Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը բացառիկ հարցազրոյց է տւել ռուսաստանեան RBC (РБК) հեռուստաալիքի գլխաւոր տնօրէն Իլիա Դորոնովին. hարցազրոյցի ընթացքում ՀՀ նախագահը անդրադարձ է կատարել բազմաթիւ հարցերի, այդ թւում՝ հայ-իրանական յարաբերութիւններին, այդ հատւածն՝ առանձնացնելով, ներկայացնում ենք ստորեւ:
«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը բացառիկ հարցազրոյց է տւել ռուսաստանեան RBC (РБК) հեռուստաալիքի գլխաւոր տնօրէն Իլիա Դորոնովին. hարցազրոյցի ընթացքում ՀՀ նախագահը անդրադարձ է կատարել բազմաթիւ հարցերի, այդ թւում՝ հայ-իրանական յարաբերութիւններին, այդ հատւածն՝ առանձնացնելով, ներկայացնում ենք ստորեւ:
Իլիա Դորոնով - Հարցնեմ Իրանի մասին: Մէկ տարի առաջ մենք այդ երկրի մասին չէինք լսում, իսկ այսօր Իրանը եւս նշանակալի դեր է սկսել ունենալ: Հայաստանն Իրանի հետ լաւ յարաբերութիւններ ունի, որոնք աւելի սերտ են դարձել, քան մէկ տարի առաջ: Ինչո՞վ է դա պայմանաւորւած:
- Նախ, ցանկանում եմ եւս մէկ անգամ Ձեզ հետ չհամաձայնել: Իրանի եւ Հայաստանի յարաբերութիւնները միշտ լաւ են եղել: Այդ երկրի կառավարութիւնը նաեւ ֆինանսապէս է աջակցել հայկական հոգեւոր եւ մշակութային կենտրոնների պահպանութեանը, ի տարբերութիւն Թուրքիայի: Եւ ասել, որ մեր յարաբերութիւններն աւելի լաւն են դարձել...
Իլիա Դորոնով - Ամէն դէպքում, տպաւորութիւն կայ, որ այս պատերազմից յետոյ այդ յարաբերութիւններն աւելի սերտ են դարձել:
- Իրանը մեր հարեւանն է: Այն, ինչ կատարւում էր Հայաստանի հարաւում պատերազմի ընթացքում, անմիջական կապ ունի Իրանի հետ: Այդ հատւածը սահմանակից է Իրանին, եւ զարմանալի կը լինէր, եթէ Իրանն ընդհանրապէս ոչինչ չխօսէր այդ մասին:
Իլիա Դորոնով - Կարծում եմ՝ Իրանին նաեւ շատ անհանգստացնում է Թուրքիայի տեղակայումը:
- Իրանին շատ բաներ կարող են անհանգստացնել, ուստի դա իրենց իրաւունքն է՝ յայտնել իրենց կարծիքը, իսկ մենք պէտք է ականջալուր լինենք դրան: Աստւած տայ, որ տարածաշրջանի միւս խաղացողները եւս լսեն այդ կարծիքը:
Հարցն այն է, որ պատերազմից յետոյ շատերը սկսեցին խօսել, որ պատերազմի ժամանակ շատ դժւար էր ստանալ միջազգային աջակցութիւն տարբեր կազմակերպութիւնների, պետութիւնների կողմից, որոնք ակտիւօրէն կը սկսէին պաշտպանել պատերազմը դադարեցնելու գաղափարը: Իհարկէ, կային երկրներ, որոնք շատ բարեկամական էին, ինչպէս Ֆրանսիան, որն անհանգստանում էր եւ այդ ամէնն ի ցոյց էր դնում: Սակայն ակտիւութեան առումով նոյնը չեմ կարող ասել միւս եւրոպական երկրների մասին: Իսկ արդէն պատերազմից հետո բոլորը սկսեցին ակտիւօրէն խօսել: