Հա

Քաղաքական

02/11/2021 - 13:00

«Եթէ ոչ Քոչարեանը, ապա ո՞վ․․․». Politik.am

Խորհրդարանական արտահերթ ընտրութիւններից յետոյ, յատկապէս ընդդիմադիր ամբողջ դաշտը յայտնւել է քաղաքական մեծ փոսում։ Հետաքրքիր է, որ ընդդիմադիր մի շարք ուժեր ոչ թէ փորձում են համախմբւել եւ միասնական դուրս գալ փոսից ու նաեւ երկիրը հանել դժւարին այս իրավիճակից, այլ աւելի են դժւարացնում ընդդիմութեան համախմբումը։

«alikonline.ir» - Խորհրդարանական արտահերթ ընտրութիւններից յետոյ, յատկապէս ընդդիմադիր ամբողջ դաշտը յայտնւել է քաղաքական մեծ փոսում։ Հետաքրքիր է, որ ընդդիմադիր մի շարք ուժեր ոչ թէ փորձում են համախմբւել եւ միասնական դուրս գալ փոսից ու նաեւ երկիրը հանել դժւարին այս իրավիճակից, այլ աւելի են դժւարացնում ընդդիմութեան համախմբումը։

Հետաքրիր է, որ ընդդիմադիր տարբեր խմբեր իրենց հիմնական թիրախ այս պահին համարում են ոչ թէ Նիկոլ Փաշինեանին, այլ վերջին ընտրութիւններում ամենամեծ վստահութեան քւէ ստացած ընդդիմադիր առաջնորդին՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին։

Երկրորդ նախագահն ու իր թիմը իհարկէ իրենց սխալներն ունեն, որոնց մասին կարելի է եւ պէտք է խօսել, բայց անտրամաբանական են այն առաջարկները, ըստ որոնց Ռոբերտ Քոչարեանը պէտք է հրաժարւի իր քաղաքական պլաններից ու որ ամենակարեւորն է, իր ունեցած բոլոր հնարաւորութիւնները պէտք է յանձնի ընդդիմադիր առաւել փոքր ուժերին, որպէսզի հնարաւոր լինի յաղթել Նիկոլ Փաշինեանին։

Նման առաջարկների հեղինակները մի բան հաշւի չեն առնում, որ նոյնիսկ իշխանութիւնների կողմից գործադրւած մեդիատեռորից յետոյ, հանրութեան գրեթէ 22 տոկոսը կարծել է, որ Նիկոլ Փաշինեանին պէտք է փոխարինի հէնց Ռոբերտ Քոչարեանը։ Այս պահին չկայ մէկ այլ քաղաքական գործիչ, որ հանրութեան կողմից ստացած լինի գոնէ 23 տոկոս վստահութեան քւէ, որպէսզի Քոչարեանին արւած դաշտը թողնելու առաջարկը տրամաբանական լինի։

Ռոբերտ Քոչարեանն այս պահին ամենամեծ աջակցութիւնն ունեցող ընդդիմադիր առաջնորդն է ու տրամաբանական է, որ համախմբումը իր շուրջ պէտք է լինի։ Ու երբ այս ֆոնին հնչում են առաջարկներ Քոչարեանին թողնել քաղաքական պայքարը` տպաւորութիւն է ստեղծւում, թէ Փաշինեանը պէտք է իշխանութիւնը սահուն յանձնէր ընդդիմադիր այլ առաջնորդի, իսկ Քոչարեանը իր քաղաքական կապիտալով մէջտեղ գալով գործընթաց է խափանում ու դրա համար պէտք է դուրս գայ, որպէսզի ամէն բան իր տեղն ընկնի։

Իսկ, եթէ չկայ նման ծրագիր ու քաղաքական այդ ուժերը վստահ են, որ Քոչարեանի խաղի մէջ մտնելը օգնում է Փաշինեանին, ապա ինչն էր խանգարում իրենց մասնակցել նախորդ ընտրութիւններին ու իրենց պատկերացրած առաջնորդի հետ հաւաքել 30-40 գուցէ նաեւ 50 տոկոս քւէ, որը նրանց հնարաւորութիւն կը տար դաշտից դուրս թողնել, թէ Քոչարեանին, թէ Փաշինեանին։ Ընդ որում հիմա էլ այդ ընդդիմադիր առաջնորդներն ու ուժերը շանս ունեն քաղաքական պրոցեսների ղեկը իրենց ձեռքը վերցնելու՝ կարող են տասնեակ հազարների հանել փողոց ու ցոյց տալ, որ անգամ ընտրութիւնների չմասնակցելով իրենք ունեն վստահութեան մեծ բազայ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։