Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն երէկ՝ հոկտեմբերի 21-ին, ընդունեց 1921 թ. Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակին նւիրւած՝ «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցներին։
«alikonline.ir» - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն երէկ՝ հոկտեմբերի 21-ին, ընդունեց 1921 թ. Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակին նւիրւած՝ «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցներին։ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը ներկայ էին գիտաժողովի հայ եւ օտարազգի զեկուցաբերները, նախաձեռնող հաստատութիւնների ներկայացուցիչները, որոնց թւում էին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանը, Վիկտոր Նադէին-Ռաեւսկին (ՌԴ), Էմի Աուստին Հոլմսը (ԱՄՆ), Եղիա Թաշճեանը (Լիբանան), Իոննիս Մազիսը (Յունաստան) եւ այլք:
Հայոց Հայրապետն իր օրհնութիւնը փոխանցեց գիտաժողովի մասնակիցներին, գոհունակութեան խօսք ասաց եւ վերստին կարեւորեց գիտաժողովի անցկացումը: Վեհափառը մանրամասներ յայտնեց Վատիկանում եւ Մոսկւայում իր հանդիպումների մասին՝ տեղեկացնելով, որ Մոսկւայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ, որին մասնակցել են նաեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդները, բարձրացրել է գերիների վերադարձին, Արցախի պատմամշակութային յուշարձանների պահպանութեանը եւ այլնի առնչւող հարցեր:
Մոսկւայի պատւիրակ Վիկտոր Նադէին-Ռաեւսկին, անդրադառնալով 1921 թ. Մոսկւայի պայմանագրին, նշեց, որ այն իսկապէս անարդար է եղել:
Յոյն պատւիրակը շնորակալութիւն յայտնեց Վեհափառ Հայրապետին ընդունելութեան համար: Անդրադարձ կատարւեց հայ եւ յոյն ժողովուրդների եղբայրական յարաբերութիւններին: Իոննիս Մազիսը նշեց, որ հայերը եւ յոյները բարեկամ ժողովուրդներ են, եւ ի դէմս յոյն ժողովրդի՝ հայերը ունեն 12 մլն եղբայրներ:
Կաթողիկոսի հետ հանդիպումից յետոյ գիտաժողովի պատւիրակութիւնը թանգարանային շրջայց կատարեց Վեհարանի «Ոսկեդարան» ցուցասրահում եւ «Ալեք եւ Մարի Մանուկեան» գանձատանը: Հայոց հոգեւոր կենտրոն ժամանած՝ գիտաժողովի մասնակիցները ծանօթացան Մայր Աթոռի թանգարաններում պահւող սրբութիւններին ու հոգեւոր-մշակութային ժառանգութեանը:
Յիշեցնենք, որ «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նւիրւած 1921 թ. Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակին, մեկնարկեց հոկտեմբերի 19-ին ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայում:
Գիտաժողովի կազմակերպիչներն էին ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ արեւելագիտութեան ինստիտուտը, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայ Դատի կենտրոնական խորհուրդը, «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն» գիտահետազօտական հիմնադրամը: Գիտաժողովին ներկայ էին անւանի պատմաբաններ, հայաստանեան եւ միջազգային փորձագէտներ, հետազօտողներ, ՀՀ ԳԱԱ գիտաշխատողներ, ՀՀ ԳԱԱ արտասահմանեան անդամներ:
Լիանա Սարգսեան