Հա

Քաղաքական

26/10/2021 - 08:45

«Եթէ առաջնորդւելու են 1920-ականների քարտէզներով, ապա Արցախը պէտք է ցամաքային կապ ունենայ ՀՀ հետ»․ Դաւիթ Իշխանեան

Եթէ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներում առաջնորդւելու են 1920-ականների քարտէզներով, ապա Արցախը պէտք է ցամաքային կապ ունենայ Հայաստանի Հանրապետութեան հետ՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան ԱԺ պատգամաւոր, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Դաւիթ Իշխանեանը։

«alikonline.ir» - Եթէ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներում առաջնորդւելու են 1920-ականների քարտէզներով, ապա Արցախը պէտք է ցամաքային կապ ունենայ Հայաստանի Հանրապետութեան հետ՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան ԱԺ պատգամաւոր, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Դաւիթ Իշխանեանը։

Նա մի քիչ բացեց փակագծերը․ յիշեցրեց, որ ռուսական կողմը, ի դէմս ՌԴ նախագահի, վերջերս «Վալդայ» ակումբում տեսակէտ ներկայացրեց, որ իրենց ձեռքի տակ կայ 1920-ական թւականների քարտէզները եւ, հաւանաբար, կառաջնորդւեն այդ քարտէզներով։

«Ես, օրինակ, ունեմ իմ ձեռքի տակ 1920, 1928, այնուհետեւ 1936 թւականների քարտէզները, որոնք պատկերում են Խորհրդային Միութեան առաջին Սահմանադրութեան ընդունումից յետոյ Ղարաբաղի Ինքնավար Մարզի՝ նաեւ Հայաստանի Հանրապետութեան հետ սահմանները, սահմանների յետքաշումը, Կարմիր Քրդստանի ստեղծումը․․․ եթէ առաջնորդւելու են այդ քարտէզներով, ապա ակնյայտօրէն մենք ունենալու ենք մեր ցամաքային կապը Հայաստանի Հանրապետութեան հետ»,- ասաց Դաւիթ Իշխանեանը։

Ռուսաստանը, նրա դիտարկմամբ, փորձում է տարբերակել երկու բաժին․ մի բաժինը սահմանագծում, սահմանազատումն է, որին, կարծես թէ, Հայաստանի Հանրապետութիւնը տւել է իր հաւանութիւնը՝ պատահական չեն փոխվարչապետների մակարդակով քննարկումները եւ նաեւ վերջերս Մոսկւայում տեղի ունեցած հանդիպումները, իսկ այս օրերին նաեւ Ռուսաստանում է Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանը։ Երկրորդ բաժինը, Դաւիթ Իշխանեանի խօսքով, սահմանազատումից առանձին Արցախի կարգավիճակի եւ հետագայ ճակատագրի հարցն է։

«Կան չլուսաբանւած բաժիններ, վստահ եմ, որ ՀՀ իշխանութիւնները այդ ամենին քաջատեղեակ են եւ հէնց իրենք են այդ քննարկումները կատարում։ Ցաւալին այն է, որ չկայ տեղեկատւութիւն, եւ գոնէ մեր ունեցած տեղեկութիւններով Արցախեան կողմը, ի դէմս Արցախի իշխանութիւնների, ամբողջական ինֆորմացիային չի տիրապետում»,- ասաց նա։

Այսուհանդերձ, Դաւիթ Իշխանեանի համոզմամբ, մենք պէտք է թղթին յանձնած ներկայացնենք մեր պատկերացումները՝ իրաւական փաթեթը, թէ ինչ իրաւական կարգավիճակ է Արցախն ունեցել Խորհրդային Միութեան մէջ, եւ ինչպիսի իրաւական հիմքերով է Արցախի Հանրապետութիւնը ձեւաւորւել։

«Վերջապէս, 1988-ին յաջորդած ժամանակահատւածում նաեւ Արցախի Հանրապետութիւնն ի յայտ եկաւ որպէս առանձին սուբիեկտ։ Խնդիր չէ՝ արդեօ՞ք մենք այսօր ունենք այդ սուբիեկտայնութիւնը, թէ՞ չունենք, բայց ի՞նչ իրաւական հիմքերով ենք մենք առաջնորդւել։ Սա կարեւոր է, որովհետեւ ռուսական կողմը եւ նաեւ ՀՀ իշխանութիւններն անընդհատ շեշտում են Խորհրդային Միութեան տարբեր ժամանակները, սահմանները, քարտէզները եւ այլն, եթէ Խորհրդային Միութեան իրաւական գոյութեան հնարաւորութիւններին ենք անդրադառնում, ապա պիտի նաեւ Ղարաբաղի հիմնահարցը եւ Ղարաբաղեան հիմնախնդրի հանգուցալուծման առումով մեր շեշտադրումները կատարենք այդտեղ, եւ այստեղ էլ մենք կարող է շահողի դերում հանդէս գանք եւ ունենանք մեր հնարաւորութիւնները։ Այլ հարց է, թէ ինչ չափով ենք մենք դա օգտագործում»,- ասաց Դաւիթ Իշխանեանը։

Նա խիստ կարեւոր է համարում հարցի՝ իրաւական դիտանկիւնից քննարկումը, արդեօ՞ք լիարժէք օգտագործել եւ օգտագործում ենք այն իրաւական հնարաւորութիւնները, որ ունենք։

Դաւիթ Իշխանեանը հաւանական է համարում, որ նոյեմբերի 9-ին, այնուամենայնիւ, ստորագրւի որեւէ փաստաթուղթ եւ նկատում է, որ բոլոր փաստաթղթերն, անկախ իրաւական ձեւակերպումներից, մինչեւ այսօր ուժ են ստացել։

«Շատ դժւար է այդ ամենի առաջն առնել․ մենք տեսանք, թէ ինչ տեղի ունեցաւ անցեալ տարւայ նոյեմբերի 9-ից յետոյ Հայաստանի Հանրապետութիւնում՝ Հայաստանի իշխանութիւններն ինչ մեթոդներով են առաջնորդւում՝ խաբելով ժողովրդին, մոլորութեան մէջ գցելով, մանիպուլեացիոն սկզբունքներն իրենց համար աւելի հիմնարար եւ կարեւոր համարելով։ Այդ առումով չի բացառւում առաջիկայում՝ նոյեմբերի 9-ը կը լինի, թէ այլ օր, մեզ համար երկրորդական է, որեւէ փաստաթղթի ստորագրումը։ Մեզ մնում է ճիշտ կողմնորոշւել եւ մեր քայլերը կատարել»,- ասաց Դաւիթ Իշխանեանը։

Նա նկատեց, որ Հայաստանի Հանրապետութիւնում եւ Արցախում համազգային մեր դիմադրողականութիւնը թուլացած է, մնում է նորից փորձել ելք գտնել եւ ժողովրդին համախմբել։

Արցախի կարգավիճակի հարցը բաց է մնում՝ նշեց նա, մամուլում շրջանառւում է տեղեկութիւն, որ մօտ օրերս տարածաշրջան կայցելեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, եւ, Դաւիթ Իշխանեանին նկատելի են ներքին տարակարծութիւններ, եւ այդ տարակարծութիւնները նա փորձում է կապել առաջիկայ փաստաթղթերի հաւանական ստորագրման հետ․ ռուսական կողմը, ըստ նրա, հաւանաբար ձգձգում է, որ փաստի առաջ կանգնեցնի միւս երկու համանախագահողներին։

Դաւիթ Իշխանեանը, ռեալ պոլիտիկից ելնելով, քիչ հաւանական է համարում, որ Ռուսաստանը ճանաչի Արցախի Հանրապետութեան անկախութիւնը, բայց նաեւ նկատում է, որ հնգամեայ մանդատը, որ ռուս խաղաղապահները ստացել են, դեռ որոշակի հնարաւորութիւններ է թողնում առաջիկայ չորս տարիներին։ Հարցի հանգուցալուծման արագ գործընթաց նա չի ակնկալում։

Այս պահին Դաւիթ Իշխանեանը նկատում է արտաքին ուժերի, այդ թւում նաեւ Ադրբեջանի, անմիջական ազդեցութիւնը Արցախի Զինւած ուժերը լուծարելու եւ կազմաքանդելու ուղղութեամբ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։