Հա

Քաղաքական

31/10/2021 - 13:10

«Սա հերթական ադրբեջանական կուտն է, որը փորձում են մեր հասարակութեանը մատուցել». Գառնիկ Դաւթեան

Ադրբեջանի հարցերով փորձագէտ Գառնիկ Դաւթեանի կարծիքով՝ եթէ անգամ Փաշինեանի եւ Ալիեւի միջեւ հանդիպում տեղի ունենայ, ապա դատելով Ալիեւի յայտարարությունից՝ նա բանակցութիւններում իր կարմիր գիծն է գծում եւ յետքայլ չի անի:

«alikonline.ir» - Նոյեմբերի 9-ին սպասւող հանդիպումից առաջ Ալիեւը թւիթերում գրել է, որ ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Թուրքիան գործնական քայլեր են ձեռնարկում Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացման ուղղութեամբ, եւ վստահութիւն յայտնել, որ մօտ ապագայում դրանք իրենց պտուղները կը տան:

Ադրբեջանի հարցերով փորձագէտ Գառնիկ Դաւթեանի կարծիքով՝ եթէ անգամ Փաշինեանի եւ Ալիեւի միջեւ հանդիպում տեղի ունենայ, ապա դատելով Ալիեւի յայտարարությունից՝ նա բանակցութիւններում իր կարմիր գիծն է գծում եւ յետքայլ չի անի:

«Թէ այդ միջանցքը երբ կը տրամադրւի եւ որտեղով կանցնի, դա արդէն բանակցային փուլից է կախւած»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ այս առումով Հայաստանի քարոզչական դաշտը չի աշխատում:

«Ինձ համար հասկանալի չեն հայկական կողմի կարմիր գծերը, որովհետեւ վերջին շրջանում ՀՀ սուվերեն տարածքից տարբեր բնակավայրեր, լեռներ, բլուրներ յանձնւել են թշնամուն՝ բանաւոր պայմանաւորւածութեամբ, կասկածելի ձեւակերպումներով, թէ պատերազմ կը սկսւի, եթէ չզիջենք»,- նշեց նա:

Գառնիկ Դաւթեանը կեղծ օրակարգ է համարում իշխանութիւնների այն յայտարարութիւնը, թէ խաղաղութեան դարաշրջանի հասնելու համար պէտք է նախ դեմարկացիա եւ դելիմիտացիա կատարել. «Ես կարծում եմ, որ դա ամփոփող քայլ պէտք է լինի, որովհետեւ սահման գծելով չեն որոշւում ժողովուրդների միջեւ յարաբերութիւնները, մասնաւորապէս՝ հաշւի առնելով, որ անկախութիւնից յետոյ վերջին 30 տարում Ադրբեջանի՝ հայերին սպանելու մոլուցքն այնքան բարձր ֆոն ունի, որ անգամ պատերազմից յետոյ դպրոցական դասագրքերում այնպիսի առարկաներ են ներառել, որոնք իրենց մէջ այդ ատելութեան կոմպոնենտն են պարունակում, այն էլ՝ դոզան բաւականին բարձր: Դրա համար այս օրակարգը, թէ գծենք սահմանները, միմեանց տարածքային ամբողջականութիւն ճանաչենք, այդպիսով սկիզբ դնենք խաղաղութեան, սա առաջին հերթին՝ Ադրբեջանի պահանջն է: Հետեւաբար՝ սա հերթական ադրբեջանական քաղաքական կուտն է, որը փորձում են մեր հասարակութեանը մատուցել իբրեւ հնարաւոր խաղաղութեան դարաշրջանի սկիզբ: Չեմ հաւատում, թէ առաջիկայ 50 տարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութիւն կը լինի»:

Իր ասածը փորձագէտը հիմնաւորում է նրանով, որ մասնաւորապէս 44-օրեայ պատերազմի ժամանակ քաղաքացիական անձանց գլխատելն ու նրանց ծեծելով սպանելը վառ ապացոյց են առ այն, որ Ադրբեջանը երբեք չի ձգտել հայերի գոնէ մարդ տեսակն ընդունել. «Նրանց նպատակը հայերին նւաստացնելն ու սպանելն է»:

 

Ռազմիկ Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։