Հա

Քաղաքական

26/10/2021 - 13:50

«Բոլորովին այլ տօնացոյց»․ Վահէ Յովհաննիսեան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագէտ Վահէ Յովհաննիսեանը գրում է․

«alikonline.ir» - «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագէտ Վահէ Յովհաննիսեանը գրում է․

Այսօր Իշխանութիւնը ԱԺ բերեց յունւարեան տօնացոյցում փոփոխութիւնների մի նախագիծ։ Այդ քննարկումներին անհասկանալիօրէն ակտիւութեամբ ներքաշւեց նաեւ ընդդիմութիւնը։

Մեծ հաշւով, պատերազմի հետեւանքով փոխւել է մեր ողջ տօնացոյցը։ Ակնյայտօրէն կորցրել են իրենց հնչեղութիւնը մեր հպարտութեան մի շարք օրերը եւ, ցաւօք, ձեւաւորւել են վշտի եւ սգոյ նոր օրեր։

Տրամաբանական կը լինէր, որ եթէ ո´չ իշխանութիւնը, ապա գոնէ խորհրդարանական ընդդիմութիւնը սեպտեմբեր 27-ից նոյեմբերի 9-ը հատւածի համար հանդէս գար օրէնսդրական առաջարկներով։ Սա զուտ տօնացուցային խնդիր չէ, սա երկրում նոր մթնոլորտի ձեւաւորմանն ուղղւած քայլ է։

Սեպտեմբերի 27

Տարբերակ 1

Հերոսի օր

Հիմնաւորում . Սեպտեմբերի 27-ից սկսած՝ Հայաստանի բանակի, Արցախի ՊԲ, կամաւորների, ՄՈԲ-ի անդամները իրենց վրայ վերցրին քաղաքական ղեկավարութեան անպատասխանատու, սխալ կառավարման, արտաքին ու ներքին քաղաքական բացթողումների ողջ բեռը՝ անձնազոհաբար կռւելով եւ տալով իրենց ունեցած ամենաթանկը։

Տարբերակ 2

Ադրբեջանական բանակի եւ միջազգային վարձկանների կողմից Արցախի խաղաղ բնակչութեան դէմ յարձակման եւ տեղահանման յիշատակի օր յայտարարելու մասին։

Առ այսօր միջազգային հանրութիւնը լիարժէք տեղեկացւած չէ 2020 թւականի սեպտեմբերի 27-ի Արցախի Հանրապետութեան դէմ սանձազերծած պատերազմի մանրամասներին։ Հայաստանում պետական մակարդակով նշելով այդ օրը՝ մենք ուղերձ ենք յղում միջազգային հանրութեանը, որ հետամուտ ենք լինելու բոլոր մանրամասների վերհանմանը եւ միջազգային ատեաններում, այդ թւում՝ միջազգային քրէական դատարանում, մարդկութեան դէմ գործած յանցագործութիւնները փաստելու եւ մեղաւորներին պատասխանատւութեան ենթարկելու համար։

Հոկտեմբերի 19-ը «Պատմական աղէտի» օր հռչակելու մասին

Հիմնաւորում՝Հայաստանի իշխանութիւնները անհասկանալի ձեւաչափով քննարկումների արդիւնքում մերժել են պատերազմը դադարեցնելու հնարաւորութիւնը, ինչը կը փրկէր հազարաւոր կեանքեր եւ հնարաւոր կը լինէր խուսափել զգալի տարածքային կորուստներներից։

Նոյեմբերի 9-ը Խաղաղապահի օր հռչակելու մասին

Հիմնաւորում՝Հայաստանի իշխանութիւնների՝ մինչ պատերազմը եւ պատերազմի օրերին թոյլ տւած կոպիտ սխալների պատճառով Արցախի խաղաղ բնակչութիւնը յայտնւել էր բնաջնջման վտանգի առաջ։ Ադրբեջական բանակի եւ միջազգային ահաբեկչական խմբաւորումների կողմից խաղաղ բնակչութեան բնաջնջումը հնարաւոր եղաւ կանգնեցնել հայկական բանակի ստորաբաժանումների՝ մինչեւ վերջ հերոսական պայքարի եւ ռուս խաղաղապահների՝ Արցախի Հանրապետութիւնում տեղակայման շնորհիւ։

Ի յարգանք ռուս խաղաղապահների եւ աշխարհի այլ վայրերում խաղաղապահ առաքելութիւն իրականացնող պետութիւնների՝ Հայաստանում նոյեմբերի 9-ը պէտք է նշւի որպէս Խաղաղապահի օր։

Յ.Գ.

Հեռու եմ այն մտքից, որ իմ առաջարկածները լաւագոյն եւ ճշգրիտ ձեւակերպումներն են, բայց վստահ եմ, որ պէտք է այս ուղղութեամբ աշխատել՝ ընդհանուր տրամաբանութեան մէջ։ Շատ կարեւոր է այս հարցում հասարակութեան տարբեր շերտերի կարծիքը։ Սա մարդկանց համար է, մարդկանց մասին։ Պէտք է քննարկել, ստանալ հանրային աջակցութիւն եւ դնել պաշտօնական ընթացակարգի մէջ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։