելուն ուղղւած քայլեր ձեռնարկել։ Ընդ որում, Անկարան իրեն բաւարարւած կը զգար ցանկացած արդիւնքի պարագայում, միայն թէ ձեւաւորւած ստատուս-քւոն փոխւէր, եւ ինքը Հարաւային Կովկաս մուտք գործելու հնարաւորութիւն ստանար։ Իսկ այժմ իրավիճակն արդէն այնպիսին է, որ Թուրքիան այլեւս չի բաւարարւում Արցախի հարցում ոչ միայն քաղաքական, այլեւ նոյնիսկ ռազմական ներկայութեամբ։ Այլ խօսքով՝ Անկարան ձգտում է օգտւելու պահի ընձեռած հնարաւորութիւններից եւ հնարաւորինս շատ խնդիրներ լուծելու։

Փորձենք հասկանալ, թէ որոնք են այս պահին Թուրքիայի ամենից արդիական խնդիրները։ Սկսենք թերեւս Ադրբեջանի յաղթանակը միջազգային պայմանագրերով ամրագրելու` թուրք-ադրբեջանական դաշինքի համար առաջնային եւ կարեւոր գործից։ Թէ՛ Բաքւում եւ թէ՛ Անկարայում հասկանում են, որ ադրբեջանա-արցախեան հակամարտութեան լուծման այսպիսի տարբերակի շուրջ միջազգային կոնսենսուս չկայ։ Պատճառները շատ են։ Նախ` հակամարտութեան արդարացի, երկարաժամկէտ եւ, որ ամենակարեւորն է, աշխարհաքաղաքական խաղացողների շահերը հաշւի առնող լուծման տարբերակները ենթադրում էին որոշակի հաւասարակշռութեան պահպանում։ Այո՛, Միացեալ Նահանգները, Եւրոպան՝ ի դէմս Ֆրանսիայի, եւ Ռուսաստանը մշտապէս խօսել են Արցախի ազատագրւած շրջանների մի մասը Ադրբեջանին յանձնելու անհրաժեշտութեան մասին։ Բայց առնւազն նախկին ԼՂԻՄ տարածքի ու Քաշաթաղի շրջանի հիմնական հատւածի հայապատկան լինելու մասին կոնսենսուս նշւած աշխարհաքաղաքական կենտրոնների միջեւ կար ու շարունակում է գոյութիւն ունենալ։ Այդ ամէնը փաթեթաւորւած էր տարածքային ամբողջականութեան, ազգերի ինքնորոշման իրաւունքի եւ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու յայտնի սկզբունքներով։ 2020 թ. 44-օրեայ պատերազմի ընթացքում թուրք-ադրբեջանական դաշինքը, կասկածի տակ դնելով բոլոր հիշատակւած երկրների միջազգային հեղինակութիւնը, անտեսելով նրանց աշխարհաքաղաքական շահերը, որոշել էր արցախեան խնդիրը լուծել ուժի միջոցով։ Սա մի քայլ էր, որի պատասխանը Թուրքիան եւ Ադրբեջանը դեռ պէտք է տան։ Բայց թիւրքական երկու երկրներին մինչ այս պահն այդ հանգամանքը այնքան էլ չի անհանգստացնում։ Նրանք փորձում են յաջորդ քայլն էլ անել եւ հասնել նրան, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Եւրոպան հրաժարւեն Արցախի հարցով նախկինում ձեռք բերւած ներքին պայմանաւորւածութիւններից, աչք փակեն ուժ կիրառելու փաստի վրայ (չնայած երեք աշխարհաքաղաքական կենտրոնները միշտ նշել են իրենց համար այդ սցենարի անընդունելի լինելը) եւ մոռանան ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին։ Ահա այս խնդիրները լուծելու համար է Ադրբեջանին եւ Թուրքիային անհրաժեշտ, այսպէս կոչւած, «խաղաղութեան պայմանագիր» Հայաստանի հետ։

Երկրորդ խնդիրը, որն այսօր ծառացել է Թուրքիայի արտաքին քաղաքականութեան առջեւ, Ադրբեջանում թուրքական ազդեցութիւնը լիարժէք ու երկարաժամկէտ դարձնելն է։ Անկարան գիտի, որ թուրքական ռազմական պոտենցիալն Ադրբեջանին անհրաժեշտ էր Արցախում իր խնդիրները լուծելու համար։ Այդ նպատակին հասնելու մղումով Իլհամ Ալիեւը չափազանց մեծ զիջումներ է արել Թուրքիայի իշխանութիւններին՝ մինչեւ իսկ նրանց յանձնելով սեփական բանակի կառ։ Հիմա, երբ Ալիեւն արդէն ունի այդ յաղթանակը, հետեւաբար նաեւ սեփական իշխանութիւնը եւս մի քանի տարի (եթէ չասենք՝ տասնամեակներ) երկարացնելու հնարաւորութիւն, նա արդէն որպէս իր մրցակից հէնց Թուրքիային է սկսում ընկալել։ Եւ որպէսզի Ադրբեջանի նախագահը չկարողանայ փախչել թուրքական կարթից, Էրդողանի կառավարութիւնն ամէն ինչ անելու է, որպէսզի Ադրբեջանն էլ աւելի մեծ կախւածութեան մէջ յայտնւի թուրքական տնտեսութիւնից, քաղաքականութիւնից, ռազմական ներուժից եւ այլն։ Իսկ դրա համար Թուրքիային Ադրբեջանի հետ կոմունիկացիաներ են պէտք։ Ըստ թուրք գործիչների` Ադրբեջանն այլեւս այդքան հեռու եւ առանձնացւած չպէտք է լինի Թուրքիայից։ Այդ իսկ պատճառով նրանք ամէն ինչ անում են Հայաստանի տարածքով դէպի Ադրբեջան տանող ճանապարհների եւ այլ ենթակառուցւածքների արագ գործարկման համար՝ յընթացս էլ, իհարկէ, տնտեսական էքսպանսիա պլանաւորելով արդէն մեր երկրի դէմ։

Երրորդ` Հարաւային Կովկաս ազատ ելումուտ անելու համար Թուրքիային պէտք է օր առաջ ձերբազատւել Հայոց Ցեղասպանութեան խնդրից եւ ընդհանրապէս Հայկական հարցից, որոնք տասնամեակներ շարունակ Թուրքիայում ընկալւել են որպէս տարբեր տարածաշրջաններում, բայց առաւելապէս Հարաւային Կովկասում եւ Մերձաւոր Արեւելքում, իրենց հնարաւորութիւնները սահմանափակող գործօն։ Այս խնդրի առնչութեամբ ցաւով պէտք է նշել, որ Հայկական հարցի կարեւորութիւնը Անկարայում տարիներ շարունակ աւելի լաւ են հասկացել, քան Երեւանում։ Որքան էլ տարօրինակ հնչի, այնուամենայնիւ պէտք է խոստովանել, որ Հայկական հարցը Թուրքիային զսպելու գործիք է ոչ թէ Հայաստանի, այլ ԱՄՆ-ի, եւրոպական երկրների, Ռուսաստանի, Իրանի, նոյնիսկ Իսրայէլի եւ այլոց ձեռքին։ Եւ այսօր ահա Թուրքիայի իշխանութիւններն այդ զսպաշապիկից ազատւելու հնարաւորութիւն են տեսել ու փորձում են ամէն ինչ անել, որ յաջողեն այդ գործում։

Յիշատակւած երեք մեծ խնդիրների լուծումը Թուրքիային հնարաւորութիւն է տալու շատ հեշտ լուծելու իրեն յուզող ամենամեծ խնդիրը՝ Ռուսաստանի ռազմական ներկայութիւնը մեր տարածաշրջանում եւ համաշխարհային ու տարածաշրջանային այլ գերտէրութիւնների հնարաւորութիւնների սահմանափակումը Հարաւային Կովկասում։ Սա է ժամանակակից Թուրքիայի գերխնդիրը, որի լուծումը պաշտօնական Անկարան այսօր շատ իրատեսական է համարում։ Դա պայմանաւորւած է նաեւ այն հանգամանքով, որ Հայաստանը միակ երկիրը չէ, որը մեր տարածաշրջանում իր կենսական շահերը փոխարինում է այլ առաջնահերթութիւններով՝ մեծ բիզնես, իշխող էլիտաների անձնական շահ եւ այլն։ Նման վարքագիծ յաճախ նաեւ Ռուսաստանն է դրսեւորում եւ նոյնիսկ Միացեալ Նահանգները։ Եւ սա թոյլ է տւել Էրդողանի իշխանութեանը մի շարք ձեռքբերումներ ունենալ Հարաւային Կովկասում ու նաեւ գործուն քայլեր անել վերոնշեալ աշխարհաքաղաքական հարցերն ի շահ Թուրքիայի լուծելու ուղղութեամբ։ Սա մի գործընթաց է, որը, ցաւօք, դեռեւս շարունակւում է։

Այս ամենի լոյսի ներքոյ Հայաստանի վարչապետի՝ Էրդողանի հետ սեպարատ բանակցութիւններ սկսելու ցանկութիւնն առաւել քան տարակուսելի է։ Ի՞նչ խնդիր է փորձում լուծել ՀՀ կառավարութեան ղեկավարը եւ ինչպէ՞ս է պատրաստւում Թուրքիայի հետ յարաբերութիւններ կառուցելու գործընթացում պաշտպանելու Հայաստանի շահը։ Այս հարցերի պատասխանները դեռեւս չկան։ Վարչապետ Փաշինեանը միայն խօսում է, այսպէս կոչւած, խաղաղութեան օրակարգի մասին, որի բաղադրիչները նոյնպէս յայտնի չեն։ Եթէ մեր իշխանութիւնների միտքն այն է, որ հայութեան կենսական շահերի շարունակական զիջումներով հնարաւոր կը լինի յագեցնել Թուրքիայի եւ Ադրբեջանի ախորժակը, ապա նրանք չարաչար սխալւում են։ Այդպէս Նիկոլ Փաշինեանն ու իր թիմը միայն գրգռում են այդ ախորժակը եւ նպաստում թուրք-ադրբեջանական աշխարհաքաղաքական օրակարգի կեանքի կոչւելուն։ Հայաստանն ու Արցախը այդ գործընթացում որեւէ օգուտ չունեն եւ բնականաբար չեն կարող ունենալ։ Բայց սա, նկատի ունեմ «տարածաշրջանում խաղաղ դարաշրջան բացելու» Փաշինեանի հռչակած մարտավարութիւնը, քննարկման առանձին թեմա է, որին անպայման կանդրադառնամ «Դրօշակ»-ի յաջորդ համարներում։

 

«Դրօշակ» թիւ 10 (1659), հոկտեմբեր 2021 թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։