Հա

Քաղաքական

06/11/2021 - 11:40

«Աղէտի գլխաւոր պատճառը՝ հակառուսական քաղաքականութիւնն է». Վահան Իշխանեան

Հրապարակախօս Վահան Իշխանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - Հրապարակախօս Վահան Իշխանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Աղէտի գլխաւոր պատճառը՝ հակառուսական քաղաքականութիւնն էր։

Դաշնակցական Իշխան Սաղաթելեանը Պրեսինգ հաղորդմանը տւած հարցազրոյցում ասաց, որ պատերազմի ժամանակ, հանդիպումներից մէկում վարչապետ Նիկոլ Փաշինեանը նեղսրտել է, ասելով թէ Ռուսաստանը իրեն համարում է սորոսական, բայց ինքը սորոսական չի։

Սորոսականը դարձել է հակառուսութեան փոխաբերութիւնը, այսինքն, եթէ որեւէ հակառուս Սորոսի ֆոնդից օգտւած էլ չլինի, միեւնոյն է, նրան անւանում են սորոսական։ Ռուսաստանը՝ Փաշինեանին սորսական անւանելով, նկատի է ունեցել, որ նա հակառուս է, եւ չի սխալւել։

Փաշինեանը մինչեւ իշխանութեան գալն էր աչքի ընկնում ռուսաֆոբիայով, յիշենք որ ասում էր թէ 2016-ի ապրիլեան պատերազմը Ռուսաստանն է հրահրել՝ որ Ադրբեջանին բերի ԵԱՏՄ, ապա նաեւ տիպիկ ռուսաֆոբիական արտայայտութիւն, թէ իբր 1915 թւին ռուսները ծրագրել էին Արեւմտեան Հայաստանը կազակներով բնակեցնել։ Փակագծում նշենք, որ նաեւ Լեւոն Տէր-Պետրոսեանը իր ռուսաֆոբիան, որ խնամքով քողարկում էր, վերջապէս մէջտեղ հանեց հրապարակելով 2016 թւին Գագիկ Յարութիւնեանին ուղղւած մի նամակ, որտեղ ասում է՝«Ռուսաստանը ձգտելու է իր ռազմական ներկայութիւնն ապահովել նաեւ Ադրբեջանում, ինչը, 1920-21թթ․ նման, հնարաւոր է միայն Ղարաբաղի հարցը վերջինիս համար նպաստաւոր պայմաններով լուծելու դէպքում»։

Լեւոն Տէր-Պետրոսեանին ոգեւորւորում է իր «մարգարէացումը», սակայն, մենք գիտենք, աչքներիս առաջ է եղել, թէ ինչ դէպքերի յաջորդականութիւնը ռուս խաղաղապահներին հասցրեց Արցախ, Նիկոլ Փաշինեանի հակառուսական քաղաքականութիւնը, բանակցութիւններն տապալելն ու իր կէտից սկսելը յանգեցրին պատերազմի ու պարտութեան, եւ եթէ Ռուսաստանը չմիջնորդեր, ապա Ստեփանակերտն էլ էր ընկնելու։ Ի դէպ, Տէր-Պետրոսեանը ոչ միայն չէր քննադատում Փաշինեանի «ազգակործան» այդ քաղաքականութիւնը, այլեւ նրան այնպէս ջերմեռանդօրէն էր աջակցում՝ ընդդիմադիրներին անւանելով դաւաճան, եւ միայն պարտութիւնից ու աղէտից յետոյ Փաշինեանից տարանջատւելու համար նրան անւանեց ազգակործան պատուհաս։

Մի նկատառում՝ այն բոլոր քաղաքական ուժերը ու անհատները, որոնք ամէն գնով ձգտում են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարեկամանալ՝ յանուն դրա պատրաստ զոհաբերելու նոյնիսկ Արցախն ու Հայ Դատը, ռուսաֆոբ են՝ լատենտ կամ բացայայտ։ Ինչո՞ւ, քանի որ նրանք համոզւած են որ Ռուսաստանն է միակ խոչընդոտը թուրքական պետութիւնների հետ քիրւայանալու։

Նրանց համոզմունքը՝ կրօնական երանգներ ունի, քանի որ ինչքան էլ նորանոր փաստեր երեւան գան, որ անկախ Ռուսաստանի դերակատարութիւնից Թուրքիան ծաւալապաշտկան հակումներ ունի բոլոր հարեւանների նկատմամբ, նոյնիսկ Եւրոմիութեան երկրների, էլ ուր մնաց իր գլխաւոր թշնամի հռչակած հայերի երկրի վրայ աչք չգցէր՝ Հայաստանի վրայով իր եղբայրական պետութեան հետ միանալու համար, միեւնոյն է, ռուսաֆոբին չես համոզի, նա վստահ է որ Կրեմլում մի կաբինետ կայ, որտեղ առաւօտից երեկոյ մշակում են հայերին զոհելով թուրքերի հետ հարցեր լուծելու ծրագրեր։

Ինչեւէ, Նիկոլ Փաշինեանը իշխանութիւնը գրաւելուց անմիջապէս յետոյ միանգամից սկսեց հակառուսական քաղաքականութիւն։ Յստակ իմանալով որ ՀԱՊԿ-ի քարտուղարի դէմ քրէական գործ յարուցելով կառաջացնի Ռուսաստանի թշնամութիւնը, այսուհանդերձ, յանձնարարեց գործը յարուցել (գաղտնալսւած հեռախօսազրոյցներում ԱԱԾ, ՀՔԾ պետերի եւ վարչապետի, յստակ ասւում է վարչապետին որ Ռուաստանը շատ դժգոհ է այդ գործից։

Կարծես թէ ռուսական յատուկ ծառայութիւններն էին գաղտնալսել դրանք ի պատասխան Խաչատուրովի դէմ յարուցւած քրէական գործի), էլ չասած ռուսական ձեռնարկութիւնների դէմ յարուցւած քրէական գործերը, Եւրոխորհրդում ռուսական պատւիրակութեան ձայնի իրաւունքը վերականգնելու դէմ քւէարկելը (քւէարկողին էլ ԱԺ փոխնախագահ կարգելը), Պուտինի հակառակորդներին քաղաքական ապաստան տալն ու հանրայինի եթեր տրամադրելը։

Ընդհանրապէս, հակառուս քարոզչութիւնը այնպէս է ձեւակերպում պատմական իրողութիւնները, որ թւայ թէ Ռուսաստանը ահաւոր անարդար է վարւել Հայաստանի նկատմամբ։ Պատմութիւնը թողնենք այլ քննարկման, նայենք մեր աչքի առաջ եղածը՝ Հայաստանի իշխանութիւնը ՀԱՊԿ-ի քարտուղար Իւրի Խաչատուրովի դէմ քրէական գործ յարուցելով մեծագոյն անարդարութիւն արեց եւ արդարադատութեան, եւ միջազգային յարաբերութիւնների տեսանկիւնից, որից յետոյ տարօրինակ կը լինէր որ Ռուսաստանը աջակցէր Հայաստանին այնպէս ինչպէս դաշնակցին է վայել։

Յիշենք, որ Փաշինեանը ասում էր թէ Ռուսաստանը պէտք է ադապտացւի Հայաստանի նոր վիճակին։ Պատերազմի ժամանակ ինքն է փորձել ադապտացւել Ռուսաստանին համոզելով, որ ինքը Սորոսի հետ կապ չունի, բայց ապարդիւն, նախ ուշ էր, երկրորդ չես խաբի՝ ինչպէս նշեցինք, սորոսականը հակառուսի փոխաբերութիւնն է դարձել, իսկ Փաշինեանը մոլեռանդ հակռուս է։

Ակնյայտ էր, որ Ադրբեջանի ու Թուրքիայի համար պատերազմի դուռ բացեց այն հանգմանքը որ Հայաստանի ու Ռուսաստանի յարաբերութիւնները փչացել են, շատ պարզ հաշւարկ են արել՝ ճիշտ պահն է յարձակման՝ Հայաստանը վատացել է իր միակ դաշնակցի հետ, ուրեմն միայնակ մնալով՝ չի կարող դիմադրել։

Շատերը հարց են տալիս՝ լաւ, ասենք Քաղաքացիական պայմանագիրը հակառուս կուսակցութիւն է, բայց չէ՞ որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, ինչպէ՞ս թոյլ տւեց, որ այսպէս ահաւոր ձեւով պարտւի։ Նախ, ինչպէս տեսանք, Ռուսաստանը մի քանի անգամ փորձել է կանգնցնել պատերազմը, առնւազն փաստւած է, որ Պուտինը հոկտեմբերի 19-ին առաջարկել է պատերազմը կանգնցնել Շուշին պահելով հայկական վերեհասկողութեան տակ, սակայն Փաշինեանը մերժել է, նաեւ տեղեկութիւններ կան, որ Ռուսաստանը շարունակել է ռազմական օգնութիւն ցուցաբերել։

Կարո՞ղ էր աւելին անել, իհարկէ, բայց ինչո՞ւ անէր։ Ինչպէս մարդկային յարաբերութիւններում է՝ երբ որեւէ ընտանիք թշնամաբար է տրամադրւած մէկ այլ ընտանիքի դէմ, թէկուզ ազգական լինի, միեւնոյն է, այս մէկը նրան չի օգնի ինչքան էլ ծանր վիճակում լինի։ Նոյնն էլ պետութիւնների յարաբերութիւններում է՝ ինչքան էլ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ լինեն, միեւնոյն է, Ռուսաստանը չէր աջակցելու Հայաստանի այն իշխանութեանը որ ակնյայտ հակառուս է, եւ արեւմտեան շահերին է ծառայում, աջակցելով կուժեղացնեն իրենց դէմ աշխատող հակառուսական իշխանութեան դիրքերը։ Իսկ եթէ Հայաստանի իշխանութիւնները վստահելի գործընկերներ լինէին, պատերազմը կամ չէր լինի կամ էլ Ռուսաստանի միջնորդութեամբ կարճ ժամանակում կը կասեցւէր, գումարած որ կը լինէին ռազմական ու մասնագիտական աւելի մեծ օգնութիւններ։

Պարզ է, որ որեւէ երկիր, նաեւ Ռուսաստանը կուզի իր դաշնակիցը լինի հզօր, եւ ոչ թէ պարտւած ու այնքան թոյլ որ հակառակորդների ձեռքին խամաճիկ դառնայ։ Պարզ է, բայց ոչ ռուսաֆոբների համար։

Նիկոլ Փաշինեանը պատերազմի ժամանակ հասկացել է որ իր պատճառով Ռուսաստանը այն աջակցութիւնը չի ցուցաբերում, որ կը լինէր նրա համար վստահելի կառավարութեան դէպքում եւ եթէ մի գրամ հայրենասիրութիւն ունենար, հրաժարական կը տար, եւ իշխանութիւնը կը յանձնէր այնպիսի մէկին ում Ռուսաստանը վստահում է ու կը փրկէր եւ մարդկային կեանքեր եւ հայկական բնակավայրեր։

Ինչեւէ, հրաժարական չտւեց եւ շարունակեց պարտւած երկրի պարտւած ղեկավարի իր հակաառաքելութիւնը՝ յաղթողի առաջ անսպառ զիջումների գնալով արդէն Հայաստանի Հանրապետութեան տարածքներից։

Իսկ Ռուսաստանն էլ, շահագրգռւած իր հարաւային սահմաններում կայունութեամբ, հանդէս գալով որպէս միջնորդ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, ձգտում է հնարաւորինս կայունացնել լարւած վիճակը՝ Փաշինեանի ձեռքը չի բռնելու՝ թէ զիջումներ մի արա։

Այս իրավիճակը օգտագործելով, հակառուսական ուժերը, մանաւանդ Բեւեռը, աւելի սաստկացրել են իրենց քարոզչութիւնը՝ Հայաստանի տարածքներից Փաշինեանի նորանոր զիջումները վերագրելով Ռուսաստանին։ Քարոզչութիւնը այնքան հզօր է որ նոյնիսկ նրանք ովքեր սթափ դատողութիւն ունեն սկսել են մեղադրել Ռուսաստանին։

Բեւեռը գոչում է թէ ռուսական զօրքերը օկուպացրել են Արցախը, այսինքն, ուզում է որ այդ զօրքերը հանեն Արցախից, եւ յետոյ ինչ կը լինի՞, ադրբեջանցիները կը կոտորեն արցախցիներին, կամ էլ եթէ արցախցիները հասցնեն, կարտագաղթեն։ Ահա, հակառուսութիւնը ինչքան անպատասխանատու է, որ մի ամբողջ երկիր իր բնակչութեամբ պարտաստ է զոհել իր հակառուսական կրքերը կամ էլ արեւմտեան կենտրոնների յանձնարարութիւնները բաւարարելու համար։ 2018-ի յեղափոխութեամբ իշխանութեան եկածներն էլ հէնց այդ կրքերի ու յանձնարարականնների զոհը դարձրին Հայաստանն ու Արցախը»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։