Հա

Քաղաքական

19/10/2021 - 12:50

«Լինելով կալանաւորւած՝ յաղթել Փաշինեանին. սրանից ուժեղ ապտակ իշխանութիւնը չէր ստացել». Կարէն Քոչարեան

168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում քաղտեխնոլոգ, վերլուծաբան Կարէն Քոչարեանը Գորիսում եւ Գիւմրիում իշխանութեան պարտութիւնը պայմանաւորեց՝ ինչպէս ընդդիմութեան որդեգրած ճիշտ մարտավարութեամբ, այնպէս էլ՝ իշխանութեան ղեկավարի տւած եւ չկատարած խոստումների շարքով։

«alikonline.ir» - Հոկտեմբերի 17-ին, Հայաստանի 3 մարզերի 6 խոշորացւած համայնքներում` Գիւմրիում, Գորիսում, Մեղրիում, Տաթեւում, Տեղում եւ Դիլիջանում, կայացան տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրութիւններ։

Ըստ ԿԸՅ նախնական արդիւնքների՝ Գորիս խոշորացւած համայնքում 10.400 քւէարկողից 6286-ն իր քւէն տւել է առաջադրւած ընդդիմադիր թեկնածու Առուշ Առուշանեանին։

Նախնական տւեալներով՝ Առուշանեանի ստացած ձայների թիւը կրկնակի գերազանցել է իշխանական՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան թեկնածու Վլադիմիր Աբունցի ստացած քւէին: Ի դէպ, իշխանական թեկնածուն էլ լրագրողների հետ զրոյցում ասել էր՝ պատւով է ընդունում իր պարտութիւնը։

168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում քաղտեխնոլոգ, վերլուծաբան Կարէն Քոչարեանը Գորիսում եւ Գիւմրիում իշխանութեան պարտութիւնը պայմանաւորեց՝ ինչպէս ընդդիմութեան որդեգրած ճիշտ մարտավարութեամբ, այնպէս էլ՝ իշխանութեան ղեկավարի տւած եւ չկատարած խոստումների շարքով։

«Թէ՛ 2021 թւականի յունիսին կայացած արտահերթ խորհդարանական ընտրութիւններից յետոյ իշխանութիւնների ցուցաբերած անգործութիւնը, թէ՛ ընդդիմութեան կողմից որդեգրւած ճիշտ ռազմավարութիւնն արձանագրեցին նման արդիւնք։ Այս ընտրութիւններում ընդդիմութիւնն ընտրողին միայնակ՝ դէմ առ դէմ թողեց իշխանութեան հետ։ Ընդդիմութիւնը շատ լաւ գիտակցեց, որ մանիպուլեյացիաներին տիրապետող Փաշինեանը սկսելու է խաղացնել նախկիններ ու ներկաներ, թալանչիներ ձեւակերպումները, թէեւ այս երեք տարիների ընթացքում թալան չի վերադարձել, ուստի ընդդիմութիւնն իր ճիշտ մարտավարութեամբ այս անգամ Փաշինեանին դրանք խաղարկելու հնարաւորութիւն չտւեց»,- ասաց քաղտեխնոլոգը։

Կարէն Քոչարեանի համոզմամբ՝ 2021 թւականի յունիսին կայացած արտահերթ ընտրութիւններում յաղթանակից յետոյ Փաշինեանի համար երէկ արձանագրւած պարտութիւնը չափազանց ցաւոտ է, որովհետեւ պայքարը լրիւ այլ հարթութեան մէջ էր ընթանում։

«Ցաւոտ է առաւել, քան երբեւէ։ Պարզ է՝ հիմա իշխանութիւնը կասի, թէ իրենք ժողովրդավար են, ու ժողովրդավարութիւնը յաղթեց, սակայն ակնյայտ է՝ այն իրավիճակը, որը ստեղծւել էր Գորիսի ընդդիմադիր թեկնածուի շուրջ, լրիւ այլ իրադրութիւն ստեղծեց. յաղթել իշխանութեանը կալանաւորւած վիճակից, դրանից աւելի ուժեղ ապտակ այս իշխանութիւնը մինչեւ օրս չէր ստացել։ Այս առումով՝ եթէ մինչեւ հիմա իշխանութիւնը ճօճում էր, թէ՝ մանդատ ենք ստացել, ինչ ուզենք՝ կանենք, ապա հիմա այդ մանդատի ուժը զգացին ՏԻՄ ընտրութիւններում. կարծում եմ՝ դեկտեմբերի 5-ին էլ աւելի ուժեղ են զգալու»,- ասաց Քոչարեանը՝ ընդգծելով, որ հոկտեմբերի 17-ին կայացած ընտրութիւններն ապացոյցն են նրա, որ փաշինեանական իշխանութիւնը գնում է իներցիայով իր ռեսուրսները մաշելու ճանապարհով, հետեւաբար՝ ընդդիմադիր գործիչներին քաղաքական հայեացքների համար կալանաւորելն ու նրանց նկատմամբ քրէական գործերի յարուցումը մշտապէս աշխատելու է դրան գնացող իշխանութեան դէմ։

«Սիւնիքը մերժեց այս իշխանութեանը, իսկ մերժման պատճառը գործող իշխանութեան ստերն են՝ խոստացած խաղաղութիւնն է, որն այդպէս էլ չկայ, խոստացած սոցիալական ծրագրերն են, որոնք այդպէս էլ չկան, խոստացած ֆինանսական ռեսուրսները, որոնք այդպէս էլ չկան։

Ի դէպ, նոյն վիճակն է նաեւ Գիւմրիում. իհարկէ, այնտեղ յաղթել է այլ ընդդիմադիր դաշինք, սակայն այս դէպքում կարեւոր չէ, թէ ո՞ր ուժն է յաղթել, կարեւոր է, որ իշխանութիւնը պարտւել է ընդդիմութեանը»,- ասաց Քոչարեանը՝ ընդգծելով՝ այն, որ ընդդիմութիւնը հասել է ՏԻՄ ընտրութիւններով յաղթանակի, դա վկայում է այդ ընդդիմութեան ղեկավարութեան ճիշտ աշխատանքի մասին, հետեւապէս՝ իր համար անընդունելի է պնդումը, թէեւ այդ աշխատանքն անարդիւնաւէտ է։

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ թէեւ ընդդիմութեան աշխատանքն իդէալական չէ, սակայն, իշխանութեանը կայ ռէալ հակազդեցութիւն, ինչը շատ դէպքերում առերեւոյթ չի էլ երեւում։

Ըստ Քոչարեանի՝ սպասել, որ վաղը միանգամից ամէն բան կը փոխւի, կամ, որ Գորիսում եւ Գիւմրիում ընդդիմութեան յաղթանակը հիմք կը դնի նոր որակի իշխանութեան ձեւաւորման, այդքան էլ ռէալ չէ, ուստի այս հարցում միանգամից լուծումների սպասելը կը լինի ուղղակի ռոմանտիզմ, քանի որ իրականութիւնն այլ է, իշխանափոխութեան բուն պատճառները՝ եւս։

«Ուժային կառոյցների վրայ է իշխանութիւնը դեռ կարողանում յենւել, որովհետեւ դա աշխարհաքաղաքական կոնսենսուսի հետեւանք է։ Ո՛չ Ազգային անվտանգութեան ծառայութեանը, ո՛չ Պաշտպանութեան նախարարութեանն ամենեւին էլ այս իշխանութիւնը չի տիրապետում։ Պէտք եղած ժամանակ ԱԱԾ-ն եւ ՊՆ-ն կանեն այն, ինչ պէտք կը լինի այդ աշխարհաքաղաքական կենտրոններին, որոնք անգամ ներհայաստանեան կեանքում են որոշում կայացնողներն այս վերջին երեք տարիներին»,- ասաց Քոչարեանը։

Ինչ վերաբերում է իշխանութեան ձեւաւորման անհրաժեշտութեանը, ապա այս հարցում Կարէն Քոչարեանը կարեւոր է համարում նոր էլիտաների ձեւաւորման անհրաժեշտութիւնը, որոնք իրենց հետ կը բերեն նոր համակարգային փոփոխութիւններ, որովհետեւ 2018 թւականի իշխանափոխութիւնից յետոյ փորձը ցոյց տւեց, որ անձերը, դէմքերը փոխւեցին, իսկ համակարգային փոփոխութիւններ ուղղակի չեղան, հետեւապէս՝ հասարակութիւնը պէտք է ծնի նոր էլիտաներ, որոնք կը գան հէնց այդ նոր համակարգային փոփոխութիւններն անելու։

«Մենք խնդիր ունենք նոր էլիտաների ձեւաւորման։ Նման բան անում է հասարակութիւնը՝ կրթւելով ու պետութեանը սպառնացող վտանգը զգալով։ Այդ էլիտաները միմեանց հետ համագործակցելով՝ կը կարողանան երկիրն այս իրավիճակից դուրս բերել։ Փորձը ցոյց տւեց, որ մինչեւ հիմա՝ այս 30 տարիների ընթացքում, եղած էլիտաները ժամկէտանց էին ու փտած, հետեւապէս՝ իւրաքանչիւր հասարակութիւն ի վիճակի է ստեղծել իր էլիտան։ Էլիտաների փոփոխութիւն է պէտք, եւ դա օբիեկտիւ պատճառներով պայմանաւորւած է լինելու։ Կը լինեն կա՛մ նոր, կա՛մ հին ու չերեւացած ու մոռացւած դէմքեր, թէ ոչ, կարեւոր չէ, խօսքն այստեղ ոչ թէ անձերի, դէմքերի մասին է, այլ՝ նոր որակի։ Այդ նոր էլիտաները հէնց պէտք է բացառեն նախկին համակարգի կրկնութիւնը, որովհետեւ նրանց առաջ դրւած պէտք է լինեն բոլորովին այլ խնդիրներ»,- խօսքը եզրափակեց Քոչարեանը։

 

Աղաւնի Սուքիասեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։