Հա

Քաղաքական

27/10/2021 - 13:25

«Առանց Արցախի տարբերւելու է Հայաստանի դերակատարութիւնը միջազգային ասպարէզում»․ Ալեքսանդր Մարգարով

Արցախը հանդէս է եկել որպէս այն ազգակենտրոն գաղափարը, որի շուրջ ձեւաւորւել է նաեւ ազգային ազատագրական պայքարի հերթական փուլը 20-րդ դարի երկրորդ կէսին՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց քաղաքագէտ, ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանի մասնաճիւղի տնօրէն Ալեքսանդր Մարգարովը՝ մեկնաբանելով «Առանց Արցախի չկայ Հայաստան» թեզի շուրջ ծաւալւած քննարկումը։

«alikonline.ir» - Արցախը հանդէս է եկել որպէս այն ազգակենտրոն գաղափարը, որի շուրջ ձեւաւորւել է նաեւ ազգային ազատագրական պայքարի հերթական փուլը 20-րդ դարի երկրորդ կէսին՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց քաղաքագէտ, ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանի մասնաճիւղի տնօրէն Ալեքսանդր Մարգարովը՝ մեկնաբանելով «Առանց Արցախի չկայ Հայաստան» թեզի շուրջ ծաւալւած քննարկումը։

«Ըստ էութեան դա հանդէս էր գալիս նաեւ որպէս պետականակենտրոն գաղափար, որի շուրջ առկայ է եղել ազգային համախմբում։ Ազգային ասելով՝ ոչ միայն Հայաստանի հայութեան, այլ նաեւ վերամիասնութեան մասին է խօսքը»,- ասաց Ալեքսանդր Մարգարովը։

Արցախը, նրա համոզմամբ, ունի, իհարկէ, նաեւ ռազմավարական նշանակութիւն, որպէս մի վայր, որտեղ ունենք հայութիւն, որը պայքարում է անկախութեան համար, եւ որը կարողացել է ձեռք բերել այն, պաշտպանել երկար ժամանակ անկախութիւնը եւ ձեւաւորել ազգային ինքնագիտակցութիւն, որտեղ «անկախութիւնը» հանդէս է գալիս որպէս բարձրագոյն արժէք։

Մենք կարող ենք շարունակել, նշեց նա, բայց անգամ այսքանը բաւարար է՝ հասկանալու համար Արցախի դերն ու նշանակութիւնը ազգային մտածողութեան, պետական մտածողութեան կերտումի համար։

Քաղաքագէտը յաւելեց ազգային անվտանգութեան խնդիրները. Արցախը Հայաստանը դարձնում էր աւելի ուժեղ՝ երբ քո ռեսուրսն աւելի մեծ է, քո հնարաւորութիւններն աւելի ընդարձակ են դառնում, քան աւելի փոքր ռեսուրսատարութեան պայմաններում։ Սա վերաբերում է ոչ միայն անվտանգութեանը, այլեւ երկրի տնտեսութեանը։

«Երբ անդրադառնում ենք հարցին, որ «Առանց Արցախ չկայ Հայաստան»՝ մենք Արցախը դիտարկում ենք որպէս անկախ պետական չճանաչւած միաւոր, որը մեր արտաքին քաղաքականութեան գերակայութիւններից մէկն էր երկար ժամանակ հանդիսանում՝ այն հանգամանքը, որ Արցախի անկախութիւնը եւ ինքնիշխանութիւնը պէտք է ճանաչւեն։ Հայաստանը կար, կայ եւ շարունակում է հանդէս գալ որպէս անկախ երկիր, բայց փոքր ռեսուրսներով երկրի ազդեցութիւնը եւ երկրի ազդեցութիւնը, որն ունի աւելի մեծ ռեսուրսային հնարաւորութիւններ ե՛ւ բնակչութեան, ե՛ւ տարածքի, ե՛ւ բնական պաշարների առումով, բնականաբար, աւելի է մեծանում»,- ասաց Ալեքսանդր Մարգարովը։

Արցախը հանդիսանում է որպէս էլեմենտ, որն ուժեղացնում էր Հայաստանի դիրքերը նաեւ բանակցային ասպարէզում՝ վստահ է քաղաքագէտը։ Միեւնոյն ժամանակ ստեղծել էր երկարատեւ բանակցային գործընթաց, որը յայտնի էր որպէս «ոչ խաղաղութիւն, ոչ պատերազմ», որն աւարտւեց անցեալ տարի ռազմական գործողութիւններով։

«Բայց, բոլոր դէպքերում, առանց Արցախի կարող է տարբերւել Հայաստանի դերակատարութիւնը, դերը, նշանակութիւնը տարածաշրջանում եւ միջազգային ասպարէզում. ես չեմ ասում աւելի լաւ կամ աւելի վատ կարող է լինել, բայց, միանշանակօրէն, տարբերւելու է այն կարգավիճակից, որը Հայաստանն ունեցել է, երբ վերահսկում էր այն տարածքները, որոնք այսօր մասամբ անցել են Ադրբեջանի վերահսկողութեան տակ»,- վստահ է Ալեքսանդր Մարգարովը։

«Արցախն ուրացողը դաւաճան է» արտայայտութեան համար ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամաւորին նիստերի դահլիճից դուրս քարշ տալուն քաղաքագէտը նայում է պատգամաւորի կարգավիճակի դիտանկիւնից. «Կան հարցեր՝ կապւած պատգամաւորի կարգավիճակի հետ, որոնք, բնականաբար, պէտք է ստանան համապատասխան կարգաւորում եւ պէտք է ստանան համապատասխան գնահատական այդ թւում աւելի շատ իրաւական, այլ ոչ միայն քաղաքական»։

 

Աննա Բալեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։