Հա

Քաղաքական

30/10/2021 - 11:10

«Դուշանբէում Ալիեւը հասկացաւ՝ ում հետ գործ ունի. պատերազմի որոշումը կայացրել են աստիճանաբար՝ յստակ տեսնելով, որ քանդւում է ՀՀ պաշտպանական համակարգը». Կարէն Վրթանէսեան

Իշխանական քարոզչութիւնը ու նաեւ իշխանութեան գրպանում ծւարած քաղաքական ու հասարակական խմբերը պնդում են, որ պատերազմը եւ պատերազմում պարտւելը անխուսափելի էր։ Այս մասին «Կորսւած հայրենիք, դաւաճանութի՞ւն, թէ անգրագիտութիւն» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Ռազմինֆօ» մասնագիտացւած կայքի համակարգող Կարէն Վրթանէսեանը։

«alikonline.ir» - Իշխանական քարոզչութիւնը ու նաեւ իշխանութեան գրպանում ծւարած քաղաքական ու հասարակական խմբերը պնդում են, որ պատերազմը եւ պատերազմում պարտւելը անխուսափելի էր։ Այս մասին «Կորսւած հայրենիք, դաւաճանութի՞ւն, թէ անգրագիտութիւն» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Ռազմինֆօ» մասնագիտացւած կայքի համակարգող Կարէն Վրթանէսեանը։

«Մարդկանց գիտակցութեան մէջ ստեղծւել է մի այսպիսի միֆ, որ 1991-1993թթ. մենք ունեինք հզօրագոյն, կազմաւորւած բանակ, պետութիւն, եւ 30 տարի այդ ամէն ինչը թալանել են։ Իրականում, այն մարդկանց, ում հիմա մեղադրում են թալանի մէջ, այդ մարդիկ են զրոյից հիմնադրել այդ բանակը»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին` արդեօ՞ք պատերազմի սկիզբը կանխորոշւած էր, Վրթանէսեան նշեց, որ վստահ է`2018թ.-ի ապրիլ-մայիսին նման որոշում չի եղել:

«Ադրբեջանը միշտ պատրաստւել է պատերազմի, այլ հարց էր` կը գնար այդ քայլին, թէ ոչ, իսկ դա կախւած էր մեզնից։ Եթէ իմանային, որ այդ պատերազմը չեն մարսի, բնականաբար, չէին սկսի։ 2018թ.-ի ապրիլ-մայիսին անկայուն, քաոսային իրավիճակ էր ստեղծւել, բայց Ադրբեջանը բացի Նախիջեւանում բարձունք գրաւելուց, այլ լայնածաւալ քայլերի չդիմեց։ Ակնյայտ էր, որ այդ ժամանակ լայնամասշտաբ պատերազմ սկսելու որոշում չունէին։ Ադրբեջանը, այսպէս ասած, «թեւեր առաւ» Դուշանբէի հանդիպման ժամանակ։ Կարծում եմ՝ Ալիեւը, մի քանի նախադասութիւն փոխանակելով, հասկացաւ ում հետ գործ ունի»,- նշեց Վրթանէսեանը։

Վրթանէսեանը ընդգծեց, որ այդ պայմաններում ադրբեջանցիները ակտիւ շինարարական աշխատանքներ էին իրականացնում սահմանին, որը նախկինում չէին կարող անել.

«2019թ.-ի փետրւարին այդ աշխատանքներն աւարտելուց յետոյ Հայաստանին սկսեցին մեղադրել սադրանքների համար։ Եղաւ նաեւ մի շատ կարեւոր իրադարձութիւն, որը այստեղ սկսեցին ներկայացնել որպէս խաղաղութեան նախանշան։ Դա ՀՀ հիւսիս-արեւելեան սահմանների մօտ Ադրբեջանի զինւորների փոխարինումն էր սահմանապահներով։ Հարց առաջացաւ` ուր է գնալու այն զօրքը, որն այդտեղ կանգնած էր։ Այդ զօրքը Ադրբեջանի համար դարձաւ ռեզերւ Արցախի ռազմաճակատում։ Հետագայում ՀԱՊԿ կողմից առաջարկւած զօրավարժութեան առաջարկի մէջ դա ներկայացւում էր որպէս ռիսկ»։

Կարէն Վրթանէսեանի կարծիքով՝ պատերազմի որոշումը Ադրբեջանում կայացւել է ոչ միանգամից, դրան եկել են աստիճանաբար`տեսնելով, թէ Հայաստանում պետական կառավարման համակարգը ինչպէս է արձագանգում ճգնաժամերին։

«Ադրբեջանը յստակ տեսնում էր, որ քանդւում է պաշտպանական համակարգը։ Ապա քովիդի ժամանակ ուղիղ եթերում կառավարութեան նիստի ժամանակ ՀՀ ղեկավարը սկսեց ռազմավարական պաշարների մասին գաղտնի տւեալներ յայտարարել։ Ադրբեջանը տեսնում էր`ինչ վիճակ է Հայաստանում, իսկ պատերազմը նախեւառաջ ոչ թէ բանակների, այլ պետական համակարգերի բախում է»,- ասաց նա:

Անդրադառնալով 2020թ.-ի յուլիսեան ռազմական գործողութիւններին, Վրթանէսեանը նշեց.

«Ադրբեջանը եւ Թուրքիան 2019թ.-ի կէսերից ունէին պատերազմի որոշում եւ յստակ պլան։ Յուլիսեան դէպքերը այդ պլանից դուրս էին, իրենք լիարժէք պատրաստ չէին, բայց նաեւ փորձեցին ստուգել` Հայաստանի նոր արտգործնախարարութիւնը ինչպէս է կարողանում «խաղալ» դրսում ճգնաժամային պայմաններում։ Յուլիսեան դէպքերի ժամանակ ճակատում մենք յաջողեցինք, բայց միջազգային ասպարէզում շատ վատ աշխատեց Հայաստանի դիւանագիտութիւնը»։

Փորձագէտի խօսքով` Ադրբեջանը չէր գնայ պատերազմի ճանապարհով, եթէ Հայաստանում պետական կառավարման եւ պաշտպանական համակարգում, իր բնորոշմամբ՝ «աւիրւած» վիճակ չլինէր։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։