Հա

Քաղաքական

04/11/2021 - 12:15

«Իսկ տեղեա՞կ էք՝ ո՞ւմ ձեռքում է Սիւնիքի «միջանցք» համարւող խաղաքարտը». Արտակ Զաքարեան

168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Փաշինեանի եւ Յարութիւնեանի հանդիպման վերը նշւած շեշտադրումներին, ՀՀԿ Խորհրդի անդամ, Պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը շեշտեց, թէ կողմ լինելով ազգերի ինքնորոշման իրաւունքին՝ տարակուսում է, որ այդ մասին խօսում են այն մարդիկ, որոնք քանդել են հէնց դրա վրայ կառուցւած մի ողջ բանակցային գործընթաց։

«alikonline.ir» - Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը նոյեմբերի 3-ին Հայաստանում հանդիպել է Նիկոլ Փաշինեանի հետ։

Հայաստանի եւ Արցախի ղեկավարները հանդիպման ընթացքում անդրադարձել են Արցախի կարգավիճակի խնդրին՝ կարեւորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան շրջանակում բանակցային լիարժէք գործընթացը վերականգնելու անհրաժեշտութիւնը։

Հանդիպման ընթացքում թէ Փաշինեանը, եւ թէ Յարութիւնեանը ընդգծել են ազգերի ինքնորոշման իրաւունքի անհրաժեշտութիւնը՝ որպէս Արցախի հակամարտութեան կարգաւորման եւ Արցախի կարգավիճակի ճշգրտման բանալի։

168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Փաշինեանի եւ Յարութիւնեանի հանդիպման վերը նշւած շեշտադրումներին, ՀՀԿ Խորհրդի անդամ, Պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը շեշտեց, թէ կողմ լինելով ազգերի ինքնորոշման իրաւունքին՝ տարակուսում է, որ այդ մասին խօսում են այն մարդիկ, որոնք քանդել են հէնց դրա վրայ կառուցւած մի ողջ բանակցային գործընթաց։

«20 տարի եւ աւելի տեւած բանակցային գործընթացի հիմքում էր այդ սկզբունքը։ Աշխարհը, կարծես թէ, արդէն սկսել էր ընդունել դա, կար հսկայական իրաւական եւ քաղաքական բազա, խնդրի հանրաճանաչում, շատ երկրների աջակցութիւն, ինչպէս նաեւ՝ տարածաշրջանային ռազմական բալանս։ Այս ամբողջն աւերելուց յետոյ հիմա եկել ու խօսում են ինքնորոշման իրաւունքից, իսկ դա նման է նրան, որ առաջին դասարանի աշակերտը խօսի քւանտային ֆիզիկայից, այնպէս որ, սա հերթական յայտարարութիւնն է՝ յայտարարութեան համար։

Իրենք աւելի լաւ կանեն՝ արտաբերեն, որ Հադրութն ու Շուշին օկուպացւած են, թէ չէ ոգեւորւել են ԱՄՆ պաշտօնեաների կողմից արւած մէկ-երկու յայտարարութիւններից ու անում են իրավիճակային արտայայտութիւններ, բայց եթէ վաղն իրենց ասեն՝ ինչպէ՞ս էք ձեր ասած այդ ինքնորոշման իրաւունքը իրացնելու, չեն կարողանալու պատասխանել»,- ասաց Արտակ Զաքարեանը՝ ընդգծելով՝ ինքնորոշման իրաւունքի մասին խօսելու իրաւունք չունի նոյն Արայիկ Յարութիւնեանը, որը երկիրը բերել հասցրել է մի իրավիճակի, որ իր հեռացւելուց յետոյ Արցախում այլեւս կարող է հնարաւոր չլինել նախագահական ընտրութիւն անցկացնել։

«Ժողովրդին ողբերգութեան առաջ են կանգնեցրել ու խօսում են ինքնորոշման իրաւունքից, որը, այո՛, ես համարում եմ Արցախի կարգավիճակի լուծման համար շատ կարեւոր»,- ասաց Արտակ Զաքարեանը։

Արայիկ Յարութիւնեանի այցի եւ հերթական փաստաթղթերի ստորագրման միջեւ այս պահին կապ չտեսնող Պաշտպանութեան նախկին փոխնախարարը պնդում է, թէեւ այս կապն այս պահին տեսանելի չէ, սակայն ակնյայտ է, որ սահմանների սահմանագծում եւ սահմանազատում իրականացնելու համար Հայաստանը պէտք է ունենայ անհրաժեշտ դիրքաւորում եւ քաղաքական մեկնարկային վիճակ, ինչը չունի, հետեւաբար, ստորագրւելիք փաստաթուղթը Հայաստանի համար լինելու է յաջորդ կապիտուլեացիան։

«Պարզ է, չէ՞, որ սահմանագծման եւ սահմանազատման ժամանակ առաջանալու են վիճելի հարցեր, պարզ է, չէ՞, թէ ինչո՞ւ են ադրբեջանցիները մտել Հայաստան ու դուրս չեն գալիս։ Վստահ եմ, դուրս չեն գալու նրանք Հայաստանից, իսկ ո՞վ է նրանց մինչեւ հիմա ստիպել նահանջել. Այո՛, ասւել է հայելային յետքաշման մասին, իսկ այդ ասողին մինչեւ հիմա ո՞վ է լսել։ Սիւնիքի շուրջ Ադրբեջանի հետ պայմանաւորւելու են ռազմական բախումնալից իրավիճակ, տագնապ, ժողովուրդն էլ ասելու է՝ թող ստորագրի, ու ստորագրելու է։ Սա է կապիտուլեանտի էութիւնը։ Նա որեւէ հարցի համար քաղաքական պատասխանատւութիւն չի կրել, այնպէս որ, այս կապիտուլեանտի հետ որեւէ մէկը չի պայմանաւորւելու սահմանագծման ու սահմանազատման ժամանակ։

Եթէ Ալիեւը պայմանաւորւի Փաշինեանի հետ ու զօրքը յետ քաշի, ես կասեմ, որ դեբիլի մէկն է, քաղաքականութիւնից որեւէ բան չի հասկանում, որովհետեւ այս աշխարհաքաղաքական խառը բազմաշերտ իրավիճակում չկայ որեւէ կողմ, որը պաշտպանի Հայաստանի շահը, որովհետեւ առաջինը դա չի անում նաեւ իշխանութիւնը»,- ասաց Արտակ Զաքարեանը՝ շեշտելով՝ Հայաստանի շահը հաշւի առնող չկայ նաեւ տարածաշրջանային 3+3 նոր հարթակի ստեղծման փուլում, որովհետեւ առաջին հերթին Հայաստանի իշխանութիւնը արել է այնպէս, որ պաշտօնական Երեւան այլեւս գոյութիւն չունի։

«Մեզ հիմա ասում են՝ եթէ չէք ուզում 3+3 ձեւաչափն աշխատի, ապա իմացէք, որ 3+2-ի աշխատելու դէպքում, միեւնոյն է, ձեր ճանապարհները պէտք է բացէք, ու ինչ անենք՝ ձեր ճանապարհների վրայով էք գնալու-գալու։ Նման իրավիճակը կոչւում է խաղ՝ զրոյական խաղաքարտով։ Հայաստանում կայ մի իշխանութիւն, որը չունի խաղաթուղթ եւ պատրաստ է ծառայել ցանկացած ներքին ու արտաքին ուժերի, միայն թէ իր աթոռը կարողանայ պահել։ Հետեւաբար՝ տարածաշրջանային որեւէ խաղացող որեւէ փաստ, ազդեցութեան եւ կախման կէտ չունեցող Հայաստանի հետ որեւէ պրոյեկտի շուրջ չի քննարկելու որեւէ հարց։ Դա ամենայն լրջութեամբ անում են այդ պրոյեկտին դէմ Վրաստանի հետ, բայց մեզ հետ չեն անի, մինչդեռ ակնյայտ է՝ Հարաւային Կովկասին առնչւող բոլոր հարցերը քննարկւում են արդէն Թուրքիայի հետ, իսկ այս իշխանութիւնը յայտնւել է ենթակայի կարգավիճակում»,- ասաց Արտակ Զաքարեանը՝ ընդգծելով, որ, եթէ անգամ Սիւնիքը հնարաւոր լինի որպէս խաղաքարտ օգտագործել Թուրքիայի եւ Արդբեջանի դէմ, ապա հարց է առաջանում, իսկ ո՞ւմ ձեռքում է այդ խաղաքարտը։

«Ո՞ւմ ձեռքում է. արդեօ՞ք նա ներկայացնում է Հայաստանի շահը, իհարկէ ոչ»,- ասաց Զաքարեանը։

Պաշտպանութեան նախկին փոխնախարարը անդրադարձաւ նաեւ 2020 թւականի 44-օրեայ պատերազմի հանգամանքները քննող յանձնաժողովի ստեղծմանն ու դրա կազմում ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Յովաննիսեանին որպէս փորձագէտ ներառելու հարցին։

«Զաքիր Հասանովին, Ալիեւին էլ թող ներառեն այդ յանձնաժողով, նրանք աւելի յստակ կասեն՝ ինչու եւ ինչպէս եղաւ։ Արծրուն Յովհաննիսեանն ի՞նչ պէտք է ասի, ինչ ասել է՝ բոլորը սուտ են եղել։ Արծրուն Յովհաննիսեանին դարձրել են այս երկրի խոշոր ռազմագէտը։ Հասկանում էք՝ մարդիկ, ովքեր պէտք է պատասխանատու լինեն շատ բաների համար, կարո՞ղ է՝ բռնեն ու ասեն՝ մենք ենք մեղաւոր։ Քարվաճառը, Ակնան, Քաշաթաղը յանձնած իշխանութիւնը արդեօ՞ք պէտք է նստի եւ արդար քննի, թէ ով էր մեղաւոր, ով՝ ոչ։ Իսկ Արծրուն Յովհաննիսեանը, Սամուէլ Բաբայեանը արդեօ՞ք կը մտնէին քննիչ յանձնաժողովի կազմ, եթէ իշխանութիւնը Նիկոլը չլինէր։ Վստահ եմ՝ երբ իշխանութիւնը փոխւեց, Արծրուն Յովհաննիսեանն այնքան բան կը պատմի»,- ասաց Զաքարեանը։

Աղաւնի Սուքիասեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։