Հա

Քաղաքական

09/11/2021 - 12:20

Պաշտօնական Ստեփանակերտի դիրքորոշումն ու ժողովրդի կամքն անփոփոխ են. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն յայտարարութիւն է տարածել, որում ասւած է․

«alikonline.ir» - Արցախի ԱԳՆ-ն յայտարարութիւն է տարածել, որում ասւած է․

«Մէկ տարի առաջ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի Դաշնութեան միջնորդական ակտիւ ջանքերի շնորհիւ ստորագրւել է Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի եռակողմ յայտարարութիւնը։ Այն թոյլ է տւել վերջ դնել Թուրքիայի, միջազգային վարձկանների եւ Մերձաւոր Արեւելքից ահաբեկիչների ուղղակի ռազմական մասնակցութեամբ Ադրբեջանի կողմից Արցախի դէմ սանձազերծւած 44-օրեայ զինւած ագրեսիային, ինչպէս նաեւ հիմք է հանդիսացել Արցախի տարածք Ռուսաստանի խաղաղապահ զօրակազմի մուտքի համար՝ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան գօտում խաղաղութեան պահպանման նպատակով։ Եռակողմ յայտարարութիւնը կարեւոր նշանակութիւն ունի Արցախի Հանրապետութեան յետպատերազմեան վերականգնման համար պայմանների ապահովման տեսանկիւնից։

44-օրեայ աւերիչ ագրեսիայի արդիւնքում Ադրբեջանն օկուպացրել է Արցախի Հանրապետութեան տարածքների զգալի մասը, այդ թւում՝ պատմամշակութային կենտրոն Շուշի քաղաքը։ Մարտական գործողութիւնների ընթացքում ադրբեջանական բանակը բազմաթիւ ռազմական յանցագործութիւններ է կատարել, այդ թւում՝ քաղաքացիական օբիեկտների դիտաւորեալ թիրախաւորում, ռազմագերիների եւ գերեվարւած քաղաքացիական անձանց խոշտանգումներ եւ արտադատական սպանութիւններ, էթնիկ զտումներ, պատմամշակութային յուշարձանների եւ եկեղեցիների դիտաւորեալ աւերում եւ ոչ ընտրողական բնոյթի զէնքի կիրառմամբ բնակավայրերի թիրախաւորում, ինչն արգելւած է միջազգային իրաւունքով։

Նոյնիսկ 2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան ստորագրումից յետոյ Ադրբեջանը չդադարեցրեց միջազգայնօրէն ապօրինի գործողութիւնները, մասնաւորապէս, շարունակեց ագրեսիւ, յարձակողական գործողութիւնները, զինւորականների եւ քաղաքացիական անձանց գերեվարումը, դիտաւորեալ սպանութիւնների իրականացումը, եկեղեցիների եւ, ընդհանրապէս, հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացումն օկուպացւած տարածքներում։

Այդ կապակցութեամբ անհրաժեշտ է ընդգծել, որ Ադրբեջանի կողմից ռազմական ուժի ապօրինի կիրառման, սեփական միջազգային պարտաւորութիւնների կոպտագոյն խախտման, միջազգային մարդասիրական իրաւունքի եւ մարդու իրաւունքների նորմերի համակարգւած եւ զանգւածային ոտնահարումների հետեւանքով ստեղծւած իրավիճակը չի կարող հիմք հանդիսանալ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման համար:

Յայտնի է, որ միջազգային իրաւունքի նորմերն արգելում են ճանաչել ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառման արդիւնք հանդիսացող ցանկացած տարածքային նւաճում։ Աւելին, ուժի կիրառումը չի կարող չեղարկել միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքներից մէկը՝ ժողովուրդների իրաւահաւասարութիւնն ու ինքնորոշումը, որն ամրագրւած է ՄԱԿ-ի Կանոնադրութեան մէջ եւ այլ հիմնարար միջազգային փաստաթղթերում։

Պաշտօնական Ստեփանակերտի դիրքորոշումն ու Արցախի ժողովրդի կամքն անփոփոխ են։ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան համապարփակ կարգաւորման եւ տարածաշրջանում կայուն ու տեւական խաղաղութեան հաստատման անկիւնաքարը Արցախի ժողովրդի կողմից իրացւած ինքնորոշման անքակտելի իրաւունքի ճանաչումն է եւ այն տարածքների դէօկուպացիան, որոնց վրայ արցախահայութիւնն ինքնորոշւել է, ստեղծել անկախ պետականութիւն եւ զարգացրել այն»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։