Հա

Քաղաքական

21/10/2021 - 11:10

«Պատերազմին Յունաստանի ԱԳ նախարարի այցը միայն Հայաստան եւ բացայայտ զօրակցութիւնը առայսօր կապիտալացւած չէ»․ Քերոբ Էքիզեան

Սփիւռքի հայերը հայրենազուրկ են դարձել նոյն թշնամու ձեռքով, որն այսօր կանգնած է Հայաստանի սահմանին եւ փորձում է գրաւել՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Յունաստանի «Ազատ օր» պարբերականի գլխաւոր խմբագիր Քերոբ Էքիզեանը։

«alikonline.ir» - Սփիւռքի հայերը հայրենազուրկ են դարձել նոյն թշնամու ձեռքով, որն այսօր կանգնած է Հայաստանի սահմանին եւ փորձում է գրաւել՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Յունաստանի «Ազատ օր» պարբերականի գլխաւոր խմբագիր Քերոբ Էքիզեանը։

«Մեզ համար սա կարեւոր մտահոգութիւն է եւ ամէն օր հետեւում ենք այս ամբողջ զարգացումներին։ Մենք՝ աւելի, որովհետեւ Յունաստանը եւ յոյն ժողովուրդը նոյն թշնամուց են տուժել։ Վստահեցնում եմ, որ նոյն զգայունութիւնը, որ մենք ունենք որպէս հայ մեր հայրենիքի հանդէպ, նաեւ յոյներն ունեն իրենց հայրենիքի համար, որովհետեւ նոյն նկրտումները նաեւ թուրքն ունի իր կողմից Յունաստանի համար»,-ասաց Քերոբ Էքիզեանը։  

Յունաստանն ու Հայաստանն աւանդաբար դաշնակիցներ են եղել՝ նշեց նա, պատմական բարեկամութիւնից մինչեւ Հայաստանի անկախութեան շրջանում շարունակւածը։ Բայց վերջին տարիներին նա նկատել է, որ այդ ներուժը, որ Յունաստանը կարող է տալ, տկար է կիրառւում։

«Ես սպասում էի, որ Հայաստան պետութիւնը էլ աւելի զօրաւոր ու ցցուն քայլերի կը դիմւր, որպէսզի Հայաստանն ապահովի Յունաստանի զօրակցութիւնը։ Որքան էլ քաղաքականութիւնը տիրող լինի միջազգային յարաբերութիւններում, որքան էլ որ ազգերի միջեւ յարաբերութիւնների նրբութիւններ տեղի ունենան, երբեք չպէտք է մտահան անենք, որ Յունաստանը մեզ համար շատ կարեւոր դաշնակից է»,- նշեց Քերոբ Էքիզեանը։

Նա յիշեցրեց, որ անցեալ տարի Արցախում 44-օրեայ պատերազմի առաջին օրերին Յունաստանի արտաքին գործերի նախարարը միակ նախարարն էր, որ այցելեց Հայաստան, եւ բացայայտ կերպով իր զօրակցութիւնը յայտնեց հայութեանը։

«Այլ պարագաներում պիտի սպասւէր, որ նոյն այցելութիւնը միաժամանակ նաեւ կատարէր Բաքու՝ հաւասարակշռութիւնը պահելու համար, բայց նա դա չարեց․ ինքը միայն բաւարարւեց Հայաստանով՝ ցոյց տալով նաեւ Յունաստանի կողմնորոշումը Հայաստանի դիմաց»,- յիշեցրեց նա։

Յունաստանի այս քայլը, սակայն մինչը այսօր կապիտալացւած չէ՝ ընդգծեց Քերոբ Էքիզեանը։

«Չմոռանանք նաեւ, որ Ադրբեջանը բաւական սերտ կապեր է փորձել ունենալ Յունաստանի հետ մանաւանդ գազի խնդրով։ Հայաստանը պէտք է հակադարձի, ինքն աւելի գերիշխող լինի, տիրապետող լինի իր յարաբերութիւնների զարգացման ոլորտում, քան թէ Ադրբեջանը։ Բարեբախտաբար, վերջին տարիներին ադրբեջանական այս թափանցումը կասեցւած է, քանի որ նաեւ ձախողումներ եղան յունական գազի ընկերութեան գնումի ճամբով  ազերիների կողմից, բայցեւայնպէս այսօր կայ զօրաւոր քարոզչութիւն ադրբեջանցիների կողմից Յունաստանի մէջ, որպէսզի իրենց քարոզչութիւնը, քաղաքական տեսակէտները տարածւեն եւ որպէս ճշմարտութիւն ընդունւեն Յունաստանի կողմից։ Մեր պետութիւնը այս ամէնը պարտաւոր է անել աւելի զօրաւոր կերպով։ Վստահեցնում եմ, որ յունահայ գաղութը դա անում է տարիներ, տասնամեակներ ի վեր, բայց Հայաստան պետութեան կողմից ճշմարտութեան ներկայացումը յունական հասարակութեան մէջ իր յատուկ նշանակութիւնն ունի»,- ասաց Քերոբ Էքիզեանը։

Նա համոզւած է, որ Հայաստանի այսօրւայ իշխանութիւնների վարած քաղաքականութիւնն այնքան վտանգաւոր է, այնքան հակապետական է, որ բացայայտ է, մեծ վերլուծութիւնների ու խորաթափանց քննարկումների կարիք չկայ դա հասկանալու համար։

Նրանց համար յաջորդ մեծ մտահոգութիւնը հայ-թուրքական մերձեցման խնդիրն է։

«Այսօր չենք կարող դիւրութեամբ ընդունել հայ-թուրքական մերձեցումը, ասելով՝ առանց նախապայմանի, առանց որեւէ խնդրի մենք այսօր պատրաստ ենք խօսելու՝ ի շահ համակեցութեան։ Այս ամէնը մեր մտահոգ զանգւածի խօսակցութեան առարկան է եւ այդ մտահոգութիւններն, անշուշտ, փոխանցւում են մեզ։ Մենք էլ այս ամէնն արտացոլում ենք մեր մամուլում»,- նշեց Քերոբ Էքիզեանը։

Աւելի քան 10 տարի առաջ Յունաստանում եւս վարկած էր առաջ քաշւել, որ հաշտւեն Թուրքիայի հետ եւ համակեցութեան մթնոլորտի մէջ գոյատեւեն։ Այդ վարկածն այնքան շատ էին փորձում ներմուծել ժողովրդի գիտակցութեան մէջ, որ վտանգաւոր խնդիրներ առաջացան՝ ասաց նա․ փորձեցին փոխել, այլանդակել պատմական իրողութիւնները, օրինակ, «Իզմիրի աղէտը» յունարէն գրքերում յանկարծ վերափոխւեց «Իզմիրի խճողումը» ձեւակերպման։ Այս իրավիճակը յիշեցրեց հայոց պատմութեան դասագրքերում թուրքի՝ իբրեւ թշնամու, կերպարը վերափոխելու մերօրեայ փորձերին։ Յունաստանում այս փորձառութիւնը ապագայ չունեցաւ։

Հայաստանը պէտք է օգտագործէր իր հնարաւորութիւնները տարածաշրջանային մի շարք ուժերի հետ, որոնք այսօր որեւէ շահ չունեն թուրք-ադրբեջանական տանդեմից՝ նշեք Քերոբ Էքիզեանը։

«Ես յիշում եմ անցեալում, որ Յունաստանին էլ եղած էր թելադրանք, որ Իրանի հետ իր կապերն աւելի սերտացնի։ Հետեւաբար, ես տեսնում եմ, որ Հայաստանը որպէս պետութիւն պէտք է նաեւ յուշէր Յունաստանին, որ նա էլ Իրանի հետ կապ ստեղծելու հնարաւորութիւն պէտք է լինի։ Իհարկէ, պէտք է նաեւ նկատի ունենալ Յունաստանի նրբութիւնները, որ վերջերս շատ սերտ յարաբերութիւններ է ստեղծել Իսրայէլի հետ, եւ գիտենք, թէ Իսրայէլը որքան հակադրւած է Իրանին, բայց նոյնիսկ այս նրբութիւնները նկատի ունենալով՝ ես կարծում եմ, որ Հայաստան պետութիւնը պէտք է այդ ճամբան բանայ եւ Յունաստանին եւս տայ այդ առիթը, որպէսզի ստեղծւի մի գիծ, որ կներառի այդ երկրների գործակցութիւնը եւ Հայաստանին դաշնակից լինելու իրական ձեւը»,- ասաց նա։

Քերոբ Էքիզեանը նկատեց, որ այլ հարց է Հայաստան-Յունաստան-Կիպրոս համագործակցութեան ձեւաչափը․ բայց դա այսօր բոլորովին մի կողմ է մնացել, մինդեռ այդ ձեւաչափը կարող է աւելի խորանալ այլ երկրների ընդգրկումով։

 

Աննա Բալեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։