Հա

Քաղաքական

25/10/2021 - 13:15

««Թաւշեայ յեղափոխութիւնից» երեք տարի անց. արժէքների ամբողջական դեգրադացիա». «CIVILNET»-ը քննադատում է ՀՀ իշխանութիւններին

Վերեւի լուսանկարը 2018 թւականի «Թաւշեայ յեղափոխութիւնից» է։ Առաջին շարքերում քայլող երիտասարդ կանայք․ նրանք համոզւած էին, որ, անկախ ամէն ինչից, իրենք դուրս են եկել փողոց յանուն հաւասար իրաւունքների, հաւասար հնարաւորութիւնների, հաւասար վարձատրութեան, հաւասար ամէն ինչի: Նրանք փոփոխութեան գործակալներ էին։

Վերեւի լուսանկարը 2018 թւականի «Թաւշեայ յեղափոխութիւնից» է։ Առաջին շարքերում քայլող երիտասարդ կանայք․ նրանք համոզւած էին, որ, անկախ ամէն ինչից, իրենք դուրս են եկել փողոց յանուն հաւասար իրաւունքների, հաւասար հնարաւորութիւնների, հաւասար վարձատրութեան, հաւասար ամէն ինչի: Նրանք փոփոխութեան գործակալներ էին։ Այս մասին գրում է «CIVILNET»-ը ««Թաւշեայ յեղափոխութիւնից» երեք տարի անց. արժէքների ամբողջական դեգրադացիա» յօդւածում:

Յատկանշական է, որ վերոնշեալ լրատւամիջոցը գործում է արեւմտեան ազդեցութեան տակ եւ ներկայիս իշխանութիւնների վառ ջատագովներից էր 2018 թ. ապրիլ-մայիսեան իրադարձութիւնների ժամանակ ու դրանից յետոյ: Բայց նոյնիսկ ժողովրդի շրջանում «նիկոլական լրատւամիջոցի» համարում ունեցող «CIVILNET»-ը հանդէս է գալիս Նիկոլ Փաշինեանի ու նրա իշխանութեան քննադատութեամբ:

Յօդւածագիրը նշում է, որ յեղափոխութիւնից երեք տարի անց Հայաստանի յետհեղափոխական կառավարութիւնն ունի ընդամենը մէկ կին անդամ, իսկ խորհրդարանական ղեկավարութեան կազմում կանայք ընդհանրապէս չկան:

«Երեք տարի անց թւում է, թէ մենք հեռացել ենք այն արժէքներից, որոնք մեզ բերեցին փոփոխութիւնների տաք քամիներ 2018 թւականին»,- նշւում է յօդւածում:

«Պարզւում է, որ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամաւորներ Խաչատուր Սուքեասեանն ու Գուրգէն Արսէնեանն իրականում գործարար չեն, ինչպէս Սամւէլ Ալեքսանեանը, Գագիկ Ծառուկեանը եւ նախորդ իշխանութեան միւս յենասիւները։ Ինչպէ՞ս կարող էին լինել: Խորհրդարանի անդամները չպէտք է զբաղւեն բիզնես գործունէութեամբ»,- հեգնում է յօդւածագիրը:

«Պարզւում է՝ դատաիրաւական բարեփոխումների կարիք առանձնապէս չունենք, եւ միանգամայն նորմալ է, որ Բարձրագոյն դատական խորհուրդը ղեկավարում է Գագիկ Ջհանգիրեանը՝ դատաիրաւական չարաշահումներով յայտնի մարդ։

Պարզւում է, որ նախկին նախագահ Սերժ Սարգսեանի նկարը կարելի էր դուրս շպրտել ոստիկանական բաժանմունքներից եւ արգելել գրասենեակներում, բայց մեծ առաջնորդ Նիկոլ Փաշինեանի պատկերն այժմ ողջունելի է... Ինչպէս ասել էր արդարադատութեան նախարար Կարէն Անդրեասեանը, «պետութեան ղեկավարի կերպարը խորհրդանշական է»։ Ի՜նչ արդարացի յայտարարութիւն արդարադատութեան նախարարի կողմից։ Եւ այս մոլուցքի դէմ պատւաստանիւթ չկայ։ Այն արդէն մետաստազներ է տւել ամբողջ պետական համակարգում։

Նախկինում կոչւում էր կոռուպցիա, երբ պետական տենդերներում շահում էին պետական պաշտօնեաների հարազատներին կամ ընկերներին պատկանող ընկերութիւնները։ Հիմա դա անւանում են արդար մրցակցութեան արդիւնք։ Եւ միանգամայն պատահական է, որ Ազգային ժողովի նախագահ Ալէն Սիմոնեանի եղբօր ընկերութիւնը յաղթել է խոշոր հանրային մրցոյթում։ Եւ այստեղ իշխանութեան ներսում կատարեալ ներդաշնակութիւն է. փոխվարչապետ Սուրէն Պապիկեանը, իր բարձր ամբիոնից դիտելով այս իրադարձութիւնները, գործադիրում կոռուպցիոն ռիսկ չի տեսնում։

Ստացւում է, որ նախագահ Սերժ Սարգսեանը չպէտք է գնար Գերմանիայի Բադէն-Բադէն առողջարանային քաղաք. դա այժմ քրեական հետապնդման օբիեկտ է։ Բայց միանգամայն իրաւաչափ է, որ երկրի գլխաւոր օրէնսդիր, խորհրդարանի ղեկավար Ալէն Սիմոնեանը վայելում է Միջերկրական ծովի տաք ջրերը Ղարաբաղեան պատերազմի եւ 4000 զոհւածների, որոնց մի մասը դեռեւս չի յայտնաբերւել եւ հողին յանձնւել, մէկամեայ տարելիցին։ Սա է բարոյականութեան նոր չափանիշը յետհեղափոխական Հայաստանում։

Անցեալ ամիս, երբ կառավարութիւնը ստացաւ Հայաստանի խոշորագոյն բիզնես ձեռնարկութեան՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 25%-ի բաժնետոմսերը, պարզւեց, որ դա դրական ձեռքբերում է։ Հպարտ քաղաքացիներին խոստացւած թափանցիկութիւնն ու հաշւէտւողականութիւնն այլեւս տեղին չեն։

Ստացւում է, որ պատգամաւորները կարող են բարձրացնել իրենց աշխատավարձերը եւ հիմնաւորել որպէս «պաշտօնական-գործառնական» ծախսեր, սակայն մեթոդներ չկան՝ պարզելու, թէ ինչպէս են ծախսւել այդ գումարները։

Ստացւում է, որ Հայաստանի օրէնսդիրները կարող են իրենք իրենց շնորհաւորել յաւելեալ պարգեւավճարներով ազգի անկախութեան կորստի կապակցութեամբ: Սա էթիկայի ու բարոյականութեան նոր բարձունքն է։

Այս ամէնը, անշուշտ, ոչինչ է, համեմատած այն բանի հետ, թէ ինչ պատմական աղէտ է կախւել հայկական պետականութեան գլխին սեփական ղեկավարութեան` արտաքին եւ ներքին քաղաքականութեան մէջ ապաշնորհութեան պատճառով»,- մանրամասնում է յօդւածագիրը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։