Հա

Քաղաքական

09/11/2021 - 09:50

«Պայքարի բարիկադներում ես ձեր կողքին, ձեր առջեւ կանգնած եմ լինելու». Ռոբերտ Քոչարեան

Պատերազմի վերաբերեալ ուզում եմ ներկայացնել մի քանի անհերքելի, անժխտելի փաստ. Առաջին, այս իշխանութիւնը արեց ամէն ինչ պատերազմը անխուսափելի դարձնելու համար: Ազատութեան հրապարակում «Հայաստան» դաշինքի հրաւիրած հանրահաւաքի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը:

«alikonline.ir» - Պատերազմի վերաբերեալ ուզում եմ ներկայացնել մի քանի անհերքելի, անժխտելի փաստ. Առաջին, այս իշխանութիւնը արեց ամէն ինչ պատերազմը անխուսափելի դարձնելու համար: Ազատութեան հրապարակում «Հայաստան» դաշինքի հրաւիրած հանրահաւաքի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը:

«Ձախողեց բանակցային գործընթացը, հարցի քննարկումը տեղափոխեց տարածքային ամբողջականութեան դաշտ, ըստ էութեան հրահրեց պատերազմ: Փաստ երկրորդ. Այս իշխանութիւնն արեց ամէն ինչ այս պատերազմում պարտւելու համար: Գիտակցաբար, թէ ոչ, այլեւս կարեւոր չէ, իսկ սխալ քայլերով յիմարութիւններով: Պարտութիւնը սկսւել է աւելի շուտ, երբ սկսեցին հետապնդել հերոսներին, սկսեցին գլխատել բանակը, կադրային ջարդ իրականացնել բանակում: Իրենց պէտք ր ոչ թէ մարտունակ բանակ, այլ պէտք էր իրենց հաւատարիմ բանակ: Երբեք ոչ մի բանակ, որը հաւատարիմ է մէկ մարդու, չի կարող լինել մարտունակ:

Փաստ երրորդ, ամբողջ 44 օրւայ ընթացքում մենք մենակ ենք մնացել պատերազմի ժամանակ: Դիւանագիտական լիարժէք ձախողում է եղել: Ոչ մի երկիր չի դատապարտել պատերազմ սկսող պետութեանը: Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ երբեք այսպիսի բան չի եղել: Բա մէկը չկա՞ր, զանգէիր ասէիր՝ մի դատապարտող մի բան ասա պատերազմ սկսողին: Էս ի՞նչ վիճակում էք յայտնւել: Հիմա այդ մարդիկ խաղաղութեան դարաշրջան են ուզում բացել տարածաշրջանում: Ձեր հալը հալ չի նման ծրագրեր իրականացնելու համար»,- յայտարարեց Քոչարեանը:

Նրա խօսքով, ամենից անհասկանալին այն էր, երբ Հայաստանը դատապարտւեց Գեանջային հարւած հասցնելու համար. «Փաստ 4-րդ. Պատերազմը կանգնեցնելու հնարաւորութիւնը կար հոկտեմբերի 19-ին, որոշ տւեալներով նաեւ հոկտեմբերի 7-ին: Այդ հնարաւորութիւնը մերժեց յանցաւոր բացատրութեամբ: Ուրեմն բոլոր այդ օրերից յետոյ բոլոր զոհւածների մեղքը այս իշխանութեան խղճի վրայ է: Կարող եմ շատ այլ փաստեր բերել, բայց այսքանը բաւարար է: Այս փաստերն ամրացւած են պաշտօնեաների խոստովանական ելոյթներով, յայտարարութիւններում: Իրենք պատասխան են տալու այս ամէն ինչի համար»,- ընդգծեց ՀՀ երկրորդ նախագահը:

Այն, ինչ կատարւեց երկրի հետ, Ղարաբաղի հետ, կատարւեց մի իշխանութեան կողմից, մի քաղաքական խմբակի կողմից, որոնք իշխանութեան գալուց խոստացել են թռիչքաձեւ տնտեսական աճ. Ստացել ենք թռիչքաձեւ գների աճ:

«Խոստացել են անզիջում պայքար մենաշնորհների եւ օլիգարխիայի դէմ: Ստացել ենք նոր մենաշնորհների ձեւաւորում, նոր օլիգարխիաների կայացում:

Խոստացել են բարգաւաճում, ներդրումներ, ստացել ենք աղքատութեան թռիչքաձեւ աճ:

Խոստացել են ներգաղթ, ասում էին՝ ամբողջ աշխարհից հայերը գալու են Հայաստան: Ստացել ենք թռիչքաձեւ աճ արտագաղթի:

Խոստացել են կոռուպցիայի եւ թալանի դէմ պայքար, այսօր իրենք թալանի առաջատարներն են: Այսօր մտել են ձեր բոլորի գրպանը, փող են դիզում գնաճի վրայ, կորոնավիրուսի վրայ, մահերի վրայ, հիւանդների վրայ: Քերթում են ինչ հնարաւոր է քերթել: Ղարաբաղում ասում են՝ ձւից մազ են խուզում: Այդ աստիճանի են խրւել ժողովրդի թալանի գործում»,- ասաց Քոչարեանը:

«Արդեօք պատրաստ ենք այս ամէնը հանդուրժել, արդեօք պատրաստ ենք ընդունել, որ ՀՀ-ում թռիչքաձեւ աճ է ունենում միայն զոհերի թիւը, մահերի թիւը, գերեզմանների թիւը, աղքատութիւնը: չենք կարող հանդուրժել: Սա է իրավիճակը եւ սրա դէմ մենք դուրս ենք եկել ուղիղ պայքարի»,- ասաց նա:

Առաջին պատերազմում յաղթելուց յետոյ մեր բանակցային դիրքերը հիմնւած էին մեր յաղթանակների վրայ։ Սա անվտանգութեան գօտի է Լեռնային Ղարաբաղի շուրջ, 7 շրջան, Հայաստանի մարտունակ բանակ եւ այն փաստը, որ Հայաստանը ԼՂ անվտանգութեան երաշխաւորն է ասաց Ռոբերտ Քոչարեանը։

«Հայաստանի եւ Արցախի միջեւ ընդհանուր սահման կար Վարդենիսից մինչեւ Արաքս։ Սա մեզ ուժ էր տալիս բանակցային գործընթացում։ Քայլ առ քայլ մենք հասնում էինք դիւանագիտական յաղթանակների. Այս բոլոր առաւելութիւնները, դրանք այլեւս չկան։ Մի մարդ որոշեց, որ բանակցութիւնները սկսելու է զրոյական կէտից եւ պետք է զրոյացնի մեր բոլոր դիւանագիտական յաղթանակները, որոնք ձեռք ենք բերւել ռազմի դաշտում յաղթանակներով»,- ընդգծեց Քոչարեանը՝ տարակուսելով, թէ ինչպէս կարելի է հիմա բանակցել։ «Բանակցութիւնները յաջողւած են լինում, երբ հիմնւած են փոխզիջումների վրա: Հիմա ի՞նչ փոխզիջումների մասին է խօսքը»։

Նախկին նախագահը շեշտը դրեց սահմանազատման գործընթացում թաքնւած սպառնալիքների վրայ։ «Խոսւում է նաեւ Սիւնիքի երկայնքով սահմանազատման մասին, արդէն հասել ենք Սիւնիք՝ միջանցքին։ Ի՞նչ վտանգներ կան այստեղ: Սահմանազատում նշանակում է, որ դու ուղղակիօրէն կամ անուղղակիօրէն, բայց փաստացի ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը։ Եւ ֆիքսում ես Ղարաբաղի անկլաւային վիճակը Ադրբեջանի ներսում։ Սա Ղարաբաղի հարցի կարգաւորման վերջն է։ Սա նշանակում է մէկ որոշում՝ Ադրբեջանի կազմում։ Սահմանազատումը այլ լուծում չի թողնում: Այսպիսին է իրականութիւնը։ Սահմանազատումից յետոյ Ադրբեջանը ցանկացած պահի Հայաստանն ու Արցախը կապող ճանապարհին սահմանային անցակէտ ստեղծելու եւ ամբողջութեամբ տեղաշարժը վերահսկելու օրինական իրաւունք կը ստանայ։ Ճիշտ այնպէս, ինչպէս արեց Գորիս-Կապան ճանապարհին։ Եւ նրան ոչ ոք չի կարող խանգարել, քանի որ դա օրինական քայլ կը լինի։

Ուստի բացառւում է նման փաստաթղթի ստորագրումը, բացառւում է գործընթացի սկիզբը, որի արդիւնքում կը յաւերժացւի կապիտուլեացիան եւ կը կանխորոշւի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»,- ընդգծեց Քոչարեանը։ Նրա խօսքով, սա այն է, ինչ պէտք է անի Հայաստանը. Ռիսկերը չեէզոքացնելու մէկ ճանապարհ կայ՝ կարգավիճակի, սահմանազատման, անվտանգութեան, Հայաստան-Արցախ միջանցքի հետ կապւած բոլոր մարտահրաւէրները դիտարկել մէկ փաթեթում։ Այլ ճանապարհը կործանարար է, ընդգծեց Քոչարեանը։

Անդրադառնալով ընդդիմութեան անելիքներին, երկրորդ նախագահն ասաց, որ իրենց խնդիրն է համոզել ժողովրդին, ցոյց տալ, որ իրենց խաբել են, որ այս իշխանութիւնը դաւաճանել է սեփական կարգախօսներին: «Մենք բոլորս պէտք է միաւորւենք, պէտք է այս դիմադրութեան շարժմանը ուժ հաղորդենք ամէն մէկն իր հնարաւորութիւնների չափով. «Սա երկար չի տեւելու, շաբաթների, ամիսների հարց է լինելու; Ամէն ինչ կախւած է ձեզնից, այստեղ կանգնած իւրաքանչիւր ՀՀ քաղաքացուց»,- ընդգծեց նա եւ սկսեց վանկարկել՝ «Հայաստան, Հայաստան»:

«Պայքարելու ենք եւ վստահ եղէք, սրանց մենք վռնդելու ենք կամ բարիկադներով, կամ ընտրութիւններով: Այդ բարիկադներում ես ձեր կողքին, ձեր առաջին կանգնած եմ լինելու: Ամէն ինչ լաւ է լինելու»,-ասաց Քոչարեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։