Հա

Քաղաքական

25/10/2021 - 12:40

Տարածաշրջանային «ապաշրջափակման» տնտեսական ռիսկերը եւ հնարաւոր հետեւանքները

Տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը համաշխարհային արդի միտում է։ Այն կարող է ապահովել տնտեսական լրացուցիչ արդիւնքներ տարածաշրջանի երկրների համար, եթէ այդ գործընթացները հասունանում եւ զարգանում են բոլոր մասնակիցների ազգային շահերի փոխհամաձայնեցւած հիմքով, այլ ոչ թէ մէկի կամ երկուսի պարտադրանքով։

ԹԱԴԷՈՍ ԱՒԵՏԻՍԵԱՆ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

 

Տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը համաշխարհային արդի միտում է։ Այն կարող է ապահովել տնտեսական լրացուցիչ արդիւնքներ տարածաշրջանի երկրների համար, եթէ այդ գործընթացները հասունանում եւ զարգանում են բոլոր մասնակիցների ազգային շահերի փոխհամաձայնեցւած հիմքով, այլ ոչ թէ մէկի կամ երկուսի պարտադրանքով։

Փաստ է, որ ԽՍՀՄ փլուզումից յետոյ՝ մինչեւ 44-օրեայ պատերազմը եւ Հայաստանի իշխանութիւնների խայտառակ պարտութիւնը Հայաստանի հարեւան երկու երկրները նաեւ տնտեսական շրջափակման միջոցով էին փորձում առաջ մղել իրենց ազգային շահերը։

Հիմա, երբ ունեն ռազմական յաջողութիւններ ու դոմինանտութիւն, իսկ Հայաստանը գտնւում է անվտանգային եւ սոցիալ-տնտեսական ծանր մարտահրաւէրների առջեւ, թուրք-ադրբեջանական տանդեմը պարտադրում է ապաշրջափակում՝ որպէս իրենց ազգային շահերի առաջ մղման յաջորդ փուլ։

Այս համատեքստում յատկանշական է նաեւ, որ վերջին ընտրութիւններից յետոյ Հայաստանի գործող իշխանութիւնը եւս իր հնգամեայ ծրագրում ձեւակերպել է տարածաշրջանի ապաշրջափակման նպատակադրումը՝ որպէս մեր երկրի փոխշահաւէտ գոյակցութեան հիմք՝ ակնկալելով նաեւ Թուրքիայի ու Ադրբեջանի կառուցողական դիրքորոշումը։

Տարածաշրջանային զարգացումների ներկայ փուլում այս նպատակադրումը՝

- հակադրւում է Հայաստանի եւ Արցախի ընթացիկ տնտեսական շահերին,

- ամենակարճ ճանապարհն է տնտեսական մեթոդներով թուրքական ազդեցութիւնը մեր տարածաշրջանում անսահման տարածելու համար,

- անխուսափելիօրէն յանգեցնելու է ինքնիշխանութեան եւ պետականութեան անդառնալի կորուստների՝ հայկական երկու պետութիւնների տնտեսական համակարգի թուրքացմանը համաքայլ,

- միւս կողմից՝ այս նպատակադրումը թուրք-ադրբեջանական ռազմավարական շահերի կենտրոնում է, աւելին՝ դարձել է առաջնային, օր առաջ եւ ամէն գնով, ներառեալ ռազմական ուժի կիրառման սպառնալիքով, իրագործման ենթակայ,

- անխօս՝ ունի ոչ միայն կառուցողական վերաբերմունք մեր հարեւան երկու պետութիւններում, այլեւ իրագործւում է անշեղօրէն՝ հէնց իրենց կողմից պարտադրւող սցենարով։

Հաւաքական այս գնահատումներն ունեն առարկայական խորը հիմքեր

1. Թուրքիայի ռազմավարական հեռանկարում ինքնիշխան Հայաստանն իր տնտեսական տարածքով անյաղթահարելի խոչընդոտ է։

2. Ադրբեջանի ՀՆԱ-ի շուրջ 40-45 տոկոսը նաւթի եւ գազի արդիւնահանումն է, իսկ տնտեսական համակարգն առաւելապէս կցւած է Թուրքիայի տնտեսութեանը։ Տարեկան շուրջ 18 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով արդիւնահանւող ադրբեջանական նաւթն ու գազը անփոխարինելի նիւթական հիմք են Թուրքիայի տնտեսութեան կայուն զարգացման համար՝

- էներգետիկ էժան ռեսուրսներ,

- արտահանման աճող պահանջարկ ունեցող մեծ շուկայ,

- նաւթադոլարային ներդրումներ եւ այլն։

3. Թուրքիան այլ երկրների նկատմամբ եւս ակտիւօրէն իրականացնում է տնտեսական էկսպանսիայի քաղաքականութիւն։ Առկայ են դրա յաջողւած բազմաթիւ օրինակներ՝

- էքսպանսիայի ենթարկւած երկրներում թուրքական կապիտալի եւ սեփականութեան առաջանցիկ աճ եւ դրանից բխող տնտեսական անորոշութիւններ,

- տնտեսական մեթոդներով քաղաքական կախւածութեան խորացում եւ ռիսկեր,

- տնտեսական անվտանգութեանը պատճառւած անդառնալի հետեւանքներ,

- թուրքական ծագման կապիտալի եւ գործատուների միջոցով քաղաքական կապիտալի հետեւողականօրէն ձեւաւորում ընդունող երկրներում։

4. Անկախ Հայաստանի տնտեսական համակարգը ձեւաւորւել եւ զարգացել է հարեւան երկու երկրների կողմից տնտեսական լիակատար շրջափակման պայմաններում, իսկ այդ երկրների հետ նախկինում եղած տրանսպորտային ենթակառուցւածքներն այլեւս գոյութիւն չունեն։

5. Նոր ենթակառուցւածքների ձեւաւորումը պահանջելու է ֆինանսական ահռելի ներդրումներ, որին Հայաստանի մասնակցութիւնը լինելու է աննշան՝ հաշւի առնելով ներկայ փուլում առկայ պետական բիւջէի հնարաւորութիւնները, օտարերկրեայ ներդրումների ցածր մակարդակը, առաջանցիկ աճող պետական պարտքի եւ դրա սպասարկման բեռը։ Այսինքն՝ դրանք ձեւաւորւելու եւ շահագործւելու են թուրք-ադրբեջանական կապիտալով՝ իրենց տնտեսական շահերի անվերապահ դոմինանտութեամբ։

6. Հայաստանի տնտեսական համակարգը կորցնելու է տարածաշրջանում իր համեմատական առաւելութիւններն ու հետաքրքրութիւնը, աշխարհագրական բարենպաստ դիրքը՝ հիւսիս-հարաւ հաղորդակցութիւնն ապահովելու առումով։

7. Հայաստանի տարածքով հաղորդակցութեան նոր կոմունիկացիաները ձեւաւորելու են թուրք-ադրբեջանական տնտեսական փոխսերտաճման նոր մակարդակ՝ բերելով երկարաժամկէտ նոր մարտահրաւէրներ Հայաստանի տնտեսական անվտանգութեան տեսանկիւնից։

8. Հայաստանի արտահանման հիմնական ներուժը երկարաժամկէտում ունի հետեւեալ աշխարհագրութիւնը՝ Իրան, ԵՄ եւ ԵԱՏՄ անդամ երկրներ։ Այս երկրների հետ ձեւաւորւած են նաեւ միջազգային առեւտրի որոշակի արտօնութիւններով ռեժիմներ, բարեկամական կապեր եւ ռազմավարական գործընկերութիւն։

9. Արտահանմանը միտւած հայկական արտադրանքը չունի մրցակցային առաւելութիւններ թուրքական եւ ադրբեջանական շուկաներում։ Այս երկու երկրների հետ Հայաստանի արտաքին առեւտրի անբարենպաստ հիմնական պայմաններն են՝

- արտահանման ճիւղերի բարձր համընկնումը,

- Հայաստանի արտահանող ճիւղերում համամետական բարձր ծախսերն ու տեխնոլոգիական ցածր մակարդակը,

- Հայաստանի համեմատ այդ երկրներում էներգետիկ ռեսուրսների էապէս ցածր գները, գիւղատնտեսութեանը տրամադրւող պետական սուբսիդիաների անհամեմատ մեծ ծաւալը,

- մասշտաբի էֆեկտը,

- Թուրքիա-Ադրբեջան ազատ առեւտրի ռեժիմը, իսկ երրորդ երկրներից ներմուծման նկատմամբ խիստ տարբերակւած քաղաքականութիւնը,

- Իրականում Հայաստանի համար ԵԱՏՄ անդամ երկրների գնողունակ մեծ շուկայի հասանելիութեան անտեսումը եւ այլն։

10. Մասնագիտական այս գնահատումները հիմնաւորւում են նաեւ պաշտօնական վիճակագրութեամբ․

- 2010-2019թթ. Հայաստանը Թուրքիայից ընդհանուր ներմուծել է շուրջ 2.151 միլիարդ ԱՄՆ դոլարի ապրանք, իսկ արտահանել է ընդամենը 13.9 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք՝ 155 անգամ պակաս,

- միայն 2019թ․ Թուրքիայից Հայաստանը ներմուծել է 268 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք, որը նախորդ 10 տարիներին ունեցել է աճի միտում,

- Հայաստանի ներմուծման կառուցւածքում Թուրքիայի տեսակարար կշիռը կազմել 5 տոկոս, իսկ արտահանման կառուցւածքում՝ 0,1 տոկոս՝ տարբերութիւնը 50 անգամ։

11. Առկայ են իրատեսական եւ անկառավարելի ռիսկեր՝ Հայաստանի տնտեսական համակարգը թուրք-ադրբեջանական կապիտալով ամբողջաջէս կլանելու առումով, մասնաւորապէս․

- տնտեսութեան, ներառեալ՝ օտարերկրեայ ներդրումների անհամեմատ փոքր ծաւալները,

- տնտեսական անվտանգութեան տեսանկիւնից անհրաժեշտ եւ համարժէք սահմանափակումների բացակայութիւնը,

- տնտեսութեան պատասխանատուների անսահման մոլուցքն ամէն գնով, այդ թւում՝ տնտեսական անվտանգութեան հաշւին ներդրումներ բերելուն ուղղւած։

12. Մասնագիտական այս գնահատումները հիմնաւորող վիճակագրական համեմատականը բերւած է 2019թ․ ցուցանիշներով, երբ դեռ չկային COVID-19 համավարակի եւ 44-օրեայ պատերազմի տնտեսական հետեւանքները։ Մասնաւորապէս․

- 2019թ․ Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 13.6 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ Ադրբեջանի ՀՆԱ-ն 48.05 միլիարդ ԱՄՆ դոլար՝ 3.5 անգամ աւել,

- անկախացումից յետոյ Հայաստանի տնտեսութեան իրական հատւածում կատարւած օտարերկրեայ ընդհանուր ներդրումների մաքուր պաշարները կազմում են շուրջ 5.9 միլիարդ ԱՄՆ դոլար՝ ճիշտ այնքան, որքան կազմում է Ադրբեջանի մէկ տարւայ զուտ արտահանումը (արտաքին առեւտրի դրական հաշւեմնացորդը),

- 2019թ․ Հայաստանում օտարերկրեայ ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը կազմել է ընդամենը 100 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ Ադրբեջանում՝ 15 անգամ աւել, Վրաստանում էլ՝ 5 անգամ աւել։

13. Քաղաքական խորացող անկայունութիւնը, տնտեսական վերականգնման ոչ բաւարար տեմպը, ահագնացող գնաճը, գործազրկութեան եւ աղքատության բարձր մակարդակը, արտագաղթի նոր ալիքը, անվտանգային բարձր ռիսկերը, անհրաժեշտ սահմանափակումների գործուն համակարգի բացակայութիւնը, յատկապէս՝ այդ երկրների հետ սահմանամերձ բնակավայրերում էապէս մեծացնում են ՀՀ տարածքում հողի սեփականութեան հասանելիութիւնը թուրք-ադրբեջանական կապիտալի համար։

14. Պարզ ասած՝ թուրք-ադրբեջանական տանդեմը իր նաւթադոլարներով «փողախեղտ» կանի Հայաստանի տնտեսութիւնը՝ այն դնելով իրենից անդառնալի կախւածութեան մէջ։ Օրինակ՝ մէկ տարում արտահանւող ադրբեջանական նաւթի հասոյթի մէկ-երրորդով կամ զուտ արտահանման հասոյթով կարող են տիրանալ Հայաստանի տնտեսութեան իրական հատւածում նախորդ 30 տարիներին կատարւած օտարերկրեայ ողջ ներդրումների մաքուր պաշարին։

15. Թուրքիայից ներմուծումը տեղական արտադրանքով փոխրինման նպատակադրումը կունենայ ճիշտ հակառակ իրական դրսեւորումը՝ տեղական արտադրանքը կը փոխարինւի թուրքականով եւ ադրբեջանականով։ Ի դէպ, գործող իշխանութիւններն այս նպատակադրումը ողջ ուժով հիմնաւորում եւ պարծենում էին 2020թ․ հոկտեմբերին, երբ օբիեկտիւօրէն արգելեցին թուրքական ապրանքների ներմուծումը։ Աւելին՝ թուրք-ադրբեջանական ներմուծումով տեղական արտադրանքի փոխարինումը յանգեցնելու է․

- համապատասխան ճիւղերում տեղական արտադրութեան ծաւալների շարունակական նւազման եւ վերացման,

- ներմուծման ծաւալների շարունակական աճի,

- մեր երկրից պահուստային արտարժոյթի արտահոսքի,

- ազգային արժոյթի արժեզրկման եւ նոր գնաճային ճնշումներ,

- տնտեսական անվտանգութեան իրական նոր մարտահրաւէրների, որոնց մի մասին վաղուց բախւել են թուրքական տնտեսական էկսպանսիայի ենթարկւող երկրները։

16. Առաջնային եւ կործանարար հարւած է լինելու մեր երկրի գիւղատնտեսութեան, յատկապէս՝ ջերմոցային տնտեսութեան, տեքստիլ եւ մշակող արդիւնաբերութեան ճիւղերի համար։

17. Փաստօրէն

- 44-օրեայ պատերազմից եւ Հայաստանի իշխանութիւնների խայտառակ պարտութիւնից յետոյ թուրք-ադրբեջանական ռազմական ներխուժումը մտել է պասիւ փուլ,

- Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանութիւնները պատերազմի իրական սպառնալիքը դարձրել են ստեղծւած իրավիճակում Հայաստանից առաւելագոյնը կորզելու եւ արդէն տնտեսական ու դիւանագիտական ոլորտներում ազգային շահերը միակողմանիօրէն զիջելու պարտադրանք,

- Հայաստանի իշխանութիւններն էլ երկրի տնտեսական ռազմավարական շահերի զիջումն իրականացնում են ապաշրջափակման կեղծ քողի տակ՝ տնտեսական ռազմավարական շահերի զիջումների դիմաց լաւագոյն դէպքում ակնկալելով կարճաժամկէտ տնտեսական որոշ արդիւնքներ։

Որպէս ամփոփում

Մեր երկրի տնտեսութիւնը պէտք է զարգանայ ոչ թէ ինքնանպատակ, շուկայական ազատ մրցակցութեան սկզբունքի վրայ հիմնւած վայրենի մօտեցումներով, այլ՝ խորացող անվտանգային եւ սոցիալ-ժողովրդագրական հիմնախնդիրներն առաջնահերթ լուծելու նպատակով։

Տարածաշրջանում արդիւնաւէտ եւ փոխշահաւէտ տնտեսական ինտեգրումը եւ Հայաստանի տնտեսական կայուն զարգացումը չեն կարող լինել այս հիմնախնդիրներն անտեսելու, դրանք աւելացնելու եւ խորացնելու հաշւին։

Մեր երկրում ներդրումներն ու տնտեսական աճը պէտք է նիւթական հիմքը դառնան հայ ժողովրդի անվտանգ, արժանապատիւ, ազատ եւ բարեկեցիկ ապրելու ձգտումները կեանքի կոչելու համար։ Դրանք նախ եւ առաջ պէտք է ուղղւած լինեն Հայաստանի ու Արցախի ընդհանուր տարածքի պաշտպանութեանը, առկայ մարդկային եւ տնտեսական ամբողջական ներուժի օգտագործմանը:

Սոցիալական պետութիւնն իր դրական ու առարկայական պարտաւորութիւնները պէտք է իրականացնի ողջ ծաւալով եւ անշեղօրէն, ազգային շահերի հիմքով: Դրանք չպէտք է զիջի ո՛չ շուկայի անտեսանելի ձեռքին, ո՛չ էլ իր ազգային շահերին հակասող եւ այլ պետութիւնների շահերով առաջնորդւող արտաքին թւացեալ հնարաւորութիւններին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։