Հա

Քաղաքական

20/10/2021 - 11:50

«Ադրբեջանի գործողութիւնների գլխաւոր մեսիջն ուղղւած է հայ ազգին, որ՝ խաղաղ չէք ապրելու». Թեւան Պօղոսեան

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, քաղաքագէտ Թեւան Պօղոսեանի կարծիքով՝ Ադրբեջանի վերջին շրջանի գործողութիւնների գլխաւոր մեսիջն ուղղւած է հայ ազգին, որ՝ խաղաղ չէք ապրելու:

«alikonline.ir» - «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, քաղաքագէտ Թեւան Պօղոսեանի կարծիքով՝ Ադրբեջանի վերջին շրջանի գործողութիւնների գլխաւոր մեսիջն ուղղւած է հայ ազգին, որ՝ խաղաղ չէք ապրելու:

«Ցոյց են տալիս, որ ինչ ցանկանան՝ դա էլ անելու են, ինչքան շուտ հայերն այս տարածքներից արտագաղթեն, այնքան աւելի լաւ, իսկ միւս բոլոր մեսիջների հասցէատէրերը դրանք ստանում են: Յիշում էք՝ երբ առաջին անգամ զօրավարժութիւններ էին անցկացնում Բերձորի եւ Քաշաթաղի օկուպացւած տարածքներում, նաեւ կար ինչ-որ արձագանգ Ռուսաստանից, իրենք փորձեցին ասել, որ դա երրորդ երկրի համար չէ, հիմա շարունակութիւնն է, որ՝ իմ տարածքներն են, ինչ ուզում՝ անում եմ: Իրանին ցանկանում է ասել, որ՝ ոչ միայն դու ես զօրավարժութիւն անում քո տարածքում, այլ նաեւ ես եմ շարունակական անում: Հաշւի առնելով, որ Էրդողանը պէտք է մէկ օրով շատ շտապ մեկնի Ադրբեջան, օրակարգն էլ պարզ չէ, միգուցէ դրա հետ է կապւած»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա:

Յիշեցնենք, որ երէկւանից Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած Քաշաթաղի (Լաչին) շրջանում մեկնարկել են ադրբեջանական կողմի զօրավարժութիւնները:

Թեւան Պօղոսեանի խօսքով՝ Ադրբեջանը յստակ նպատակ է դրել իր առաջ եւ գնում է այդ նպատակի իրականացմանը. «Մեր հարցն է մնում, թէ մենք ոնց ենք դրան վերաբերւում, սկսած նրանից, թէ ինչպէս ենք քաղաքական ձեւակերպում տալիս՝ որտե՞ղ է Ադրբեջանը զօրավարժութիւններ անում, արդեօ՞ք նշւում է՝ Արցախի Հանրապետութեան Բերձորի տարածաշրջան, որը օկուպացւած է Ադրբեջանի զօրքերի կողմից: Եթէ այդպէս ենք մեր մտահոգութիւնները յայտնելու, դա կը լինի ճիշտ մօտեցում ապագայի համար, նաեւ՝ իրաւական ձեւակերպման շրջանակներում»:

Դիտարկմանը՝ դէ, եթէ Գորիս-Կապան ճանապարհահատւածի մասին իշխանութիւններն ասում են, որ ադրբեջանական տարածք է, նա այդպէս արձագանգեց. «Ամենահետաքրքիրն այն է, որ այդ նախադասութեանը որեւէ կերպ չեն արձագանգում, բայց այսօր ԱԺ պաշտպանութեան յանձնաժողովի նիստի ժամանակ հարցին, որը մտահոգութիւն է մարդու, ով ապրում է Կապանում, եւ Կապանի անվտանգութեան մասին հարց է, իշխանութիւնները պատասխանում են, թէ՝ այ, դուք որ այսպիսի հարց էք տալիս, Ադրբեջանը… Եթէ հարց է առաջանում, պետական համակարգը պէտք է հասկանայ, որ իր մեղքի բաժինը կայ, հանրութեանը նախօրօք չի իրազեկել: Լաւագոյն կառավարութիւնը նրանք են, ովքեր ունենում են ռազմավարական հաղորդակցման համակարգ: Կայ ժողովրդավարութեան ոսկի կանոն՝ հանրութիւնն իրաւունք ունի իմանալ, իշխանութիւնը պարտաւոր է թափանցիկ եւ բաց հաշւետու լինել, եւ ամենակարեւորը՝ հիմնաւորել իր տեղեկութիւնները»:

 

Ռազմիկ Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։