Հա

Քաղաքական

31/10/2021 - 13:15

«Բեմ է մտնում Լիլիթ Մակունցը, ասում՝ լաւ անգլերէն գիտեմ, բայց քեզ ուսուցիչ չենք նշանակել, դու ԱՄՆ-ում Հայաստանի ներկայացուցիչն ես». Վաչէ Բրուտեան

Օ՜, սքանչելի, երջանկութեան ովկիանոսի մէջ կը լողանք մենք Լիլիթ Մակունցի Վաշինգտոն գալով՝ Yerkir.am-ի հետ հարցազրոցում ասաց հրապարակախօս, վերլուծաբան, ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչ Վաչէ Բրուտեանը՝ խօսելով ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպանի գործունէութիւնից հայ համայնքի բաւարարւածութեան մասին։

«alikonline.ir» - Օ՜, սքանչելի, երջանկութեան ովկիանոսի մէջ կը լողանք մենք Լիլիթ Մակունցի Վաշինգտոն գալով՝ Yerkir.am-ի հետ հարցազրոցում ասաց հրապարակախօս, վերլուծաբան, ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչ Վաչէ Բրուտեանը՝ խօսելով ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպանի գործունէութիւնից հայ համայնքի բաւարարւածութեան մասին։

«Ներեցէք, սա անլրջութեան գագաթնակէտն է. պէտք է հաստատեմ, որ Հայաստանի անկախացումից յետոյ, նոյնիսկ Լեւոն Տէր-Պետրոսեանի պաշտօնավարման օրօք, Հայաստանի իշխանութիւնները շատ մեծ լրջութեամբ էին մօտենում Վաշինգտոնում Հայաստանի դեսպանի նշանակմանը։ Առաջին դեսպանը Ռուբէն Շուգարեանն էր։ Ռուբէն Շուգարեանի քաղաքական հայեացքների հետ հնարաւոր էին տարակարծութիւններ, բայց Ռուբէն Շուգարեանն առնւազն գիտէր, թէ ինքն ինչո՞ւ է այնտեղ. որպէսզի հետապնդի Հայաստանի Հանրապետութեան շահերը։ Եւ Ռուբէն Շուգարեանի հետ տարակարծիք լինելով հանդերձ՝ մենք Ռուբէն Շուգարեանի հետ խօսակից էինք։ Նաեւ նրան յաջորդած միւս բոլոր հայ դեսպանների հետ, որոնք նաեւ դիւանագիտական փորձ ունէին, եւ հասկանում էին, թէ որն է Միացեալ Նահանգների դերակատարութիւնը մեր տարածաշրջանում, եւ թէ ինչպէս կարելի է Հայաստանի շահերը հետապնդել Վաշինգտոնում, եւ թէ ինչպէս կարելի է ամերիկահայ գաղութի ներուժն օգտագործել ի նպաստ Հայաստանի Հանրապետութեան շահերի»,- ասաց Վաչէ Բրուտեանը։

Համակարգւած էր աշխատանքը՝ վստահեցրեց նա, որովհետեւ շատ բան կայ, որ դեսպանատունը կարող է անել արտասահմանում, որը համայնքը չի կարող անել, բայց բաներ կան, որ դեսպանատունը չի կարող անել եւ համայնքը իր կառոյցներով կարող է անել։

«Ամերիկահայ գաղութի կարեւոր օղակների, յատկապէս Վաշինգտոնում գործող ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի եւ դեսպանատան միջեւ այս փոխըմբռնումը իւղած մեքենայի տպաւորութիւն էր թողնում։ Շատ յաճախ իրար աչքերի մէջ նայելով հասկանում էինք, թէ որտեղ ինչ մենք պէտք է անենք, որտեղ ինչ՝ դեսպանատունը։ Հիմա այս պատմութեան մէջ բեմ է մտնում Լիլիթ Մակունցը։ Եւ նախքան իր նշանակւելն ասում է՝ ես լաւ անգլերէն գիտեմ։ Բայց, սիրելիս, մենք քեզ չենք նշանակել անգլերէնի ուսուցիչ որեւէ դպրոցում, դու այդ երկրում Հայաստանի քաղաքական, դիւանագիտական ներկայացուցիչն ես։ Դէ ոչինչ, ասում է, ժամանակի ընթացքում փորձառութիւնը կը գայ. նման թեթեւսոլիկ, նման անլուջ մարդկանցով է կառավարւում ոչ միայն Հայաստանիի ներքին քաղաքականութիւնը, այլ նաեւ արտաքին քաղաքականութիւնը»,- ասաց Վաչէ Բրուտեանը։

Նա վստահ է, որ ՀՀ իշխանութիւնների այս բոլոր քայլերը, գիտութեամբ թէ անգիտութեամբ, Հայաստանի պետականութեան հիմքերն են փորում, որովհետեւ չկայ միաձոյլ, միակտոր քաղաքական վարքագիծ, մտածողութիւն, ներքին տրամաբանութիւն, որի հիման վրայ պիտի Հայաստանը առաջ տանի իր արտաքին քաղաքականութիւնը։

Այս իշխանութիւնների օրօք մոդա է դարձել անտէր-անգլուխ իրավիճակը՝ նշեց Վաչէ Բրուտեանը։

«Վարչապետը յայտարարութիւն էր անում, յաջորդ օրն արտաքի գործերի նախարարն ուրիշ յայտարարութիւն էր անում, որն էապէս հակասում էր վարչապետի յայտարարութեանը։ Նման երեւոյթները շատ են։ Եւ այս հանգամանքները նւազեցնում են մեր արտաքին խօսակիցների վստահութիւնը մեր պետութեան նկատմամբ, մեզ լուրջ չեն վերաբերւում»,- վստահեցրեց Վաչէ Բրուտեանը։

Իմքայլական պատգամաւորի սկսած դիսկուրսը՝ իբր Արցախի հարցն առանձին է Հայաստանինն՝ առանձին, նա արհեստական է համարում։ Ընդգծում է՝ Արցախն անվիճելիօրէն հայոց հայրենիքի մաս է կազում, ու վերջ։ Աւելին, Արցախը հայկական պետականութեան համար հանդիսանում է այն ռազմավարական շատ կարեւոր ազդակը, որը կարող է երաշխաւորել հայոց պետականութեան ապագան այս գազանանոցի նմանւող տարածաշրջանում։

Վաչէ Բրուտեանը դաւաճան է համարում ոչ միայն այս յայտարարութիւնն արած պատգամաւորին, այլեւ բոլոր նրանց, ովքեր այս քաղաքական գծի հետեւորդներն են՝ ամբողջ ՔՊ-ին՝ վարչապետ կոչւածից սկսած մինչեւ ամենահետին իրենց հետեւորդը։

 

Աննա Բալեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։