Հա

Քաղաքական

07/11/2021 - 13:20

«Միասնական ազգային երազանք չապահովելով՝ մենք մնալու են պարտւած հոգեբանութեամբ․ դա մեր մեծագոյն բացն է». Թեւան Պօղոսեանը՝ պատերազմից մէկ տարի անց հայկական կողմի անելիքների մասին

Պատերազմը դեռ չի աւարտւել, այն դեռ շարունակութեան մէջ է, զինադադարի պայմանաւորւածութիւն է միայն եղել։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, քաղաքագէտ Թեւան Պօղոսեանը՝ ամփոփելով հայկական կողմի անելիքները պատերազմից մէկ տարի անց։

«alikonline.ir» - Պատերազմը դեռ չի աւարտւել, այն դեռ շարունակութեան մէջ է, զինադադարի պայմանաւորւածութիւն է միայն եղել։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, քաղաքագէտ Թեւան Պօղոսեանը՝ ամփոփելով հայկական կողմի անելիքները պատերազմից մէկ տարի անց։

Նա նշեց, որ Հայաստանը թեւակոխել է մեծագոյն ճգնաժամերի փուլ եւ այս մէկ տարւայ ընթացքում կորոնավիրուսով պայմանաւորւած ճգնաժամերին գումարւել են բարոյահոգեբանական եւ անվտանգութեան ճգնաժամերը։

«Ցաւօք սրտի, այս մէկ տարւայ ընթացքում չկարողացանք յաղթահարել ոչ մէկը։ Այսօր ե՛ւ անվտանգութեան ճգնաժամը գոյութիւն ունի, ե՛ւ բարոյահոգեբանական ճգնաժամը, ե՛ւ առողջապահական համակարգի ճգնաժամը, ե՛ւ տնտեսական, սոցիալական դժւարութիւնները, եւ դրան գումարած՝ աշխարհաքաղաքական անհասկանալի շրջապտոյտը, որը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, եւ Հայաստանի իշխանութիւնները չեն կարողանում գտնել այն ճիշտ ուղիները, որոնցով կը կարողանան տանել երկիրը»,- ասաց նա։

Թեւան Պօղոսեանը նկատեց, որ նոյեմբերի 10-ից յետոյ, համաձայն հրադադարի համաձայնութեան, եթէ զօրքերը պէտք է նոյն կէտում կանգնէին, Հայաստանի իշխանութիւնները գնացել են ահաւոր մեծ զիջումների՝ բանաւոր համաձայնութիւններով հողեր յանձնելու։ Նա հարց բարձրացրեց, թէ նոյեմբերի 9-ին որտե՞ղ էին գտնւում հայկական զինւած ուժերը, եւ հիմա որտե՞ղ են՝ յաւելելով, որ հայ ռազմագերիները չեն վերադարձւել։

Թեւան Պօղոսեանը նշեց՝ դիւանագիտական, տնտեսական, տեղեկատւական պատերազմը շարունակւում է:

«Ներքին քաղաքական ճգնաժամն էլ չի յաղթահարւել, հասարակութիւնը աւելի է պառակտւել է»,- ասաց նա եւ նշեց, որ ՀՀ ցանկացած քաղաքացու անելիքներում բացեր է տեսնում, այդ թւում՝ իր։

«Այսօր, երբ գաղափար ես ասում, որ պէտք է կարողանանք ճգնաժամերը յաղթահարենք եւ արտաքին քաղաքականութիւնում մեր շահերից պէտք է յետ չկանգնենք, այդ տեսակի գաղափարի դէպքում մարդիկ ասում են՝ ի՞նչ, էլի պատերա՞զմ էք ուզում, ո՞վ է գնալու կռւելու, հէնց մարդ այդպէս է ասում, դա նշանակում է, որ ինքն այլեւս քաղաքացի չի, քանի որ իւրաքանչիւր քաղաքացի հասկանում է, որ իր պարտականութիւնն է նպաստել անվտանգութեանը, քաղաքացին է երկիրը պաշտպանում։ Միայն այդ հարցի առաջացումը նշանակում է, որ մենք չձեւաւորւեցինք ո՛չ քաղաքական ազգ, ո՛չ էլ քաղաքացիներ, որ խօսենք պետականութեան մասին»,- ասաց Պօղոսեանը:

Թեւան Պօղոսեանն ընդգծեց՝ ուսումնասիրելով շատ երկրների պատմութիւնները, որտեղ եղել են մեծագոյն պարտութիւններ, կապիտուլեացիաներ, փորձում է տեսնել՝ ինչպէս են յաղթահարել եւ հասկանում, որ ամենագլխաւոր խնդիրներից մէկը ազգային երազանք ձեւաւորելն է։

«Մենք չենք խօսում մեր ազգային երազանքի համար, որ մեր գալիք սերունդների համար ամէն ինչ պէտք է անել, որ Շուշին, Հադրութը, Մատաղիսը, Թալիշը, Շահումեանը, Քարվաճառը, բոլորը կարողանանք վերականգնել, իսկապէս գնալու ենք այդ ուղղութեամբ։ Այս պարագայում մեծագոյն բացը միասնական ազգային երազանք ունենալն է, որը չապահովելով՝ մենք մնալու են պարտւած հոգեբանութեամբ»,- ասաց նա եւ նկատեց, որ 1994 թւականին էլ կար զինադադարի համաձայնագիր, բայց թշնամին չյանձնւեց։

Ըստ նրա՝ ազգային երազանքին հասնելու առաջին քայլերից մէկն է, որ մարդիկ մտածեն՝ «եթէ ինձ մօտ չի ստացւում, ես պէտք է հեռանամ, եւ գայ ուրիշը, ում մօտ կը ստացւի»։

«Պարտւած իշխանութիւնը յանուն հայրենիքի, յանուն սերունդների պէտք է հեռանայ։ Իրենք էլ են լինելու, իրենք էլ են ապագայում ձեւաւորւելու, բայց պէտք է գնան, որ բաժանարար գիծը չլինի»,- յաւելեց նա։ 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։