Հա

Քաղաքական

20/10/2021 - 13:10

Արեւմտահայութեան խնդիրը Թուրքիայի ազգային քաղաքականութեան համատեքստում

Բանասիրական գիտութիւնների դոկտոր, «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի» տնօրէն Հայկազուն Ալւրցեանի զեկոյցը Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակին նւիրւած «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովում: 

«alikonline.ir» - Բանասիրական գիտութիւնների դոկտոր, «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի» տնօրէն Հայկազուն Ալւրցեանի զեկոյցը Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակին նւիրւած «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովում: 

Խօսելով 1923 թւականից յետոյ Թուրքիայում բնակւող փոքրամասնութիւնների մասին՝ նախ պէտք է մեկնել այն իրողութիւնից, որ Լօզանի պայմանագրով Թուրքիայի Հանրապետութեան ստանձնած պարտաւորութիւնների շրջանակում ազգերի իրաւունքների հարց չէր արծարծւում, քանզի, բացի թուրքերից, այլ ազգերի մասին պայմանագրում չէր յիշատակւում:

Փաստօրէն Լօզանի դաշնագրով Թուրքիայի համար փոխւեց ազգային-կրօնական փոքրամասնութիւն հասկացութեան բուն բովանդակութիւնը: Ճիշտ է, Թուրքիան թէեւ նոյն դաշնագրով ստիպւած էր ընդունել երեք ազգերի՝ հայերի, յոյների եւ հրեաների՝ կրօնական համայնք լինելու հանգամանքը, բայց միւս բոլոր իսլամադաւան ժողովուրդները՝ քրդեր, չերքեզներ, լազեր, թաթարներ, թուրքմեններ, զազաներ, բոշնաղներ, արաբներ, կարափափախներ, սուդանցիներ, ղրղըզներ, աբխազներ, օսեր, բոշաներ, նաեւ՝ իսլամացած վրացիներ, յոյներ եւ հայեր (ներառեալ՝ համշէնհայերը), ալեւիներ, ոչ մահմեդական եզդիներ եւ այլ մեծ ու փոքր էթնոկրօնական խմբեր չճանաչւեցին փոքրամասնութիւն, այսինքն՝ համարւեցին թուրք: Ըստ էութեան՝ սրանք այն փաստական (ստեղծւված իրավիճակը) եւ, յատկապէս, միջազգայնօրէն ճանաչւած իրաւական (Լօզանի դաշնագիրը) հիմքերն էին, որոնց վրայ ձեւակերպւեց նորաստեղծ հանրապետութեան սահմանադրութեան թիւ 66 յօդւածը, ըստ որի՝ «Թուրքիայի պետութեան հետ քաղաքացիական կապով կապւած ամէն ոք թուրք է»: Այսինքն՝ օրէնքով ամրագրւեց, որ Թուրքիայի բոլոր քաղաքացիները թուրքեր են, ինչից էլ բխելու էր միւս ազգերի եւ ժողովուրդների նկատմամբ գործադրւելիք քաղաքականութիւնը:

Հանրապետութեան հռչակումից յետոյ Թուրքիայի խշխանութիւնները ծրագրեցին եւ հետեւողականօրէն գործադրեցին երկրում բնակւող այլալեզու եւ այլակրօն ժողովուրդների ձուլման քաղաքականութիւն, որը տարբեր դրսեւորումներով շարունակւում է առ այսօր:

Թուրքիայի ղեկավարութիւնն այս նպատակի վերջնական իրագործման համար պատրաստ էր ամէն քայլի: Այս առումով ծրագրային կարելի է համարել Թուրքիայի վարչապետ, հետագայում նախագահ Իսմէթ Ինոնիւի՝ 1925թ. մի ելոյթում հնչած հետեւեալ միտքը. «Մենք բացայայտ ազգայնականներ ենք: Ազգայնականութիւնը մեզ միաւորած միակ պատճառն է: Թուրք մեծամասնութեան կողքին միւս տարրերը ոչ մի ազդեցութիւն չունեն: Ինչ գնով ուզում է լինի, մենք թրքացնելու ենք մեր երկրում ապրողներին, իսկ թուրքերի եւ թրքականութեան դէմ դուրս եկողներին` ոչնչացնելու»(1):

Իսկ Թուրքիայի Հանրապետութեան արդարադատութեան նախարար Մահմութ Էսադի 1930 թ. ելոյթում հնչած հետեւեալ միտքը իր լկտիութեամբ եւ այլամերժութեամբ թերեւս բացառիկ է. «Մենք ապրում ենք ամենաազատ երկրում` Թուրքիայում, որտեղ թուրքը այս երկրի միակ տէրն ու տիրակալն է: Մարդիկ, ովքեր ծագումով մաքուր թուրքեր չեն, այս երկրում ունեն միայն ստրուկ, ճորտ լինելու իրաւունք(2)»:

Այն, որ Մուստաֆա Քեմալը շարունակեց երիտթուրքերի ազգային քաղաքականութիւնը, զարմանալի չէ, քանի որ ինքը եւ իր կառավարութեան գրեթէ բոլոր անդամները երիտթուրքեր էին:

30-ական թթ: Ժողովուրդների թուրքացման ու իսլամացման քաղաքականութիւնը կիրառւում էր հասարակական կեանքի բոլոր բնագաւառներում անխտիր: Ըստ թուրք պատմաբան Բասքըն Օրանի` «Հանրապետութեան էթնոկրօնական ճարտարապետութեան հանդէպ քաղաքականութիւնը մշտապէս ուղղւած է եղել 2 նպատակի.

ա) «Ազատւել ոչ մահմեդականներից, քանի որ տարբեր կրօններ դաւանելու պատճառով չէին կարող ուծացւել:

բ) Ձուլել քրդերին եւ ոչ թուրք միւս մահմեդական խմբերին»(3):

Այս ծրագիրը ենթադրում էր օսմանցուն փոխարինած թուրքի նոր ինքնութեան կերտում, որին էլ ուղղւեցին կառավարութեան հիմնական միջոցներն ու ջանքերը: Այդ նպատակի իրականացման համար յատկապէս կարեւորւում էին.

1. Կրթութիւնը, գիտութիւնն ու քարոզչութիւնը:

2. Ազգային-հասարակական եւ սոցիալ-տնտեսական կեանքում թուրք տարրի գերակայութիւնն ամրակայող օրէնքների ընդունումը:

Առաջին ոլորտում նշենք մի քանի սկզբունքային միջոցառումներ.

ա. Առաջին քայլը, ինչպէս նշւեց վերեւում, երկրի ողջ բնակչութեանը սահմանադրութեամբ թուրք հռչակելն էր:

բ. Արաբական այբուբենից անցում լատինականին (սրանով լուծւում էր նաեւ կարեւորագոյն խնդիր. նոր սերունդները զրկւում էին սեփական երկրի ու ժողովրդի պատմութեանն ինքնուրոյն կերպով ծանօթանալու հնարաւորութիւնից):

գ. Թուրք ազգի բացառիկութեան գիտակցութեան սերմանումը երեխաների մէջ՝ դպրոցներում ամէն օր յայտնի երդումը կրկնելու ճանապարհով

Թուրք եմ, ազնիւ եմ, աշխատասեր եմ:

Սկզբունքս` փոքրերիս պահապան լինելը, մեծերիս հաշւի առնելն է,

Հայրենիքս, ազգս անձիցս առաւել սիրելը:

Բարձրագոյն նպատակս բարձրանալ-առաջ գնալն է:

Հէ՜յ, մե՜ծ Աթաթուրք,

Երդւում եմ անդադար քայլել քո բացած ճանապարհով`

Դէպի քո կողմից մատնացոյց արւած նպատակը:

Թո՛ղ իմ գոյութիւնն ընծայւի թուրքի բարօրութեանը:

Ի՜նչ երջանիկ է նա, ով ասում է` թուրք եմ(4):

դ. Դպրոցական եւ համալսարանական կրթութեան նոր ծրագրերի, նոր դասագրքերի, յատկապէս՝ պատմութեան դասագրքերի ստեղծում:

ե. Թուրքիայի պատմութեան նորովի շարադրում, որը միակ պաշտօնական աղբիւրն էր եւ պարտադիր էր բոլորի համար:

Բնակչութեան թրքացումից ոչ պակաս կարեւոր էր երկրի թրքացումը, այսինքն՝ հայկական, յունական եւ ասորական տեղանունների փոփոխութիւնը. այն սկսւեց 1928 թ. եւ շարունակւում է նաեւ մեր օրերում: Միայն Արեւմտեան Հայաստանում, Փոքր Հայքում, Կիլիկիայում, Պոնտոսում եւ յարակից հայաբնակ այլ վայրերում փոխւեց մօտ 10 հազար բնիկ հայկական տեղանուն: Մի քանի տարին մէկ տպագրւող քարտէզներն իրարից տարբերւում էին անճանաչելիութեան չափ:

Այժմ տեսնենք, թէ ոչ մահմեդականներից ազատւելու գործընթացն ինչպէս ընթացաւ: Առաջին քայլերն ուղղւած էին բոլոր քրիստոնեաներին պետական, հասարակական կեանքից օտարելուն. 1926 թ. Պաշտօնէութեան մասին ընդունւած` թիւ 788 օրէնքի («Մեմուրին քանունու») 4-րդ յօդւածի համաձայն` հանրային ոլորտի պաշտօնեաները պէտք է լինէին թուրքեր: Միւս ազգերից կարելի էր ընդունել միայն նրանց, ովքեր համաձայն էին իսլամանալու-թրքանալու: Սա թերեւս առաջին բացայայտ խտրական օրէնքն էր, որը շատերին պէտք է ստիպէր կամ հեռանալ երկրից, կամ ձուլւել:

Յաջորդ զանգւածային միջոցառումը 1929 թ. մի շարք նահանգներից (Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա եւ այլն) հայերին պարտադրւած արտագաղթն էր. 1929-1930 թթ. այս նահանգներից աւելի քան 6.000 հայեր գաղթեցին Սիրիա: Մէկ պարտադրւած արտագաղթ էլ կազմակերպւեց 1934 թ., այս անգամ՝ երկրի խորքերից դէպի Ստամբուլ:

1939 թ. Ալեքսանդրեթի նահանգը պոկւեց Սիրիայից եւ կցւեց Թուրքիային: Կիլիկիայի հայերի մի զգալի մասը՝ 35.000 մարդ, որ փրկւել էր կոտորածներից եւ հաստատւել այդ նահանգում, նորից ստիպւած էր հեռանալ երկրից:

Այսպիսի զանգւածային արտագաղթերի միջեւ ընկած ժամանակահատւածներում ճնշումների հետեւանքով բազմաթիւ հայեր ստիպւած էին ընդունել իսլամ, իսկ ովքեր չէին համակերպւում, հեռանում էին կամ Ստամբուլ, կամ արտասահման:

1940-ական թւականներ: Քեմալ Աթաթուրքի մահւանից յետոյ (1938 թ.) իշխա-նութեան եկած Իսմէթ Ինոնիւի իշխանութեան քաղաքական ուղղւածութեան մասին լաւագոյնս վկայում է 1943 թ. Գերմանիայից Թալէաթի աճիւնի տեղափոխումը Թուրքիա: Սա հայերի եւ, ընդհանրապէս, միւս փոքրամասնութիւնների նկատմամբ վարւող քաղաքականութեան մասին յստակ ազդարարութիւն էր:

Այս շրջանից յատկապէս պէտք է նշել զինակոչին, հարկային եւ լեզւական քաղաքականութեանն առնչւող օրէնքները:

1941 թ. մայիսին, երբ գրեթէ ողջ Եւրոպան յայտնւել էր Գերմանիայի տիրապետութեան տակ, եւ ակնյայտ էր, որ նախապատրաստւում էր ԽՍՀՄ-ի վրայ յարձակում, Գերմանիայի դաշնակից Թուրքիան ընդունեց զինակոչի մասին յատուկ օրէնք, որով 25-45 տարեկան բոլոր հայերը, հրեաներն ու յոյները զօրակոչւեցին բանակ: Այն կոչւեց 20 դասակարգի զինակոչ: Զօրակոչն անցկացւեց առանց զգուշացնելու եւ աւարտւեց երկու օրւայ ընթացքում, ինչը խօսում է նախապատրաստական գաղտնի աշխատանքների մեծ ծաւալի մասին: Մարդկանց հաւաքում էին տներից, գործատեղերից, փողոցներից: Շատերը ծառայել էին բանակում, որոշների համար էլ դա երրորդ զօրակոչն էր: Այս զօրակոչը յիշեցնում է Առաջին աշխարհամարտի ժամանակ յատկապէս հայերին (18-45 տարեկան) զօրակոչելու եւ դաւադիր կերպով ոչնչացնելու ծրագիրը: Այս անգամ եւս հայերն ուղարկւեցին բանւորական գումարտակներ՝ քարհանքերում աշխատելու կամ ճանապարհներ կառուցելու (յոյներին եւ հրեաներին ուղարկեցին կատարելու այլեւայլ աշխատանքներ, բայց ոչ բանւորական գումարտակներ): Սա եւս մի յաւելեալ ապացոյց է, որ հայերի նկատմամբ վերաբերմունքն էականօրէն տարբերւում էր միւս փոքրամասնութիւնների նկատմամբ վերաբերմունքից:

Այս մարդիկ ստոյգ մահւանից ազատւեցին միայն արեւելեան ճակատում իրավիճակի փոփոխութեամբ: Ու թէեւ նրանք փրկւեցին ստոյգ մահւանից, բայց զօրացրումից յետոյ շատերն արտագաղթեցին:

Տնտեսական ոլորտում պէտք է առանձնացնել ունեւորութեան հարկի մասին օրէնքը (Varlık Vergisi), որն ընդունւեց 1942 թ. նոյեմբերին եւ գործադրւեց ամենայն խստութեամբ ու հետեւողականութեամբ: Ըստ այս օրէնքի՝ «...թուրք առեւտրականը պէտք է վճարէր իր տարեկան եկամտի 4.74 տոկոսը, յոյնը՝ 150 տոկոսը, հրեան՝ 179 տոկոսը, իսկ հայը՝ 232 տոկոսը. այսինքն՝ յոյները, թուրքերի համեմատութեամբ, վճարում էին 31 անգամ աւելի, հրեաները՝ 36 անգամ, հայերը՝ 47 անգամ»(5): Օրէնքի 11-րդ յօդւածով՝ նշանակւած հարկի դէմ հարկատուներն առարկելու իրաւունք չունէին: Աւելին՝ այն չկատարողներին սպառնում էր խիստ պատիժ, որն էլ, ըստ էութեան, օրէնքի բուն նպատակն էր:

Կառավարութիւնը յստակ գիտէր, որ հայերը, յոյներն ու հրեաները չէին կարող կատարել հարկային նման պարտականութիւնները: Եւ ահա շատ չանցած սկսւում են «օրինազանցների» դէմ պատժամիջոցները, ինչն էլ օրէնքի բուն նպատակն էր: Հարկ է նշել, որ կրօնափոխների կամ օրէնքի գործադրութեան ընթացքում իսլամ ընդունողների հարկի չափը կրկնակի քիչ էր:

Ովքեր չկարողացան վճարել հարկերը, նրանց ունեցւածքը աճուրդով վաճառւեց: Նրանք, ում ունեցւածքի վաճառքից գոյացած գումարը չէր բաւարարում հարկի պարտքը փակելուն, աքսորւեցին Աշքալէի գաւառ՝ քարհանքերում տաժանակիր աշխատանքի կամ Կարինից Սեբաստիա ճանապարհներ կառուցելու. նոյնիսկ աքսորավայր հասնելու ծախսը գանձւում էր աքսորւողից: Շատերը զոհւեցին աքսորավայրերում:

Ունեւորութեան հարկի մասին օրէնքը չեղեալ յայտարարւեց 1944 թ. մարտին, երբ Երկրորդ աշխարհամարտի ելքը գործնականում վճռւած էր, եւ Թուրքիայի դաշնակից Գերմանիան պարտութեան եզրին էր:

Փոքրամասնութիւնների դէմ ուղղւած յաջորդ քայլը 1942 թ. իշխանութիւնների նախաձեռնութեամբ սկիզբ առած «Քաղաքացի´, խօսի´ր թուրքերէն» շարժումն էր: Ազգայնամոլների խմբերն այս սպառնալից կոչով անցնում էին փոքրամասնութիւնների բնակավայրերով, թաղերով՝ տարածելով ահ ու սարսափ: Անասելի տառապանքներ տեսած մարդկանցից շատերի վրայ այս շարժումը թողեց ակնկալւած ազդեցութիւնը. փոքրամասնութիւնների լեզուներն աստիճանաբար դուրս էին մղւում գործածութիւնից, քանզի մայրենի լեզւով հասարակական վայրերում խօսելը դիտւում էր թուրքի նկատմամբ անյարգալից վերաբերմունք եւ յաճախ ողբերգական հետեւանք էր ունենում:

Իշխանութիւնները լաւ գիտէին, որ հայերի (եւ, ընդհանրապէս, քրիստոնեաների) ինքնութեան պահպանման գործում եկեղեցին ունէր անփոխարինել դեր, ուստի հայերի ձուլման կամ երկրից վտարման ծրագրի մէջ առանձնայատուկ նշանակութիւն էին տւել հայկական եկեղեցիների եւ վանքերի ոչնչացմանը եւ հոգեւորականների գործունէութեանն ամէն կերպ խոչընդոտելուն: Ըստ 1914 թ. գրանցումների` օսմանեան պետութիւնում հայերն ունեցել են 2538 եկեղեցի, 451 վանք եւ 2 հազար դպրոց, որոնցից այսօր կանգուն են մի քանի տասնեակը, այն էլ՝ հիմնականում Կ. Պոլսում:

Թուրքիան կարողացաւ օգտագործել ինչպէս առաջին, այնպէս էլ երկրորդ աշխարհամարտերի ընձեռած հնարաւորութիւնները՝ միատարր երկիր ստեղծելու համար: Բազմաթիւ հայեր, յոյներ, ասորիներ եւ հրեաներ լքեցին երկիրը, մնացողների զգալի մասն էլ իսլամացաւ: 1923 թ. դրութեամբ քրիստոնեայ հայերի թիւը եղել է մօտ 400 հազար, որի կէսը՝ մօտ 200 հազարը՝ գաւառներում, կէսը՝ Ստամբուլում:

Իշխանութիւնների վարած քաղաքականութեան հետեւանքով, 1940-ականների աւարտին գաւառահայութեան թիւը կտրուկ նւազել էր:

1950-ականներին այնպիսի ցնցումներ, ինչպիսիք էին տեղահանութիւնը, զօրակոչը, հարկային քաղաքականութիւնը, չարձանագրւեցին՝ բացառութեամբ 1955 թ. սեպտեմբերի 6-7-ի իրադարձութիւնների, որոնք թէեւ իշխանութիւնները փորձեցին ներկայացնել որպէս ամբոխի տարերային գործողութիւններ, սակայն ակնյայտ էր, որ կազմակերպել էին յատուկ ծառայութիւնները եւ հիմնականում ուղղւած էին յունական եւ հայկական համայնքների դէմ: Երկու օրում Ստամբուլում եւ Իզմիրում ամբոխը թալանում, ոչնչացնում է յոյների, հայերի եւ հրեաների 4348 խանութ, 110 հիւրանոց, 27 դեղատուն, 23 դպրոց, 21 գործարան, 70 եկեղեցի, 3 գերեզմանատուն, հազարաւոր տներ: Սպանւեց 16 յոյն, որոնցից 2-ը քահանայ, մէկ հայ: Բռնաբարւեցին բազմաթիւ կանայք ու աղջիկներ:

1960 թ. մարդահամարի տւեալներով Արեւմտեան Հայաստանում, Փոքր Հայքում եւ Անատոլիայի միւս գաւառներում ապրում էր 53,173 հայ (6): 1947թ. այդ թիւը կազմում էր 57,559 մարդ: Կրօնափոխ հայերը չեն ներառւած այս թւի մէջ: Ստացւում է, որ ժողովրդավարների կառավարման 13 տարում այն նւազել է 4426-ով կամ մօտ 7.5% -ով:

1960-1980-ականների դէպքերը (1960 թ, 1971 թ. եւ 1980 թ. ռազմական յեղաշրջումները) եկան փաստելու, որ անգամ կիսատ-պռատ ժողովրդավարութեանը Թուրքիան պատրաստ չէ: 1960 թ. զօրավար Գիւրսէլի գլխաւորութեամբ ռազմական յեղաշրջումը վերահաստատեց բռնապետական համակարգը Թուրքիայում: Ի դերեւ ելան ազգային փոքրամասնութիւնների եւ թուրք հասարակութեան որոշ շրջանակների յոյսերը ակնկալւող բարեփոխութիւնների հարցում: Այստեղ միայն փաստենք, որ գաւառաբնակ հայութեան թիւը, ըստ ժամանակի Թուրքիոյ հայոց պատրիարք Շնորհք Գալուստեանի, տասը տարում (1960-1970) պակասեց աւելի քան կիսով չափ` հասնելով շուրջ 25 հազարի:

Արդի վիճակը: Այսօր կարող ենք փաստել, որ Թուրքիայի իշխանութիւնները, չնայած գործադրած մեծ ջանքերին եւ պետականօրէն ծրագրւած եւ իրականացւած աննախադէպ յանցագործութիւններին, ոչ ցեղասպանութեան, ոչ ձուլման ճանապարհով չկարողացան «լուծել» ազգային հարցը: Էթնոկրօնական տեսակէտից Թուրքիան միատարրութիւնից շատ է հեռու, ինչպիսին փորձում է ներկայանալ թէ երկրի ներսում, թէ, առաւել եւս, միջազգային հանրութեանը: Վերջին տարիներին հեղինակաւոր միջազգային կազմակերպութիւնների անցկացրած հարցումների տւեալներով Թուրքիայի բնակչութեան շուրջ կէսը(7) իրեն թուրք չի համարում: Այդ բազմամիլիոնանոց զանգւածը, բնականաբար, միատարր չէ նաեւ լեզւական առումով. Թուրքիայում բնակւող ժողովուրդները խօսում են 36 լեզւով (8): Սակայն մէկ ազգ-մէկ լեզու հիմնահարցը Թուրքիայի ներքաղաքական օրակարգում չի կորցրել իր արդիականութիւնը. 2009թ. մարտ ամսին Հաքքարիում դարձեալ վարչապետ, հետագայում դարձեալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ միտքը բանաձեւեց առաւել համառօտ. «Մէկ լեզու, մէկ ազգութիւն. ով որ չի հաւանում, կը թողնի-կը գնայ»(9):

Կարծում եմ՝ բոլորին, յատկապէս հայերին, պարզ է, թէ «կը թողնի-կը գնայ» արտայայտութիւնն իրականում ինչ բովանդակութիւն ունի, որի յիշեցումով թուրքական իշխանութիւնները թիրախաւորում են մի քանի նպատակ, որոնցից հիմնականը փոքրամասնութիւնների մէջ ինքնութեան վերադարձի՝ նկատւող զարթօնքը խեղդելն է: Տւեալ հարցում հայերին (ներառեալ՝ իսլամացւածներին) թիրախ դարձնելը պայմանաւորւած է հայ-թուրքական յարաբերութիւններով, ինչն այսօր նորանոր երանգներ է ստանում մի կողմից` Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման պահանջի, միւս կողմից` Թուրքիայի իշխանութիւնների ժխտողական քաղաքականութեան, երրորդ կողմից՝ արեւմտահայութեան ազգային զարթօնքի դրսեւորումներով:

 

___________________________________________________________

1. Օքթայ Բարան, Իսմէթ Ինոնիւն, քեմալիզմը եւ ժողովրդավարութիւնը www.noravank.am
2. Տե´ս նաեւ «Ակօս», 29. 05. 2009:
3. Գեղամեան Ս., Թուրքիայի ազգային բուրժուազիան երկրի տնտեսական եւ սոցիալ-քաղաքական կեանքում` 1945-50 թթ., «Դրօշակ», 1989, փետրւար, էջ 31:
4. Կիրակոսեան Ջ., Երիտթուրքերը պատմութեան դատաստանի առաջ, հտ. 2, Երեւան, 1983, էջ 445:
4. Այն դպրոցներից հանւեց 2013 թ.:
7. Հայ Դատն այսօր, Թեհրան, 2005, էջ 46
8. Թուրքիայում խօսւող լեզուներին եւ աշխարհի բոլոր լեզուներին նւիրւած մի համապարփակ ուսումնասիրութիւն հրապարակած www.ethnologue.com-ի` Թուրքիայի մասին զեկուցման համաձայն` Թուրքիայում խօսում են 36 լեզւով` թուրքերէնը ներառեալ:
9. Milliyet օրաթերթ, 13.03.2009:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։