Տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակումը հետագայում բերելու է աւելի խորը շրջափակման։ Այս մասին հոկտեմբերի 24-ին՝ Գիւմրիում, մարզային այցելութիւնների ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը։
«alikonline.ir» - Տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակումը հետագայում բերելու է աւելի խորը շրջափակման։ Այս մասին հոկտեմբերի 24-ին՝ Գիւմրիում, մարզային այցելութիւնների ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը։ Գրում է News.am-ը:
«Ցաւալի է այն, որ նոյնիսկ պատերազմից յետոյ այսօրւայ իշխանութիւնները հետեւութիւններ չարեցին: Պարտութիւնների շարանը շարունակւեց, Ադրբեջանը, թուրքերը յայտնւեցին Հայաստանի սահմաններում, դեռ աւելին՝ ներխուժեցին մեր սահմաններից ներս՝ գրաւելով այն կարեւորագոյն ռազմավարական կէտերը, որոնք բարձունքներն են, ճանապարհներ են, ՀՀ-ի սահմանամերձ բնակավայրերի կենսունակութիւնն ապահովող ենթակառուցվածքներ են»,- նշեց Սէյրան Օհանեանը։
Սէյրան Օհանեանի խօսքով՝ դրանք այսօր նաեւ շահարկման, Հայաստանին ճնշելու առիթ են հանդիսանում:
«Հիմնական նպատակն այն է, որպէսզի Հայաստանի եւ Արցախի շուրջ օղակն աւելի սեղմեն, այսպէս կոչւած՝ տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակումը հետագայում բերելու է աւելի խորը շրջափակման, այն արտայայտւելու է տնտեսական ճշումների, եւ նաեւ ամենացաւալին՝ տւեալ շրջաններում՝ Սիւնիք, Գեղարքունիք, մեր ժողովրդագրական նկարագրի փոխման»,- ասաց Օհանեանը։
Ըստ պատգամաւորի՝ թուրքերը տարբեր պատրւակներով՝ տնտեսութեան զարգացման, կապեր հաստատելու առումով գալու են, լցւեն Հայաստան եւ անորոշ է դառնալու Արցախի, Հայաստանի հեռանկարային ողջ պատմութիւնը:
Սէյրան Օհանեանն ընդգծեց, որ իրենց վերջին մէկ ամսւայ միջոցառումների հիմնական նպատակն ազգային դիմադրութեան ձեւաւորումն է՝ ոչ Հայաստանի թրքացմանը եւ ոչ Արցախի հայաթափմանը կարգախօսի ներքոյ:
«Այսօր նաեւ Հայաստանում, տարածաշրջանում տիրող իրավիճակի առումով որոշակի անորոշութիւններ ենք տեսնում: Այսօր արդէն իսկ մեր իշխանութիւնների մի մասը հանրութեան դատին են նետել այնպիսի մի թեզ, որ նոյեմբերի 9-ին նորից կը ստորագրւի հերթական կապիտուլեացիայի ինչ-որ փաստաթուղթ, իսկ այս փաստաթուղթը գլոբալ առումով, ես կարծում եմ, վերաբերելու է տարածաշրջանում, ինչպէս իրենք են ասում, խաղաղութեան ամրապնդմանը: Խաղաղութիւն նշանակում է ճանաչել հակառակորդի տարածքային ամբողջականութիւն, իսկ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը նշանակում է մի մեծ քար նետել Արցախի ինքնորոշման, ճակատագրի վրայ»,- ասել է Ս. Օհանեանը: