Հա

Քաղաքական

09/11/2021 - 09:35

«Թոյլ չենք տալու, որ հային դարձնէք անհայրենիք քոչւոր, դիմադրելու ենք»․ Արթուր Խաչատրեան

Ներկայացնում ենք ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանի ելոյթը Ազատութեան հրապարակում «Հայաստան» դաշինքի կազմակերպած դիմադրութեան հանրահաւաքի ժամանակ:

«alikonline.ir»- Ներկայացնում ենք ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանի ելոյթը Ազատութեան հրապարակում «Հայաստան» դաշինքի կազմակերպած դիմադրութեան հանրահաւաքի ժամանակ:

«Համարեայ քառորդ դար առաջ Հայաստանի հասարակական քաղաքական օրակարգն ականապատւեց մի ազգակործան ու դաւադիր գաղափարով․ «Սերգօ ջան, լաւ չես ապրի՝ քանի Ղարաբաղի հարցը չի լուծւել»։ Ընդ որում, «Ղարաբաղի հարցի լուծում» ասելով՝ նկատի չի առնւել ո՛չ Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչումը, ոչ էլ վերամիաւորումը մայր Հայաստանի հետ։

Այդ յայտարարութեամբ սկիզբ դրւեց Արցախը եւ տնտեսական բարեկեցութիւնը հակադրելու քաղաքականութեանը, Արցախի ու Հայաստանի շահերը հակադրելու քաղաքականութեանը, ղարաբաղցիներին ու հայաստանցիներին իրարից զանազանելու ու նոյնիսկ իրար թշնամացնելու քաղաքականութեանը։ «Լաւ չես ապրի՝ քանի Ղարաբաղի հարցը չի լուծւել»․ տարիներ շարունակ կաթիլ առ կաթիլ թունաւորում էին մեր հանրային միտքը։

Այսօր Արցախի մի զգալի մասը՝ առաւել քան 70 %-ը, թուրքին է տրւել։ Լա՞ւ ենք ապրում։ Քաղաքական իշխանութիւններն ասում են․ «զարգացման, նոր հնարաւորութիւնների դարաշրջան է բացւում»։ Պիտի Արցախի մեծ մասը տայի՞ք, որ նոր հնարաւորութիւնների դարաշրջան բացւէր, Հադրութն ու Շուշին, Քարվաճառն ու Քաշաթա՞ղն էին խանգարում ձեր նոր հնարաւորութիւնների իրագործմանը։ Տնտեսական յեղափոխութիւն էին խոստանում, կապիտուլեացիա՞ն էր ձեր տնտեսական յեղափոխութեան հիմքը։

Խոստացած տնտեսական յեղափոխութեան արդիւնքները աչքներիս առաջ է՝ գները շարունակում են աճել․ անցեալ տարւայ հոկտեմբերի համեմատ այս տարւայ հոկտեմբերին գներն աճել են 9,1%-ով, սննդամթերքը թանկացել է 16%-ով, հագուստն ու կոշիկը՝ 11,7%-ով։ Ընդ որում, բանջարեղենը, ներառեալ կարտոֆիլը, որը կազմում է մեր բնակչութեան սննդակարգի զգալի մասն, անցեալ տարւայ համեմատ թանկել է մօտ 70%-ով, կաթնամթերքը՝ մօտ 12%-ով, հացը, ձաւարեղենն ու ալիւրը համապատասխանաբար թանկացել են 11, 17.3 եւ 7.2%-ով։ Յիշեցնեմ, որ մեր սպառած ցորենի զգալի մասն Արցախից էր գալիս։ Հիմա այդ արտերի հացը թուրքերն են ուտում։

Երբ իշխանութիւններին գնաճի մասին հարց ես տալիս՝ սկսում են չքմեղանալ, թէ բա՝ մենք ի՞նչ անենք, ամբողջ աշխարհում են գները բարձրացել։ Բա եթէ դուք բան չէք կարող անել, բա ինչի՞ համար էք։ Թուրքը մխրճւում է մեր տարածք՝ բան չէք կարող անել, գներն աճում են՝ բան չէք կարող անել։ Լաւ, ՀՀ իշխանութիւններ, մի հատ կողմնորոշւէք՝ դուք ի՞նչ էք կարող անել բացի հանճարեղ մտքեր յայտնելուց։ Երկնիշ տնտեսական աճ խոստացած Էկոնոմիկայի նախարարը մարտին տնտեսական ակտիւութեան ցուցանիշի անկումը բացատրում էր նրանով, որ 2020 թւականը նահանջ տարի էր։ Հիմա էլ առաջարկում է հանգստեան օրերը կրճատել, որ մարդիկ քիչ սպառեն, որ գնաճը չմեծանայ․․․․ է, միանգամից շաբաթ-կիրակին էլ աշխատանքային սարքէք, մարդկանց գլխին էլ լապտեր կապէք, որ գիշերներն էլ աշխատեն։ Աշխատավարձ էլ մի տւէք։ Մարդիկ փող չեն ունենայ, ոչինչ չեն սպառի, գները չեն աճի։

Իշխանութիւնների անգործութեան եւ ձախող տնտեսական քաղաքականութեան հետեւանքով 2021 թ.-ին Հայաստանում աղքատութիւնն աճել է 7 տոկոսային կէտով՝ Համաշխարհային բանկի գնահատականով։ Բայց իշխանութիւններն անմեղ են։ Փաշինեանն ասել է, որ աղքատութիւնը մարդկանց ուղեղում է, այնպէս որ եթէ աղքատ էք, դուք էք մեղաւոր, կառավարութիւնն ի՞նչ անի․․․ մանաւանդ որ փող էլ չունի, որ նպաստներն ու թոշակները բարձրացնի։ Այլ ծախսերի համար կայ, բայց նպաստի ու թոշակի համար չկայ։ Փող չկայ, բայց դիմացէք․․․ սա է մեր կառավարութեան մօտեցումը, իրական դէմքը։

Ներդրումներ չեն յորդում՝ ինչպէս ոմանց աչքին երեւացել էր։ Երկրի ներքին ու արտաքին անկայունութիւնը, քաղաքական ղեկավարի մանիպուլյացիաները, քաոսը չեն նպաստում ներդրումների աճին։ 2021 թ․ առաջին կիսամեակում օտարերկրեայ ուղղակի ներդրումները կազմել են ընդամենը 42.8 մլն ԱՄՆ դոլար։ 2021 թ․ 2-րդ եռամսյակում ուղղակի ներդրումների զուտ միջազգային դիրքը կազմել է ընդամենը 518 մլն ԱՄՆ դոլար։ Համեմատութեան համար ասեմ, որ 2018-ի երկրորդ եռամսեակում, երբ Փաշինեանը դարձաւ վարչապետ, մեր դիրքը կազմել է 677 մլն ԱՄՆ դոլար։ Ահա այսպիսի տնտեսական յեղափոխութիւն։ Եւ պէտք չէ զարմանալ, որ մարդիկ Հայաստանից հեռանում են։ 2021թ․ 2-րդ եռամսեակում աշխատանքային ռեսուրսները նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ կրճատւել են, աշխատուժի առաջարկը կրճատւել է, զբաղւածների թիւը կրճատւել է։ Կրճատւել է նաեւ գործազուրկների թիւը ․․․ կրճատւել է, որովհետեւ Հայաստանում աշխատանք գտնելու յոյսը կորցնելով՝ մարդիկ լքել են երկիրը։ Յունւար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից հեռացել է հայկական անձնագիր ունեցող 103,571 քաղաքացի։ Կը հարցնէք՝ լաւ, բա հեչ ոչ մի բան չի աճե՞լ։ Աճել է․․․ արտաքին պարտքը։ Արտաքին պարտքից միշտ բողոքող Փաշինեանը երկիրը խորը թաղեց պարտքերի մէջ։

Տնտեսութիւնը կործանման եզրին հասցրած կառավարութիւնը գալիք տարի 7-9 %-ոց տնտեսական աճ է խոստանում ապահովել։ Ցանկանում են պարտութեան դառնութիւնը փոխհատուցել տնտեսական աճի քաղցրութեամբ։ Ինչի՞ հաշւին։ Ասում են՝ կապիտալ ծախսերի աննախադէպ աճ։ Դուք նոյնիսկ փոքր ծաւալները չէք կարողանում իրացնել, չակերտաւոր «աննախադէպն» ինչպէ՞ս էք իրացնելու։ Թէ՞ յոյս ունէք, որ ճամփաները կը բացէք, թուրքերի հետ սիլի-բիլի կանէք ու թուրքերը ներդրումներ կանեն։ Իշխանութեան շատ ներկայացուցիչներ իրենց այդ յոյսերը չեն էլ թաքցնում՝ թուրքերը կը գան, փող կը լցնեն, մարդիկ ուրախ ու երջանիկ կապրեն, բիզնեսը կը ծաղկի։ Բայց արի ու տես, որ իշխանութիւնները թուրքական սիրախաղի տնտեսական ազդեցութեան գնահատականն էլ չեն արել։ Պարզ հաշւարկ էլ չունէք։ Թէ՞ յոյս ունէք Ամուլսարը շահագործել, երկու կոպեկի համար ժողովրդին ու երկիրը թունաւորել։ Դա էլ չեն ժխտում․․․ բայց ամենակարեւորը չեն խոստովանում՝ էլի պարտք են վերցնելու, մեծացնելու են մեր պարտքի բեռը։ Կարծում էք եւրոպական 2.6 մլրդ եւրոն նւէ՞ր է լինելու։ Միամիտ մի եղէք․ եթէ հինգ տարիների ընթացքում այդ գումարը գայ, դրա զգալի մասը վարկ է լինելու։ Պարտք կը վերցնեն, զգալի մասը կուղղեն ճանապարհների ասֆալտապատմանը։ Լաւ ճանապարհը լաւ բան է։ Իսկ այդ ծրագրերի տնտեսական ազդեցութիւնը հաշւարկե՞լ էք, հաշւե՞լ էք՝ արդեօք կը կարողանանք պարտքը վերադարձնել, թէ՞ մեր երեխաներին թողնելու էք հոշոտւած, տարածքներ կորցրած, դատարկւող ու պարտքերի տակ կքւած հայրենիք։ Ո՛չ, թոյլ չենք տալու, որ երկիրը կործանէք, իսկ հային դարձնէք անհայրենիք քոչւոր։ Դիմադրելու ենք ու կերտելու ենք հզօր ու յաղթական Հայաստան»,- իր ելոյթում ասաց Արթուր Խաչատրեանը։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։